Նոր հայացք՝ ժամանակակից հայ արվեստի ներքին ընթացքին

«ՀայԱրտ» Կենտրոնը ներկայացրել է Արա Հայթայանի հետահայաց ցուցահանդեսը։
«Փոխակերպման աշխարհագրություն»-ը հանդիսատեսին առաջարկում էր այցելել արվեստի «ներքին խոհանոց»։
Այն ընդգծում էր արվեստագետի գործած ազդեցությունը ժամանակակից հայ արվեստի զարգացման վրա՝ ազդարարելով նաև Կենտրոնի նոր ռազմավարական ուղղությունների մասին, որոնց նպատակն է՝ թանգարանային նոր շունչ հաղորդել կառույցին։
2024թ.-ին «ՀայԱրտ» Կենտրոնը մեկնարկել է արվեստի տարբեր սերունդների ներկայացուցիչների անհատական ցուցադրությունների շարք։
«Նարեկ Ավետիսյանից հետո կարևոր էր ներկայացնել ավագ սերնդի արվեստագետի, որը թե՛ ստեղծագործական ինքնատիպությամբ, թե՛ գաղափարական խորությամբ նշանակալի ազդեցություն է գործել հայ արվեստի զարգացման վրա»,- նշում է Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը։
Ցուցադրությունն ընդգրկում էր գեղանկարչական աշխատանքներ, գծանկարներ, ճեպանկարներ, ինչպես նաև արվեստաբանական նյութեր՝ օրագրեր, նամակներ, հոդվածներ։ Ներկայացված էին ճամփորդությունների ընթացքում կատարված էսքիզներ, ինչպես նաև՝ արվեստագետի կողմից գրված վերլուծական տեքստեր։
«Մեծ ուշադրություն է դարձվել ցուցադրվող գործերի և տարածքի փոխհարաբերությանը։ Արա Հայթայանը հատուկ ընտրել է աշխատանքներ, որոնք ներդաշնակորեն արձագանքում են «ՀայԱրտ» Կենտրոնի միջավայրին։ Ցուցադրությանը զուգահեռ ներկայացված էին նաև արվեստագետի կողմից ստեղծագործական տարիների ընթացքում հրատարակված բոլոր պատկերագրքերը, այդ թվում՝ լանդշաֆտային փուլի վերաբերյալ ծավալուն աշխատությունը։
Այն փաստը, որ այցելուն ցուցադրությունից տուն է վերադառնում պատկերագրքով, կապը արվեստագետի հետ դարձնում է ավելի երկարատև ու խորքային»,- ասում է Սոնա Հարությունյանը և միաժամանակ նշում, որ «ՀայԱրտ» Կենտրոնն իր առաքելության շրջանակում կարևորում է ոչ միայն ճանաչում վայելող արվեստագետների ներկայացումը, այլև երիտասարդ ստեղծագործողների աջակցությունը։ Վերջինս, սակայն, իրականացվում է հստակ մոտեցմամբ․ կենտրոնը չի ձգտում դառնալ փորձարարական արվեստի հարթակ, այլ ներկայացնում է այն արվեստագետներին, որոնք արդեն նախանշել են իրենց դիրքը ժամանակակից արվեստի դաշտում և ձևավորել հստակ գաղափարական հենքը։
«Թանգարանը ձգտում է դառնալ հաստատուն ուղենիշ այն արվեստագետների համար, որոնք հստակ հետևում են իրենց ստեղծարար մտքին։
Արա Հայթայանը՝ որպես արվեստագետ, ձևավորվել է ոչ միայն ստեղծագործական, այլև արվեստաբանական միտքը խթանող միջավայրում։ Որպես Պողոս Հայթայանի որդի՝ գեղանկարիչը ձևավորվել է արվեստի պատմության վերլուծության, վերանայման և քննադատական մտածողության մթնոլորտում։ Այս մտածելակերպն արտահայտվում է նաև արվեստագետի ցուցահանդեսում, որտեղ արվեստը դիտարկվում է պատմության ընթացքի համատեքստում, ժամանակակից դրսևորումները՝ որպես շարունակություն և վերիմաստավորում»,- ընդգծում է Հարությունյանը։
