Հայաստանում նշվեց Մանկական գրքի միջազգային օրը

1967 թվականից Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ և որոշմամբ, դանիացի մեծ մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը՝ ապրիլի 2-ին, աշխարհը նշում է Մանկական գրքի միջազգային օրը: Մանկական գրքի միջազգային օր հռչակելու նախաձեռնությունը պատկանում է հայտնի գերմանացի գրող Յելե Լեպմանին։

Երկու տարին մեկ այդ օրը IBBY-ն Հ․ Ք․ Անդերսենի անվան մրցանակ է հանձնում մանկագիրներին, մանկական գրքերի նկարիչ պատկերազարդողներին։ Կազմակերպության գրողներից և նկարիչներից որևէ մեկը դառնում է երեխաներին ուղղված ուղերձի և պաստառի հեղինակ։ Հետագայում այդ ուղերձն ու պաստառը IBBY -ի կողմից օգտագործվում է այլ երկրներում։

Մանկական գրքի միջազգային օրվա նպատակն է նաև մանկական գրականության, գրքարվեստի ու երեխաների համար գրքային մշակույթի, մանկական գրքերի հասանելիության խնդիրների և մանկական ընթերցանության տարածման հանդեպ սեր առաջացնելը, ուշադրություն գրավելը:

Մանկական գրականության արմատները գալիս են հին ժամանակներից, երբ տպագրությունը գոյություն չուներ։ Ինչպես գիտենք, մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հայտնի էր որպես «Մանկական գրականության ոսկե դարաշրջան»։ Դարաշրջանն այդպես է կոչվում, որովհետև հենց այդ ժամանակ են լույս տեսել բազում դասական մանկական գրքեր։ Մինչև 17-րդ դարի կեսերը երեխաներին հեքիաթներ էին պատմում, իսկ 17-րդ դարից երեխաներն արդեն կարդում էին այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսիք են Դ. Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» և Ջ. Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները»: Շատ տարածված էին արևելյան հեքիաթների ժողովածուները։ Միայն 19-րդ դարում հայտնվեցին հատուկ երեխաների համար գրված ստեղծագործություններ։ Ժամանակի հայտնի մանկագիրների թվում էին Գրիմ եղբայրները և Հ.Ք. Անդերսենը, որը հսկայական ներդրում է ունեցել մանկական գեղարվեստական ​​գրականության ստեղծման գործում։

Տոնի առթիվ տարբեր երկրներում կազմակերպվում են մանկական գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, շրջայցեր։ Հայաստանում էլ մանկական գրականության տարածմանն ուղղված մի շարք միջոցառումներ էին այս տարի կազմակերպվել։ Ահա, օրինակ, Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը։

Այս տարի տոնին ընդառաջ՝ մարտի 31-ից ապրիլը 4-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կազմակերպել էր Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը։ Նախագծի շրջանակում օրերս կազմակերպվել էր ցուցահանդես «Ժամանակակից գրողներ» խորագրով, ճապոներեն գրքերի նվիրատվություն։ Միջոցառման մեկնարկը տրվեց Գրողների միության պուրակում կազմակերպված բացման արարողությամբ։ Կազմակերպվել էր նաև դաս-պարապմունք նվիրված մայրենի լեզվին, որի վարողն էր հայ մանկագիր, սցենարիստ, խմբագիր, Լեզվի կոմիտեի լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Երազիկ Գրիգորյանը։ Իսկ հենց Մանկական գրքի միջազգային օրը՝ գրադարանը ևս մեկ անակնկալ էր խոստացել՝ «Ժամանակակից հեքիաթների աշխարհում» թատերական բեմականացման տեսքով։

Տոնի խորհրդով՝ վերհիշենք նաև ճապոնացի նշանավոր գրող և Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակակիր Էյկո Կադոնոյի նամակը աշխարհի բոլոր երեխաներին:

«Պատմությունները ճախրում են թևերի վրա,
Քո սրտի ուրախ զարկերը լսելու երազանքով:
Ես թափառական պատմություն եմ։ Ես թռչում եմ ամենուր:
Քամու թևերի վրա, ալիքների թևերի վրա, երբեմն էլ ավազի փոքրիկ թևերի վրա: Իհարկե, ես ճանապարհորդում եմ չվող թռչունների թևերով։ Եվ նույնիսկ ռեակտիվ ինքնաթիռների։
Ես նստում եմ քո կողքին։ Երբ ես բացում եմ էջերը, ես ձեզ պատմում եմ այն ​​պատմությունը, որը ցանկանում եք լսել:
Ցանկանու՞մ եք լսել տարօրինակ պատմություն:
Ի՞նչ կասեք տխուր, վախկոտի կամ զվարճալիի մասին։
Եթե ​​հիմա լսելու ցանկություն չունեք, լավ է: Բայց ես գիտեմ, որ մի օր դու կցանկանաս։ Եվ երբ դա տեղի ունենա, պարզապես կանչիր. «Թափառող պատմություն, արի այստեղ», «Նստիր իմ կողքին»,
և ես անմիջապես կթռչեմ քեզ մոտ:
Ես այնքան շատ պատմություններ ունեմ կիսվելու:
Ի՞նչ կասեք մի փոքրիկ կղզու մասին, որը հոգնել է մենակ մնալուց, լողալ սովորելուց և ընկեր փնտրելուց:
Կամ առեղծվածային գիշերվա հեքիաթներ, երբ երկինք բարձրացան երկու լուսիններ:
Կամ ինչպես է Ձմեռ պապը կորել։
Օ, ես լսում եմ, որ ձեր սիրտը ավելի արագ է բաբախում:
Թակ-թակ, բում-բում, թադում-թուդում:
Այս թափառաշրջիկ պատմությունը թափանցեց հոգիդ ու բաբախեց սիրտդ։
Հաջորդ անգամ դու ինքդ կդառնաս նա՝ բացելով թևերդ թռչելու համար:
Եվ այսպես, մի ​​նոր թափառական պատմություն է ծնվում»։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 172

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: