Հայաստանում է իրանցի մանկագիր Ահմադ Աքբարփուրը

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ օրերս Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հյուրընկալվեց իրանցի հայտնի մանկագիր Ահմադ Աքբարփուրը: Մանկագիրը մասնակցեց նաև «Գրքի երևանյան միջազգային փառատոն»-ին: Բանախոսը թե՛ փառատոնի ընթացքում և թե՛ գրադարանում հանդիպմանը կարևորեց մանկագրության դերը ժամանակակից գրականության մեջ: «Գրականության դերը մանուկների և դեռահասների կյանքում» թեմայով բանախոսությամբ հեղինակն անդրադարձավ մանկական գրականությանն ու երեխաների հոգեբանությանը:
Աքբարփուրը գրական գործունեությունը սկսել է որպես բանաստեղծ, իսկ հետագայում նաև անցել է կարճ վեպերին, մանկական գրքերին և պատանեկան գրականությանը: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են՝ «Գիշերվա գնացքը» և «Բարի գիշեր, հրամանատար»-ը։ Առաջինն արժանացել է Իրանի մշակույթի նախարարության մրցանակին, իսկ երկրորդը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Իրանի մանկական գրքի խորհրդի գնահատանքին:
Գրական թեմաները, որոնք ուսումնասիրում է Աքբարփուրը, ներառում են բազմազան զգացողություններ՝ միայնություն, խաղաղություն ու պատերազմի վնասակար ազդեցությունը երեխաների վրա: Մանկագրի գրքերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, իտալերեն, արաբերեն և քրդերեն։ 2023 թվականին Աքբարփուրը Իրանի մանկական գրականության խորհրդի կողմից ներկայացվել է Astrid Lindgren Memorial Award մրցանակի: Արժևորվել են նրա նոր հայացքները, համերաշխությունը, ստեղծագործական մտածողությունն ու հոգատարությունը։ Նա ներկայացվել է որպես հեղինակ, որը խախտում է կարգը և բարձրագույն ընդհանուր դասակարգի վերաբերյալ պատրանքները:
«Այն գիշերվա գնացքը» (1999 թ.) գրքի համար ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության կողմից մանկագիրն արժանացել է «Տարվա գիրք» մրցանակին։ Վեպը պատմում է մի փոքրիկ աղջկա մասին, որը վերջերս կորցրել է մորը և գնացքով ճանապարհորդության ժամանակ հանդիպում է ուսուցչի հետ: Կարճ վեպի հիման վրա Համիդ Ռեզա Հաֆեզին նկարահանել է հեռուստատեսային ֆիլմ, իսկ ավելի ուշ՝ ֆիլմ է նկարահանել Համիդ Ռեզա Ղոթբին: Չորս անգամ անընդմեջ նրա մանկական գրքերն ընտրվել են Մյունխենի միջազգային մանկապատանեկան գրադարանի կողմից։ Իսկ Աքբարփուրի «Ես հորս ծառան չեմ» գիրքը երկու անգամ ընդգրկվել է Մյունխենի գրադարանի ցանկում։ 2006 և 2010 թվականներին էլ հեղինակի երկու գրքերը՝ «Ագռավները» և «Բարի գիշեր, հրամանատար»-ը առաջադրվել են IBBY-ի «Տարվա գիրք» մրցանակին։ «Բարի գիշեր, հրամանատար» և «Այն գիշերվա գնացքը» գործերն անգլերեն լեզվով հրատարակվել են Groundwood Books հրատարակչության կողմից Միացյալ Նահանգներում և Կանադայում՝ 2010 և 2012 թվականներին։ 2002 թվականին հրատարակված «Բարի գիշեր, հրամանատար» գիրքը ֆինանսապես համատեղ ֆինանսավորվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Իրանի մանկական գրքերի խորհրդի կողմից: Այս մանկական հակապատերազմական գիրքը պատմում է խեղված երեխայի մասին, որը երազում հանդիպում է թշնամու խաղալիք զինվորի հետ: Իր «Եթե ես օդաչու լինեի», «Բարի գիշեր, հրամանատար» և «Բառերի կայսրը» գործերում հեղինակը ցույց է տալիս իր արհամարհանքը պատերազմի կործանարար ազդեցության նկատմամբ:
