Մատերիայի և գիտակցության արանքում

     Էսսեն գրվել է  Արվեստի ամառային ակադեմիայի շրջանակներում` Արամ Պաչյանի հանձնարարությամբ:
 
    Ինչ-որ ոչ հստակ դիմագիծ ունեցող թեորիա կա, որը տարածաժամանակի տարբեր փուլերով մեզ գլորում է դեպի սեփական «ես»-ի փնտրտուք, ստիպում է քայլել էս գալակտիկայի բոլոր փողոցներով, նկուղներով,  ուսումնասիրել հնագետի ափերի ծալքերում լցված հողի բաղադրությունը, զգալ ճարտարապետի նյարդաթելերում խցանված քաղաքների հատակագծերը ու վերջապես մասնակցել ինչ-որ անհասկանալի շրջապտույտի, որի օգտակարության գործակիցը անհայտ է:                                                                               
    Դեմոկրիտի համար մեկ պատճառական կապի բացահայտումը պարսկական գահից թանկ էր. երևի այդ պատճառով էր գերեզմանոց գնում ու փորձում մտածել անդրշիրիմյան լռության մեջ: Երևի կարողանում էր պեղել մահվան էներգիայի ու նյութի խառնուրդը ու հասել էր որոշակի զգայական ճշմարտության, որը հենց գիտակցական կյանքի սկիզբն է: Նույն տրամաբանությամբ յոթամյա աղջիկը մտածեց, որ ինքը ի զորու է թթվածին արտադրող սարք ստեղծել, սկզբում որոշեց տերևներ նկարել սովորել, հետո հայրիկի մի քիչ թերահավատ ժպիտը բավարար էր, որ իր առաջին գիտական մտահղացումը չունենար մարմնեղ տեսք ու  չունենցավ նաև գերեզման:                                                                                      
   Ես այնքան կցանկայի որոշակի ճշգրիտ դրույթների միջոցով հանգել այն եզրակացությանը, որ ամեն ինչ տեսողական պատրանք է, որ մարդ արարածը չի կարող որևէ հիշողություն ունենալ այն երկրաշարժերի մասին,  որոնք տեղի են ունեցել սրանից հինգ միլիարդ տարի առաջ և վերջապես հնարավոր չէ միառժամանակ քայլել ողջերի մեջ ու քեզ մեռած զգալ: Մանավանդ, որ փոքրիկ աղջիկը տեսավ, թե ինչպես էր հայրիկը քայլում սենյակում ու մեկ առ մեկ հիշում մեռած զինվորների անունները, հետո մոտ կես ժամ անշարժացած պառկեց բազմոցին ու այդպես էլ ամբողջ գիշեր չքնեց՝ ոչ մի պատկերացում չունենալով, որ բաղնիքում իր աղջիկը կծկվել է գետնին ու վախից դողում է՝ իր մեջ լցնելով անկարողության արցունքները, որոնցից նա երբեք, երբեք չկարողացավ ազատվել: Աղջիկը հասկացավ, որ ուղղակի անհրաժեշտ է մահը դիտարկել գոյության միակ և անփոփոխ ապացույց, որն իր բոլոր դրսևորումներով ներթափանցեց մարդու կենցաղ, երբ Աստծո որդուն խաչեցին:              
  Կարևոր չէ դու կարողանում ես ընդհանուր լեզու գտնել ծնողներիդ հետ, դժվարությամբ ես կարողանում խոսել, միևնույն է դու ստիպված ես կամ պարտավոր ես  հայտնվել գրատախտակի միջակայքում: Այն նման է հաշվարկման համակարգի նկատմամբ անշարժ էլեկտրական լիցքի, որն իրեն շրջապատող տարածության մեջ ստեղծում է էլեկտրաստատիկ դաշտ, որ մատերիայի յուրահատուկ ձև է: Կանայք և մեկ տղամարդ, որոնք որոշակի ուժով կարողանում էին ազդել դաշտի վրա, շարունակ աղջկան հրավիրում էին այդ անիծյալ գրատախտակի մոտ: Ինքը նյարդային շարժումներով ու անպայման քայլելով պատմում էր միջնադարից, ամենաուժեղ արդյունաբերությունը ունեցող երկներից, առաջին հատված  դրամից ու էլի ինչ-որ բաներից, բայց ամենադաժանը գրատախտակի վրա գրելն էր: Աղջիկը դողացով ձեռքերով վերցրեց կավիճը, մի քանի վայրկյան նայեց ուսուցչին, հետո արդեն սպիտակած ու դողացող ձեռքերով դուրս վազեց սենյակից: Փաստորեն իր՝ տետրի վրա գրելու անձնուրաց ջանքերը հրապարակային էին դառնում, և եթե իսկապես գլխուղեղի ճակատային մասի հեռացման դեպքում հնարավոր է զրկվել վախի զգացումից, ապա ինքը իր դպրոցական սարսափից ազատվելու համար