Ամփոփվեց «Ռուսական կինոյի փառատոն 2025»-ը

Երևանում ամփոփվեց «Ռուսական կինոյի փառատոն 2025»-ը, որի շրջանակում ցուցադրվեցին հինգ ֆիլմեր։ Ֆիլմերը ցուցադրվում էին Երևանում` «Կինոմոսկվայում»: Հայաստանում փառատոնը բացվեց «Խորհրդային Միության սերը» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որը մեծ հարգանք և սեր էր վայելում ողջ հետխորհրդային տարածքում։ Փառատոնի կազմակերպիչը «Ռոսկինո»-ն է՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մինչ այս «Ռոսկինո»-ն մշակույթի նախարարության աջակցությամբ 2022-2023 թվականներին ևս Հայաստանում կազմակերպել էր ռուսական կինոյի փառատոներ:
«Ռոսկինոյի» գլխավոր տնօրեն Էլզա Անտոնովան իր խոսքում շնորհակալություն հայտնեց փառատոնի մասնակիցներին և հյուրերին:
«Մեր փառատոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Հայաստանում այլ պետությունների դեսպաններ, հայկական կինոարտադրության, ստեղծագործական և գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ: Դա հաստատում է մշակութային ոլորտում համագործակցության զարգացման մեծ ներուժը, միջպետական գործընկերության և երկխոսության կարևորությունը»,- նշում Էլզա Անտոնովան:
2025 թվականին ռուսական կինոփառատոները տեղի են ունենում Մեծ Հայրենական պատերազմի 80-ամյակի միջոցառումների շրջանակներում: Ռուսաստանի Կինեմատոգրաֆի և մշակույթի թվային զարգացման վարչության տեղակալ Աննա Տերեխովայի խոսքով՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում Հայաստանի ժողովրդի ներդրումը դժվար է գերագնահատել, ուստի նորկայացնում են նաև երկու պատերազմական դրամա` «Պոդոլսկի կուրսանտները» և «Առաջին Օսկարը»:
«Պոդոլսկի կուրսանտները» ֆիլմի ռեժիսորը Վադիմ Շմելևն է, այն պատմում է 1941 թվականի հոկտեմբերին Մոսկվայի մերձակայքում երիտասարդ կուրսանտների սխրանքի մասին։ Ֆիլմն ավելի քան 30 մրցանակ է ստացել ռուսական և միջազգային կինոփառատոներում։ Ֆիլմի ցուցադրման իրավունքները վաճառվել են Ճապոնիային, Հարավային Կորեային և մի շարք այլ երկրների:
Փառատոնի շրջանակում Երևան ժամանած «Պոդոլսկի կուրսանտներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վլադիմիր Բեզուլգիի խոսքով՝ ֆիլմը նկարահանել են Իգոր Ուգոլնիկովն ու Վադիմ Շմեյլովը: Դրա հիմքում Պոդոլսկի կուրսանտների հերոսությունն է, որն իրագործել են շուրջ 3500 երիտասարդ տղաներ Հայրենական Մեծ պատերազմի սկզբնական շրջանում:
Ֆիլմերի ցանկում էին նաև նախորդ տարվա կինովարձույթի առաջատարներից մեկը՝ հեքիաթային ընտանեկան բլոկբաստեր «Հրահանը», որի ռեժիսորը Ալեքսանդր Վոյտինսկին է: Այն ստեղծվել է ըստ Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի մոտիվների:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը փառատոնի անցկացումը կարևոր իրադարձություն է համարում Երևանի և Հայաստանի մշակութային կյանքում՝ փաստելով, որ այն նաև ներդրում է երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում:
«Փառատոնը նոր էջ է մեր համագործակցության, հումանիտար, մշակութային կապերի ոլորտում։ Միանգամայն վստահ եմ, որ ցուցադրվող ֆիլմերը հանդիսատեսի կողմից շատ լավ, ջերմ արձագանքի են արժանանում: Ռուսական և հայկական կինեմատոգրաֆի փոխգործակցությունը վաղեմի պատմություն և խոր արմատներ ունի: Ահա խորհրդային շրջանի բազմաթիվ ֆիլմեր, որոնք արտացոլում են երկու երկրների ժողովուրդների միջև շատ խորը կապը: Համատեղ նախագծեր ու ֆիլմեր կան նաև այսօր»,- նշեց Ս. Կոպիրկինը:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 170