Գրավիտացիոն Բառ

    Մի օր, հավանաբար օգոստոսյան որևէ կիրակի էնգելսը որոշեց, որ մաթեմատիկան գիտություն է մեծությունների մասին, հետո մեծությանը վերագրեցին չափելիություն. արդյունքում ստացան թիվ, ու թիվը` որպես հազարավոր մահերի բնութագրիչ, սկսեց իր ճանապարհորդությունը տիեզերքի միակ մարդաբնակ մոլորակում: Եվ միայն թիվը իրեն առաջնորդ չզգաց հազար բանաձևերի, սիմետրիաների ու թեորիանների մեջ, որովհետև ինքը խոսքն էր, գույնն էր ու արարչությունը: Իսկ հետո կատարվեց հրաշքը, որը գրված չէր որևէ ամրակազմ գրքում, սեպագիր արձանագրություններում, և մոգերն էլ ընծաներով չեկան երկրպագելու նրան, որովհետև ինքը կորսված ճշմարտությունն էր հենց նոր չափահասության համը զգացող պատանու աչքերում, ինքը բջիջն էր մահվան, ու մարմինը՝ գեղեցիկը, ինքը մահն էր 6 միլիոն հրեաների, ու վերջապես ինքը մեծ պայթյունից դեֆորմացված թիվն էր՝ Բառը: Բնության մեջ գոյություն ունեցող երևույթներից միայն բառը չբացատրվեց ֆիզիկայի օրենքներով, որովհետև նա դուրս էր մատերիայից, ու չէր կարող ենթարկվել մեխանիկայի օրենքներին, ու միակ հանգրվանը մարդու 1300 գրամանոց գլխուղեղն էր, որը գլոբալ առմամբ իր էվոլյուցիոն պատմության մեջ չէր ենթարկվել որևէ փոփոխության: Բայց միայն ոմանք կարողացան զգալ հաճույքը գրելով ինքնասպան լինելու, տողերի հոսքից խեղդվելու, ու իհարկե լինելու ժամսլաքը մի ամբողջ տիեզերքի, որը շարունակաբար լայնանում է գրքերի զանգվածից: Ու բառերը սկսեցին ծակել թուղթ, ինչպես սրտի արատ ունեցող աղջիկը որոշեց հայհոյել բոլոր ողջերին, մեռածներին ու նաև բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն ծնվել ձմռանը, որովհետև ինքը գիտեր, որ հենց ձմռանը ցավը հոսում է անփոփոխ ու հաստատուն արագությամբ, և ինչ կարիք կա հազարավոր մահերի միջոցով գալ նույն սկզբնակետին. չէ՞ որ Ջեկ Լոնդոնը հուշում է՝ մարդը փորձ է իր գիտակցության մեջ:
    Մայաների օրացույցն ավելի ճշգրիտ է, քան ժամանակակից մարդունը, որովհետև նրանք գիտեին, որ ժամանակային բևեռները հատվում են բառի շուրջ՝ ստեղծով ամուր կապ պատմության մեջ եղած ու լինելիք քաղաքակրթությունների միջև, որովհետև գիտեին, որ միայն քչերը կկարողանան մարսել բառի վարակը ու վերջում արնոտված ու կեղտոտ մարմնով կպառկեն դագաղի մեջ՝ որպես ստրուկ, որը չնայած մասնակցություն չունեցավ եգիպտական բուրգերի կառուցմանը, բայց եղավ բառի կրողը, ինչպես Մերի Կյուրին էր ռադիումով լի սրվակը կրում կրծքանշանի պես: Եվ մարդը սկսեց երկրպագել մահը բառի մեջ ու բառից դուրս, հին եգիպտացինները գրեցին. «Մահը թվում է ինձ այժմ հիվանդության բուժում, ազատում տանջանքի շղթաներից»: Այնշտայնը հասկացավ, որ այն, ինչ իրականում մեզ թվում է «դատարկ» տարածություն, իրականում այդքան էլ դատարկ չէ, և հենց նյութն է, որ թելադրում է տարածաժամանակին՝ ինչպես կորանալ, այսինքն՝ բառի դինամիկական շարժումը կախված է տեսքտից, այսպիսով հեղինակը դառնում է մի ամբողջ հասարակության սարսափների կրողն, ու երևի այս փաստի արձանագրումն էին Հյուգոյի «Իննսուներերքն» ու Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» վեպերը: Սակայն անձնական ողբերգությունը ավելի լավ էր նայվում մեծ ֆոնի վրա, որովհետև ողբերգությունը օժտված է սարսափելի ուժեղ էներգետիկ դաշտով, որը գրողի ձեռքերում դառնում է ատոմային զենք ու ոչնչացնում այն ամենը, ինչ կարող է լինել այս գալատիկայում, իսկ հետո այդ փլատակների մեջ սկսում է բույսերի նոր տեսակներ մշակել, ստեղծել նոր ջերմոցներ, ու իրեն արարիչ զգալ, որը թյուրիմացաբար հայտնվել է Երկիր մոլորակի վրա ու ապրում է բոհեմիկ կյանքով: «Ես բանաստեղծություն եմ գրում, որովհետև ուզում եմ մենակ լինել, բայց խոսել մարդկանց հետ» (Ալեն Գինզբերգ): Բայց հենց բառն է ծնում մենակության կիրքը, որը լավագույն գերեզմանոցն է դժվար աշխատանքային օրվանից հետո, երբ տանը վիսկի չկա, ու մայրդ անպայման հորդորում է խմել սեղանին դրված դեղերը՝ առավոտյան արթնանալու պայմանով: Բայց ինքը որոշեց ձուլվել բառի հետ, որովետև բոլոր մահերը արժանի են լուսաբանման, որովհետև կարիք է զգում չմեռնել վիրահատական սեղանին, գրում է, որովհետև ժառանգել է ծնողներիս դիմագծերը, ու երբեք չի կարող անհատականություն լինել, գրում է, որովհետև ամեն օր իր աչքերի առջև ինքնասպան է լինում Հիտլերը, ու ինքը չի կարող շրջանցել նրա Մահը: Ախր հենց նոր Կոպեռնիկոսն ապացուցեց, որ երկիրը ձվաձև է, և մի՞թե կարելի չգրել դրա մասին:
  • Created on .
  • Hits: 5265

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: