Քաղաքը կարդում է

Ամփոփվեց «Գրքի երևանյան միջազգային փառատոն»-ը: Այս տարի փառատոնն իր ընթերցասերների համար հետաքրքիր գրական և մշակութային առիթներ էր ստեղծել սեպտեմբերի 5-7-ը: Հանրապետության հրապարակի՝ Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում և Ազգային պատկերասրահում անցկացվող միջոցառումները, ցուցահանդես-վաճառքն ու գրքերի շնորհանդեսներն ամփոփվեցին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում կայացած փակման արարողությամբ և գրական մրցանակաբաշխությամբ: Այս տարի միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 50 հրատարակչություն, գրախանութ, թանգարան և կրթամշակութային կազմակերպություն։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորեց փառատոնի ընդլայնման փաստը թե՛ միջազգային շրջանակում, թե՛ ՀՀ տարածքում՝ շեշտելով, որ այն չպետք է դիտարկել միայն որպես գրքի վաճառքի փառատոն, քանզի այն ավելին է՝ որպես ընթերցանությունը խթանելու, ինքնակրթվելու ճանապարհ:
«Փառատոնը հրաշալի առիթ է համայն աշխարհին ցուցադրելու մեր ստեղծագործական, հրատարակչական ներուժը: Մեր նպատակն է, որ Երևանի և ողջ հանրապետության սիրտը բաբախի գրքով ոչ միայն փառատոնի երեք օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում»,- ասաց Դանիել Դանիելյանը:
Ծրագրում ընդգրկված էին բազմաժանր գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ, պոեզիայի ընթերցումներ, գրական քննարկումներ, վարպետաց դասեր, երաժշտական համերգներ և բեմականացման ծրագրեր։ Փառատոնը կարևորում է նաև գրական համագործակցությունը, և այս տարի ևս ձևավորվել էր միջազգային հարթակ, քանզի «Գրքի երևանյան միջազգային փառատոն»-ը ոչ միայն գրքերի վաճառքի և ընթերցանության տարածման լավ հնարավորություն է, այլև միջազգային մշակութային երկխոսության հարթակ, որտեղ հայկական գրականությունը ներկայացվում է աշխարհին, իսկ Հայաստանյան հասարակությունը հնարավորություն ունի անմիջականորեն շփվելու համաշխարհային գրական միտումների ու հեղինակների հետ։ Այս տարի էլ Հայաստանը փառատոնի օրերին հյուրընկալեց տարբեր գրողների և գրական գործիչների Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Նիդերլանդներից, Վրաստանից, Իրանից, Գերմանիայից, Իտալիայից, Լատվիայից, Սլովենիայից և այլ երկրներից։
Ամեն տարի նաև գրական տոնը յուրատեսակ հարթակ է ստեղծում երիտասարդ գրողների և հեղինակների համար, իսկ այս տարի առավել բացառիկ դարձավ՝ ամիսներ առաջ հայտարարելով նոր գրական մրցույթի մասին: Այս տարի առաջին անգամ տրվող William Saroyan Short Story Prize-ին մասնակցել է ավելի քան 100 գրող 25 երկրից։ Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում ներկայացվեց Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակը, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը խոսեց փառատոնի այս տարվա կարևոր նորամուծության՝ Վիլյամ Սարոյանի անվան կարճ արձակի անվանակարգի մասին:
«Մեզ դիմել են 25 երկրի 108 մասնակիցներ այս անվանակարգի համար: Անվանակարգի հաղթողը նվեր է ստանալու Վիլյամ Սարոյանի բնօրինակ գունանկարներից մեկը: Այն ստեղծվել է նրա կյանքի ապրած տարիներին, որը երեք օր շարունակ հնարավոր կլինի տեսնել փառատոնի շրջանակում: Իսկ Վիլյամ Սարոյանի 104 աշխատանքներ, որոնք բերվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, կցուցադրվեն Գրականության և արվեստի թանգարանում: Այդ աշխատանքներից յուրաքանչյուրը մի ամսաթիվ ունի, որում կարելի է գտնել սեփական օրը, սեփական գույնն ու գիծը»,- ասաց Սյուզաննա Խոջամիրյանը։
Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Բացի այդ, ավանդական գրական մրցույթին էլ ներկայացվեցին շուրջ 361 աշխատանք՝ պոեզիայի, արձակի, դրամատուրգիայի և մանկական գրականության բնագավառներում։ Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակին արժանացավ Լուսինե Խառատյանը։ Մրցանակը հանձնեց Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։ Անվանակարգի հաղթողը արժանացավ Սարոյանի բնօրինակ նկարներից մեկին, որը փառատոնի օրերին ցուցադրվում էր Ազգային Պատկերասրահի որմնանկարների սրահում: Մրցանակը նվիրաբերում է Սարոյան հիմնադրամը։ Փառատոնի փակման արարողության ու մրցանակաբաշխության ժամանակ գրական մրցույթում մրցանակների արժանացան Անի Առաքելյանը՝ «Դրամատուրգիա» անվանակարգում, Մհեր Արշակյանը՝ «Պոեզիա» անվանակարգում, Կարինե Հայրապետյանը՝ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում և Սոնա Գևորգյանը՝ «Արձակ» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունից քսան օր առաջ ընտրված պատմվածքների երկար ցանկը հրապարակվել էր Գրքի երևանյան միջազգային փառատոնի կայքում։ Փառատոնից տասը օր առաջ էլ հայտարարվեց կարճ ցանկը: Կարճ ցանկում ընդգրկված հեղինակների գործերը կթարգմանվեն հայերեն և լույս կտեսնեն տպագիր գրական պարբերականում։
Սարոյանի անվան մրցանակի ժյուրիի անդամներն էին՝
Սքոթ Սեդրակյանը՝ Սարոյան հիմնադրամի նախագահ, Զավեն Բոյաջյանը՝ թարգմանիչ, կինոգետ, Լիլիթ Մելիքսեթյանը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Դավիթ Իսաջանյանը՝ թարգմանիչ, թարգմանաբան, Արմինե Անդան՝ մանկագիր, դերասանուհի, Շուշան Ավագյանը՝ թարգմանիչ, դասախոս և Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի համակարգող: Ի դեպ Սարոյանական ոչմիայն գրական մրցանակը՝ փառատոնի ընթացքում ընթերցողների դատին հանձնվեց նաև Վիլյամ Սարոյանի՝ «22 անտիպ պատմվածք»-ը։ Սարոյանական գործերի այս ժողովածուում 1930-70-ականներին գրված պատմվածքներն են: Ինչպես նշեց «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը՝ այս գիրքն ուղղակի սենսացիա է, Սեդրակյանն ուրախ է այն հայերի հետ կիսելու համար:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 76