պատրաստ է հեռացնել ամբողջ գլխուղեղը: Բայց գրատախտակը իր միստիկության գործակիցը սկսեց գցել, երբ կարճ մազերով ու հաճելի ձայնով մի կին սկսեց պատմել երկրաչափության մասին. ես նմանվեցի ինչ-որ քոչվոր ցեղի, որը մի օր հասկացավ, որ հողագործության զարգացման համար նախ պետք է ճշգրիտ չափումներ կատարել: Ես վստահ էի, որ Քրոնոսը (ժամակակի աստված) հովանավորում է ինձ,  որովհետև անտանելի է ծնվել ու հանկարծ հասկանալ, որ բոլոր մայրցամաքները բացահայտված են, որ ֆիզիկայում քո դիտարկումները ոչ ոքի անհրաժեշտ չեն, իսկ տիեզերքը հասկանալու համար պետք է ամենաքիչը Գաուս ծնվել: Իսկ ես հանդգնել եմ ծնվել պատերազմից հետո քանդված քաղաքում, որտեղ կանայք քնում են իրենց ամուսինների ուրվականների հետ ու երեխաներ ունենում, ու տեսնել, թե ինչպես է ականների պայթյունի մասին հիշողությունը  օր օրի ներխուժում իմ ունեցած ընտանիքի պարսպից ներս ու քայքայում բոլորիս նյարդերը, առողջությունը, լինելիության ակնկալիքը: Ես ամեն օր գալիս էի այն եզրահանգմանը, որ իմ մեջ պատերազմ եմ կրում ու արդեն շատ վաղուց չեմ կարողանում ներգրավվել այն աշխարհի մեջ, որն ինձանից դուրս է:            
  Չկարողանալով ադապտացվել հասարակությանը՝ դու միայնակ վազում ես սպիտակ միջանցքով, հետևիցդ՝ ծնողներդ, ընկերներդ, հասարակությունը, որոնց հետ երբեմն այնքան կարիք ես զգում հարբելու, որովհետև խոսել չկարողանալը քեզ ավելի է մոտեցնում  շիզոֆրենիային, իսկ խելագարվելու մասին մտածելիս միշտ հիշում ես այն կնոջը (ումից հասցրել ես մի քանի դիմագիծ ժառանգել): Առարկաներ ես պատուհանից դուրս գցում՝ հավատալով, որ դրանք չեն հասնի ասֆալտին, որ ուր որ է կբացեն մարդկանցից թաքցրած իրենց թևերը ու բոլորով կթռչեն ուրիշ աշխարհ, բայց դրանք հասնում էին գետնին  ու ջարդուփշուր լինում:
  Նա սահմանեց առաջին թեորեմը՝ «Նրանք, ովքեր չեն կարողանում թռչել, դատապարտված են ոչնչացման»:
   Ինքն իրեն խոստացավ, որ անպայման կթռչի՝ շուրթերը հպելով հավերժությանը, իսկ հավերժությունը ճիշտ օրինաչափությունն է. ամեն դեպքում ես այդպես եմ կարծում:
   Բայց նախ պետք է կարողանալ զգալ տիեզերքի ձգվածությունը ոչ միայն սեփական մկաններում, այլ նաև մետրոյում ծամոն վաճառող տատիկի ջղաձգված ձեռքերում, կամ էլ դիմացս նստած կնոջ աչքերի մեջ, որն ուղիղ քսան րոպե շարունակ նայում է Աստվածաշնչին, բայց գրազ կգամ, որ մի նախադասությունից ավել չի կարդացել՝ հավատացյալ երևալու ցուցամոլություն:
   Տարածության յուրովի ընկալում, ահա թե ինչ է պետք. դե ասենք չղջիկների նման, որոնք նախ բարձր ծղրտոց են արձակում, ապա փորձում որսալ անդրադարձող արձագանքը: Ասում են՝ նրանք այնքան ճիշտ են կողմնորոշվում, որ որսում են նույնիսկ ամենափոքր միջատներին՝ լսելով միայն խեղճ միջատների թևերի թափահարման ձայնը: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես կվարվեին գիշերային թիթեռներն իրենց թևերի հետ, եթե իմանային, որ դրանք իրենց մահվան պատճառն են հանդիսանում. երևի՝ նույնը, ինչ ես չափահասության շեմին արեցի իմ երազանքների հետ: Երբեմն ես հիշում եմ երակներումս թպրտացող աղջկան, ով երազում էր Ամելիա Էրխարտ դառնալ: Նա արդեն պատկերացնում էր, թե ինչպես է գրավում Ատլանտյան օվկիանոսը, ինչ խնամքով է վերաբերում օդաչուի իր հագուստին ու էլի ինչ-որ բաներ, որոնք մնացին հասարակ սև զինվորի հիշողության որևէ շերտում, որը նստել էր հոգեբույժի պատուհանագոգին ու հետևում էր, թե ինչպես են քաղաքի ուրվականները տեղավորվել այդ փոքրիկ սենյակում ու քայլում չտեսնված սպիտակ գորգի վրայով, նրանց հետևից` տղամարդը իրեն ոչ հատուկ նյարդային շարժուձևով, կինը՝ սեղմված արցունքների մեջ ու քնաբերով լի ներարկիչը, որը գրողի ծոցը ուղարկեց վրձինների տուփը, գուաշը, մի քանի ներկված թղթի կտոր, որոնք իմ միջի միակ հիշողությունն էին գույնի գրավչության մասին: Շատ ավելի ուշ, երբ ես իմ մեջ կկոտրեմ դեռահասությունը, ձեռքերիս մեջ խարսխված բոլոր բառերը կօգտագործեմ գետնին պառկած աղջկա մարմնի դողը նկարագրելու համար:
    Երևի Նիցշեն ճիշտ էր, երբ ասում էր «Աստված մեռավ». նշանակում է մարդը հասունացավ, չափահաս դարձավ: Չափահասությունը քո ու քեզանից դուրս գոյություն ունեցող աշխարհի հատման կետն է՝ ազատության կաղապարը, որը լցված է լպրծուն դատարկությամբ, աշխատանքի անհույս փնտրուքներով, նեղ նրբանցքներով, մի քանի սիրահարությամբ ու վերջապես սեփական գոյության չապացուցված փաստով:
    Վերջիվերջո, ես մինչև վերջ չեմ կարող վստահ լինել օբյեկտների անկախ գոյության մեջ, ու միգուցե իմ իմացած ու չիմացած բոլոր  բանաձևերը չեն գործում, միգուցե ես հորինել եմ դրանք սեփական անկարողությունից մի քայլ այն կողմ փախչելու համար կամ ուղղակի չեմ ուզում գիտակցել, որ բոլոր խորանարդներում մեր ծնողները վիճում են, ու իմ իմացած ամենաշոշափելի նյութը՝ Բառը, շատ ավելի արագ է սպանում ինձ, քան որևէ հիվանդություն: Իսկ ես, չնայած դրան, շարունակում եմ ամեն օր ուտել բառերի այն զանգվածը, որը նախատեսել եմ հենց այդ օրվա համար: 
    Ես սկսեցի բառերի հետ խաղալու պահանջ զգալ, երբ  իմ մեջ որոշ բաներ մեռան ու այդպես էլ չվերականգնվեցին: Գրելուն մոտ հաճույք զգացել էի, երբ շարունակ ապացուցում էի արդեն իսկ գործող թեորիաները, բայց սա բոլորովին ուրիշ զգացողություն է: Ինձ երբեմն թվում է, որ ամբողջությամբ տիրապետում եմ ժամանակի ու տարածության մեքենային: Չնայած ամեն անգամ, երբ նա քնած է լինում, ես ուշադրություն եմ դարձնում նրա շնչառությանը: Երեկ ես աղոթում էի նրա համար, քրտնել ու ամբողջ մարմնով դողում էի, և ինձ մի պահ թվաց, որ սենյակումս Հիսուսը ոտաբոբիկ քայլում է ծովի վրայով, հետո հիշեցի, որ իմ սենյակում միակ ջրանման բանը սեղանին դրված նռան գինին է, որը ոչ մի կապ չունի ջրի, առավել ևս՝ ծովի ջրի հետ: Ես այնքան էի կարիք զգում խեղդվելու, բայց դրա համար ոչինչ չձեռնարկեցի, երևի այն պարզ պատճառով, որ ուզում եմ` նա չմեռնի:  
    Ես սկսեցի գրել, որովհետև ինչ-որ բան ուզում էի հաղթահարել, չգիտեմ ինչը, բայց այն մինչև հիմա էլ հաղթահարված չէ: Գրելը ինքնասպան լինելու ամենակարճ ու խելամիտ տարբերակն է. ամեն դեպքում դու ստիպված չես լինում մարմինդ թաղել հոգեմետ դեղերի մեջ ու փողոց դուրս գալիս ևս մեկ անգամ անցնել քեզ ինքնասպան կարծող ամբոխի միջով:  Գրելու շնորհիվ է հնարավոր համադրել երևակայությունն ու իրականությունը, և կարևորը դու գիտես, որ դրանցից որևէ մեկում խմում ես քո ամենօրյա ընթերցանությունը մի բաժակ դառը սուրճով: Միգուցե գրում եմ, որովհետև գիտության կարևորագույն օրենքն ասում է, որ մարմինները մաշվում են, իսկ ես գոնե ինձ համար ապացուցել եմ, որ ճիշտ կառուցած բառերի համակարգը երբեք չի ծերանում և ոչ էլ մեռնում է: Ես գրում եմ, որովհետև մի հիվանդությամբ եմ տառապում, որն ուղիղ 21 դար գլուխկոտրուկ է բժիշկների համար՝ Գրելու պահանջ: Եվ վերջապես գրում եմ, որովհետև իմ ու բոլորի մանկության ինչ-որ էջ դատարկ է, ու ես հույս չունեմ այն վերականգնելու:
                                                                                                                                 Լուսինե Եղյան
  • Created on .
  • Hits: 5389

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: