«Գրքի երևանյան միջազգային փառատոն»-ը՝ համագործակցությունների ու քննարկումների հարթակ

Օրերս Երևանում կայացած «Գրքի երևանյան միջազգային փառատոն 2025»-ի ընթացքում իրար հաջորդեցին մի շարք բազմաժանր գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ: Մանկական գրականությունից մինչև հոգեբանություն և պատմագիտություն. քննարկման առիթները ևս բազմախնդիր ու բազմաշերտ էին: Գրողներն ու ընթերցասերները, երիտասարդ և փորձառու հեղինակները կարդում, ասմունքում ու քննարկում էին մեկ նպատակով, կոչով՝ տարածել ընթերցանությունն ու ընթերցասիրությունը: Այս շղթայում կարևոր է նաև սերունդների երկխոսությունը, հետևաբար քննարկումներից մեկն էլ հենց պատեհ առիթով էր կազմակերպվել: Քանի որ այս տարի նշվում է հայ գրականության ականավոր գործիչներից՝ Հրանտ Մաթևոսյանի, Ավետիք Իսահակյանի, Լևոն Խեչոյանի, Դավիթ Հովհաննեսի, Ռազմիկ Դավոյանի, +Հովհաննես Գրիգորյանի և այլոց հոբելյանները, քննարկմանը մասնակցում էին հենց հեղինակների ժառանգները: Ավիկ Իսահակյանը, Արմինե Թամրազյան-Դավոյանը, Դավիթ Մաթևոսյանը, Սոնա Գրիգորյանը, Վանիկ Խեչոյանն ու Սաբեթ Հովհաննիսյանը վերհիշեցին նշանավոր գրողների կյանքից դիպվածներ, խոսեցին գրողի ժառանգ լինելու հանգամանքից և գրական ժառանգության պահպանման և արժևորման հիմնահարցերից:
Փառատոնի ընթացքում ներկայացվեց նաև Էրիխ Ֆրոմմի «Ունենա՞լ, թե՞ լինել» գրքի հայերեն տարբերակը։ Զանգվածային մշակույթի և սպառողական հասարակության պայմաններում ապրող 20-րդ դարի և նաև մերօրյա մարդուն ուղղված փիլիսոփայական աշխատանքը թարգմանել է թարգմանիչ Տաթևիկ Ավետիսյանը։ Գիրքը տպագրվել է «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո» հրատարակչության կողմից։ Փիլիսոփա, հոգեվերլուծաբան Ֆրոմմն ուսումնասիրել է 1970-ականների Արևմտյան քաղաքակրթության, մարդկային գոյության երկու հակադիր եղանակները` ունենալը և լինելը:
Գրքի թարգմանիչն ասում է.
«Ֆրոմը պնդում էր, որ ժամանակակից հասարակությունը կառուցված է տիրապետման և ունենալու սկզբունքի վրա։ Այսօր էլ մարդիկ ձգտում են ունենալ իրեր, իշխանություն, հարաբերություններ։ Բայց ունենալը բերում է երբեմն օտարացման, միայնության և անհատի կործանման: Սակայն դրան հակառակ Ֆրոմմը նկարագրել է գոյության մեկ այլ եղանակ՝ գոյության մի ձև, որը հիմնված է սիրո, ստեղծագործականության և մարդկանց միջև իրական հարաբերությունների վրա: Ահա այսպես էլ հիմնվելով դրա վրա` Ֆրոմմն իր գործում վերլուծել է գոյության այս երկու ձևերի տարբեր կողմերը՝ վերաբերմունքը սեփականության, գիտելիքի, սիրո, կրոնի և կյանքի այլ ոլորտների նկատմամբ»,- ասաց թարգմանիչը։
Ուսումնասիրելով երկու գաղափարները` Ֆրոմմն առաջարկել է լինել, գոյություն ունենալ, կամ հավասարակշռել այդ երկու բևեռները, այլ ոչ թե ունենալ։
Կարևորելով ընթերցանության դերի բարձրացման խնդիրը` փառատոնը նաև կազմակերպել էր «Գրականություն և ընթերցողական մշակույթներ. խթանման ուղիներ» թեմայով բանախոսություն։ Բանախոսներն էին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գվանցա Ջոբավան, իտալական Ischire հրատարակչության տնօրեն Ալեսի Շրայբերը։
Բանախոսները քննարկեցին գրականության հանրահռչակման և գրահրատարակչական ոլորտում առկա խնդիրները, գրականության տարածման նոր ռազմավարությունները։ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ մասնավոր հրատարակչությունների առջև ծառացած խնդիրներին և ընդհանրապես ընթերցանության դերին։ Բանախոսը շեշտեց, որ կարևոր է ոչ միայն պետության դերը գրահրատարակչության ոլորտը ֆինանսավորելու առումով, այլ այն հանգամանքը, որ պետությունը պետք է խթանի այն ռազմավարությունները, որոնց նպատակը ընթերցող հասարակություն ձևավորելն է։ Մարտիրոսյանի խոսքով` ստեղծվել է մի իրավիճակ, երբ կրթական, մշակութային գերատեսչությունները և գրադարանները գործում են իրարից անկախ և անգամ անտեղյակ են միմյանց ռազմավարություններից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ կարևորեց նման կառուցողական քննարկումները և շեշտեց, որ մշտապես բաց են քննարկումների և առաջարկների համար։ Փոխնախարարի համոզմամբ` լավագույն տարբերակը կլինի կառույցներին միավորելը և մեկ միասնական ասոցիացիա ստեղծելը, որը հնարավորություն կտա զարգացնել գրադարանային գործը, աջակցել հրատարակչությունների և որ ամենակարևորն է` ընթերցող հանրության ձևավորումը։
Փառատոնը նաև յուրատեսակ համագործակցության հարթակ է գրողների, սցենարիստների և դրամատուրգների համար: Որպեսզի երիտասարդ գրողը գտնի իր գործակալին, «Արի» գրական գործակալության գործակալ Արևիկ Աշխարոյանն ու «Առաջին» գրական գործակալության գործակալ Էլինա Հարությունյանն էլ պատրաստ էին քննարկման և համագործակցության եզրեր առաջարկել: Նրանց կողքին էին նաև Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանն ու Երևանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, որոնք ևս պատրաստ էին ծանոթանալ նոր պիեսների և այլ գործերի: Դե իսկ ռեժիսոր-պրոդյուսեր Հայկ Օրդյանն էլ պատրաստ էր խորհուրդներով կիսվեց կինոսցենարների հեղինակների հետ:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 101