2025թ.-ի մայիսի 30-ին կայացավ Արա Հայթայանի հետահահաց ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
Այն վերածվել էր ոչ միայն արվեստային իրադարձության, այլև խորքային վերլուծությունների և նոր մտահղացումների փոխանակման հարթակի։ Արա Հայթայանի և ցուցահանդեսի համադրող Տաթև Առաքելյանի մասնակցությամբ կայացած «Բաց զրույց»-ը բազմամարդ էր և հանդիսատեսը վերածվել էր ակտիվ զրուցակցի։
«Հանդիպումը հաստատեց և մեկ անգամ ևս արժեքավորեց կենդանի խոսքի ներկայությունն արվեստում։ Դիտողը ոչ միայն պատկերավոր ընկալում է գործը, այլև հարցադրումների միջոցով հետամուտ է արվեստագետի գաղափարախոսության նյութականացմանը։ Վերջինիս շնորհիվ ներքին խմորումները շարունակվում են նաև ցուցահանդես այցելությունից հետո»,- նշում է Կենտրոնի ղեկավարը։
Զրույցից հետո ներկաներին հնարավորություն է ընձեռվել խորությամբ ծանոթանալ արվեստագետի ստեղծագործական գործընթացին, ճամփորդական տպավորություններին։
Արա Հայթայանի խոսքով՝ սա հենց այն փորձառությունն է, որ ցանականում էր փոխանցել հանդիսատեսին, բացահայտել ոչ միայն պատրաստի գործը, այլև ստեղծման «ներքին խոհանոցը»՝ մտածողության փուլերը, փոխակերպման ընթացքը։
«Ցուցահանդեսի խորագիրը՝ «Փոխակերպման աշխարհագրություն», խոսում է ոչ միայն տարածքի ֆիզիկական չափերի մասին, այլև իմ ստեղծագործական մտածողության բնույթից։ Ես աշխատում եմ շարքերով, և ինձ համար կարևոր է, որ տարածքը թույլ տա ներկայացնել անցումային փուլերը։ Որպեսզի հանդիսատեսը զգա ոչ միայն ավարտը, այլ մասնակցի վերափոխման, կասկածի, որոնման ուղուն, որն արվեստի էությունն է ինձ համար»,- նշում է Հայթայանը։
Նկարչի մոտեցումն արվեստին բացարձակ փակ համակարգ չէ։ Նա ձգտում է բացահայտել թափանցիկության, ներսի բացահայտման, ակունքի ու գաղափարի ձևափոխման ընթացքը։ Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ հանդիսատեսը մասնակից դառնա աշխատանքի ստեղծման խոհանոցին։
«Ինչպե՞ս է արվեստագետը գաղափարը սկսում ձևի վերածել, ի՞նչ փորձառությունների միջով է անցնում։ Ու հետո ինչպես է կայանում արդեն մշակված ձևը։ Շատ դեպքերում եթե հանդիսատեսին մասնակից չդարձնես, շատ բարդ է հասկանալ այսօրվա արվեստը, որը շատ կոդավորված է»,- ասում է արվեստագետը՝ խոստովանելով, որ ինքն էլ հանդիսատես լինելով՝ առավել տպավորվել է այն ցուցահանդեսներից, որտեղ բացահայտվել է ոչ միայն արդյունքը, այլև ամբողջ ճանապարհը։
Հայթայանի արվեստը հնարավոր է հասկանալ՝ համադրելով երեք միջավայր՝ քաղաքային տարածք, նատյուրմորտ և վայրի բնություն։ Նա այս երեքը դիտարկում է որպես գոյաբանական համակարգեր, որոնց ներսում մարդը փորձում է կառուցել իր տեղը։
«Լինելով քաղաքային կյանքի արդյունք՝ մշտապես փորձել եմ մաս կազմել բնությանը։ Կարծես պայքար լինի․ մարդը քաղաքակրթական արդյո՞ւնք է, թե՞ նախնական բնության մասնիկ։ Ո՞ւր են ակունքները։
Օրինակ՝ նատյուրմորտը մի երևույթ է, որով մարդը փորձում է իր ներքին աշխարհի պրոյեկցիան ստեղծել։ Ամեն տուն, ամեն եկեղեցի, ամեն միջավայր իր նատյուրմորտն է կառուցում, որպեսզի ստեղծի բովանդակություն»,- ընդգծում է Հայթայանը։
Արվեստագետի կարծիքով՝ այսօր գեղեցկության սահմանները կրկին վերաձևավորվում են։ Քաղաքային ճնշումը, տեխնոլոգիական միջավայրը չեն կարող չազդել մտքի վրա, թե որտեղ ենք տեսնում գեղեցիկը։
«Ես, իսկապես, մտածում եմ գեղեցկության մասին, բայց ոչ միայն վարդի կամ դաշտի մեջ։ Գեղեցկությունն ամենուր է։ Բայց նույն գեղեցկության ընկալումները, որ ունենում ես վարդից, չես ունենում երեսուն հարկանի շենքի կարկասից։
Այդտեղ մի ուրիշ գեղեցկություն կա, որը կարող է քեզ ցավ պատճառել»,- ասում է Հայթայանը՝ շեշտելով, որ անընդհատ պայքարելու փոխարեն պետք է սովորել ապրել նաև մեզ անսպասելի, նույնիսկ ճնշող գեղագիտական միջավայրերի հետ։
«Եթե անընդհատ կռիվ տաս, կլինես դժբախտ։ Երբ Նյու Յորք ենք գնում, հաշտվում ենք բարձրահարկերի հետ։ Բայց եթե քո պատուհանից տեսել ես Արագածը, ու հանկարծ մի շենք փակում է տեսարանը, պիտի սովորես ապրել նորի հետ։ Ու գտնել գուցե ցավոտ, բայց մի նոր գեղեցկություն»,- բացատրում է Արա Հայթայանը՝ անդրադառնալով այս երևույթի ընկալմանը և արձագանքին։ Ինչպե՞ս պետք է միտքը արվեստագետից հասնի այցելուին։
Հայաստանում արվեստագետը հաճախ մնում է միայնակ՝ առանց վերլուծական, տեսական հարթակի։
«Մեր հասարակության մեջ դեռ կայացած չեն այն մեխանիզմները, որոնք թույլ կտան արվեստագետին զգալ՝ ինչպե՞ս ընկալվեց իր աշխատանքը։ Չկան կայքեր, ամսագրեր, արվեստաբանական վերլուծություններ։ Հետևաբար դու չգիտես՝ քո արածը ինչ արձագանք ունի։ Հայաստանում վերլուծական արդյունաբերություն ուղղակի չկա»,- ցավով ասում է նկարիչը։
Հայթայանը ցուցահանդեսներ է ներկայացրել և համադրել մի շարք երկրներում։ Յուրաքանչյուր երկիր, հասարակություն ունի սեփական պատկերացումն ու չափանիշները։
«Հաագայում նատյուրմորտների շարքն էր, որովհետև Հոլանդիան նատյուրմորտի երկիր է։ Իրենք անմիջապես ուզում էին հասկանալ՝ քո հայկականությունը, տարբերությունը որտեղ է։
Իսկ Ռուսատանում ասացին՝ շատ ֆրանսիականացված եք։ Որովհետև իմ ֆորմալ փնտրումները հիշեցնում էին ֆրանսիական արվեստի ուղղությունները։ Իսկ ռուս արվեստը խոր գրական հիմքով է, նույնիսկ նատյուրմորտը՝ հարբեցողի սոխը, օղին, թերթը, խոսում է կենսակերպի մասին։