Չնայած նման բարդ հարցերին` մանկագրի ստեղծագործությունների ամենաառանձնահատուկ բաղադրիչը հումորն է, որը նրա գրվածքները դարձնում է գրավիչ և հաճելի: Աքբարփուրը, որը մշտապես փնտրում է նորամուծություններ՝ կարողանում է իր որոշ ստեղծագործություններում իր թեմային նայել այլ տեսանկյունից և խաղալ ընթերցողի երևակայության հետ՝ նոր հարցեր տալով: Մանկագիրն ունի նաև որոշ հին լեգենդներ ու առասպելներ վերաշարադրելու փորձ: Նա որոշակի հետազոտություններ է անցկացրել և հավաքել պարսկական երգիծական ասացվածքներն ու ավանդական մանկական խաղերը:
«Ես ձգտում եմ, որ իմ պատմություններում հումորը, հին առասպելներն ու նորույթները միահյուսվեն՝ առանց բևեռացման, դաստիարակչական խրատների կամ կարծր սահմանների»,- ասում Աքբարփուրը:
Աքբարփուրին բնորոշ է հոգեբանական դիտանկյունը, քանզի նա ինքն էլ հոգեբանություն է սովորել, և դա նկատելի է, դե իսկ նրա հերոսների ներաշխարհը մշտապես ուշադրության կենտրոնում է։
«Մանուկներն առավել քան մյուսները, յուրահատուկ կարիք ունեն հետաքրքիր, երևակայություն ներշնչող գրականության, որը չի վերածվում խրատի կամ դաստիարակչական քարոզի, այլ տրամադրում է ազատ ու ներառական դաշտ, որտեղ երեխան կարող է ինքնուրույն անդրադառնալ դրանով ստեղծված դիսկուրսին»:
Հեղինակի պատմությունները հաճախ ներկայացվում են երեխայի աչքերով, ինչը ընթերցողին ստիպում է վերապրել անմիջական զգացմունքները: Իսկ իրական դեպքերը կարող են խառնվել երազային պատկերների հետ, ինչը ստեղծում է հեքիաթային, բայց նաև երբեմն տխուր միջավայր: Դե իսկ պատմությունները մեծամասամբ հակիրճ են, բայց յուրաքանչյուր տող կրում է ուժեղ զգացմունքային խորություն։
«Երեխան պետք է հուզվի և ծանոթանա նոր տեսարանների հետ՝ լինի դա հին առասպելներ, հումոր, թե ֆանտաստիկ տարրեր։ Գրականությանը չի հանձնարարվում բարոյախրատական կամ կանխատեսելի դեր, այլ այն թույլ է տալիս երեխային իր տեսակետը ձևավորել ազատ ու անվտանգ: Կարևոր է նաև, թե ինչպես պահպանել հումորն ու արտահայտչականությունը, որպեսզի դրանք առաջնորդեն ոչ թե մերժեն»:
Խաղաղությունն ու հուսադրող երանգները մշտապես են զարդարում մանկագրի գործերը: Նրա գրքերը միշտ ունեն խաղաղության կոչ, նույնիսկ եթե պատմությունները ողբերգական դրվագներ ներառեն: Մանկագիրը մշտապես կարևորում է ընտանեկան հարաբերությունները՝ անգամ ցույց տալով երեխայի և ծնողների միջև նուրբ հարաբերությունները, որոնք կարող են նաև հաճախ հակասություններով լցվել:
«Մանկական գրականությունը ծառայում է որպես փախուստ իրականության անհարմար կամ ցավոտ կողմերից։ Այս գրականությունն օգտագործվում է՝ երեխաներին առաջարկելով այլմոլորակային, հոգեբանական թեթևացում ապահովող բովանդակություն»:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 70