Դանիայում հիմնականում բնանկարային շարքեր են, քանի որ դանիացիք իրենց ինքնությունը բնությունից են քաղում։ Բնության դերը սարսափելի մեծ է իրենց հոգեբանության կայացման, մարդ-մարդ հարաբերության կայացման վրա։ Իրենք շատ հետաքրքրված էին, որովհետև ես բնության հետ իմ աշխատանքը փորձել էի վերծանել»,- ասում է նկարիչը։
Սակայն ժամանակը փոխվել է, և ըստ արվեստագետի՝ նույն սարերը այլևս չեն կարող նույն լույսով ներկվել, նույն կոմպոզիցիայով կառուցվել։ Սարն այսօր նաև վտանգի կոդ է, հոգեբանական վիճակի արտահայտիչ։
«Լեռը (երբեմնի նրբագեղ մաքուր ձև) հիմա համարվում է նաև քաղաքակրթական, գաղափարական, նույնիսկ ռազմական սահման։ Հայրենի սարերը այլևս ապահովություն չեն հաղորդում։ Դրանք նաև վտանգ են ներշնչում, լարում են աղմուկ ու լռություն միաժամանակ։
Բնանկարն այսօր պարզապես լեռ կամ սար նկարելը չէ։ Դա կարող է լեռների մեջ թաքնված մահը կամ ապրելաձևը վերծանել փորձող արարք լինել։ Այսօր այն արվեստագետի աչքին արդեն ճեղքված, ծակծկված տարածք է. առաջին լանջը՝ մերը, երկրորդը՝ օկուպացված, բայց գծին զուգահեռ ապրող մարդու կյանքն ու մահը՝ նույն սարի հակառակ լանջին»,- նշում է Հայթայանը՝ ընդգծելով, որ այսօրվա լանդշաֆտը պահանջում է նոր լեզու։ Նրա կարծիքով՝ հայկական արվեստի ճանաչման խնդիրը նույնպես անմիջական կապ ունի սահմանների ու ինքնության սահմանման հետ։
«Խորհրդային տարիներին փորձ էր արվում արվեստում տարբերակել ազգային գծերը։ Շատերը կառչեցին Սարյանից, որպես գերիշխող մոդել, հետո գունագեղությունից, որ ասենք՝ հայկական արվեստը գունագեղ է։ Բայց դա էլ սպառվեց։ Հայկականությունը փնտրվում էր թեմաների, ատրիբուտիկայի մեջ՝ խնձոր, նուռ, գորգ։ Բայց այսօր հարցադրումն այլ է՝ կա՞ ինստիտուցիոնալ մեխանիզմ, որ կարող է այդ նույն հայկականության սահմանումը տալ։
Անգամ եթե առանձին արվեստագետներ, համադրողներ կամ նախաձեռնություններ փորձում են հայկական ներկայություն ապահովել միջազգային բիենալեներում, օրինակ՝ Պեկինում, Վենետիկում, այդ արդյունքը չի դառնում հանրային հենք։ Չինացին տեսնում է հայկականությունը, բայց հայ հանդիսատեսը՝ ոչ։
Պակասում են ներհայաստանյան մեծածավալ համադրական հարթակները՝ իբրև հայ արվեստի հայելիներ։ Եթե մենք մեր երկրում չենք ստեղծում միջավայր, որտեղ կարող ենք տեսնել մեզ 60 այլ երկրի արվեստի կողքին, չենք կարող ձևակերպել՝ ինչպիսին ենք։
Գեղարվեստական ինքնության սահմանումը, ինչպիսին կա Ֆրանսիայում, Դանիայում կամ Ռուսաստանում, մեզ մոտ առայժմ հատվածական փորձ է՝ հիմնված անհատների նախաձեռնությունների վրա»,- ասում է արվեստագետը։
Գայանե Պողոսյան
- Created on .
- Hits: 128