Աստղիկ Հակոբյան. Օրը

Դու կսիրեիր իմ փողոցը, առավոտյան կիսամութի մեջ խոնավությունից փայլող տրամվայի գծերը, Կառլին, որ միայնակ ներսուդուրս է անում իր փոքրիկ խանութ-ճաշարանում, նրա շանը՝ Էմմային, որին Միբեթը շաբաթը մի քանի անգամ համոզում է համբերատար լինել, երբ անխնա շպարված կանանց անբաժան վեցյակը հարեւան թաղամասից ճաշելու համար հանգրվանում է այստեղ, մեր շենքը՝ Անգոլայի պատառոտված դրոշը ճակատին, դրա դիմաց կուտակված մարդկանց, որ համառորեն փնտրում են մեր փողոցի 104 համարն ու չեն գտնում: Այն չկա:

Մենք արթնանում ենք, փակում ու բացում պատուհանները, փոստարկղերի դռները, աղբամանները, օրվա թերթերը: Ես աստիճաններին հանդիպում եմ Յուդիթին ու բարեւելիս փորձում հասկանալ՝ իր որ չակրան է բացել ու որը փակել նա այսօր, հետո մոռանում եմ նրան կանգառում ու առաջին պատահած տեղերով փողոցներն հատելով իջնում մինչեւ գետ: Դու Իզարն էլ կսիրեիր, թեեւ նոյեմբերը ափից սրբել տարել է բոլորին: Նրան լքել են անգամ գարեջրի շիշ հավաքող անտուն կանայք, հիմա նրանք քաղաքային գրադարանում են, ուր կարելի է գտնել օրվա թերթերն անվճար եւ քնել բազկաթոռներին, եթե այդ օրը որեւէ մեկը չխանգարի իր գրքի շնորհանդեսով կամ ցուցահանդեսով ինչ-որ:

Շատ հարմար է ուշանալ մի դասից, որ տեղի է ունենում ութ հարյուր հոգու համար նախատեսված լսարանում, կարելի է ներս մտնել ուրվականի պես ու այնպես տեղավորվել, ասես Իզարի ափին կարդալու ես եկել՝ անշտապ, հայացքը աջուձախ պտտելով՝ իբր դեռ շարունակում ես զննել՝ գուցե ավելի հարմար տեղ գտնվի: Իսկ իրականում ես փնտրում եմ Խալեդին ու գտնելով նրան իր մշտական տեղում՝ նստում եմ այնպես, որ բոլորվին աննկատ մնամ: Խալեդը իմ սիրիացի համակուրսեցին է, որ սոցիոլոգիայի հրեա պրոֆեսորի արած կատակների վրա ամենաբարձրն է ծիծաղում ու բնավ համաձայն չէ նրա հետ, որ պրոֆեսորը անհամի մեկն է:

«Բա ինչու՞ ես եկել, նյութերը համալսարանի կայքում կգտնես, քննությունդ կպարապես, չգայիր իր դասախոսությանը»,- նեղացած ձայնով հակադարձեց ինձ, երբ առաջին անգամ արտահայտեցի կարծիքս:

- Կարո՞ղ եք ասել, թե որն է աշխարհի ամենաբարդ հարցը,- ուսանողներին է դիմում պրոֆեսորը: Ես նրա բարձրացող ունքերից ու բերանի շրջանում հավաքվով կնճիռներից մտովի նախապատրաստվում եմ պատասխանին հետեւող հրճվանքին:

- Աշխարհի ամենաբարդ հարցը «ի՞նչ ես մտածում, սիրելիս» հարցն է,- վրա է բերում պրոֆեսորն ու բոլորից բարձր ծիծաղում իր կատակի վրա: Ես գաղտնի վերեւ եմ նայում: Պրոֆեսորից հետո կատակը ամենաշատը, բնականաբար, զվարճացրել է իմ ընկերոջը: Բարեբախտաբար, պրոֆեսորը մեկուկես ժամում չի կատակում ավելի քան երեք անգամ, եւ մի երեք անգամ էլ տալիս է հարցեր, որոնց պատասխանը միայն ինքը գիտի:

- Կարո՞ղ եք ասել մի բան, որ գոյություն ունի այս աշխարհում, բայց չունի պատմություն: Հուշում՝ այստեղ վստահաբար դրանից կա: Ու քանի որ հարցը պրոֆեսորն իր համար է նախատեսել, ինքն էլ պատասխանում է ՝ գրպանից հանելով 20 եվրոյանոց մի թղթադրամ:

- Սա պատմություն չունի: Մեզնից որեւէ մեկը չի կարող ասել՝ սա այսինչի վճարած հարկն է կամ մյուսի գնած ծխախոտի գումարը: Այս թղթադրամը պատմություն չունի: Ես հանդիպում եմ Խալեդին օրվա վերջում միայն, որովհետեւ մենք հետո տարբեր խմբերում ենք դասի: Մենք ճամփա ենք ընկնում դեպի տուն:

- Կարո՞ղ ես ասել՝ որն է աշխարհի ամենաբարդ հարցը,- ոգեւորված հարցնում է նա, երբ ավարտվում է մեր ծանր խոսակցությունը Չինաստանի եւ այն յոթ միլիոն չինացիների մասին, ում Չինաստանի կառավարությունը որպես պատիժ արգելել է ինքնաթիռից օգտվել:

- Քանի չինացի իրավունք չունի քնել գնացքում,- պատասխանում եմ ես հնարավորինս բնական, ոչ մի կասկած չհարուցելով այն բանի վերաբերյալ, որ ես գիտեմ հարցի պատասխանը:

- Ոոոոչ,- հաղթանակած պատասխանում է Խալեդը: Աշխարհի ամենաբարդ հարցը «ի՞նչ ես մտածում, սիրելիս» հարցն է: Պրոֆեսորի կատակը, որն առավոտյան անհամ էր, օրվա վերջում ինձ այնքան բարի է թվում: Մենք ամեն պատահած տեղով փողոցներն անցնելով, գետից քիչ վերեւ գտնվող գերեզմանատան քարերն ուսումնասիրելով ու չինացիների ճակատագիրը քննարկելով հասնում ենք իմ փողոց: Շենքի մոտ Խալեդն հարցնում է.

-Կարո՞ղ ես ասել մի բան, որ պատմություն չունի: Հուշում՝ դրանից վստահաբար կա այ էսքան տեղում,- ասում է մեր երկուսի կանգնած տեղում օդի մեջ շրջան անելով՝ ցույց տալու համար, թե հատկապես որ հատվածում:

-Ես,- պատասխանում եմ: Մենք մի քանի վայրկյան լռում ենք, ես ինձ մեղավոր եմ զգում տվածս պատասխանի համար, որ Խալեդին մտահոգ է դարձնում ու որպեսզի ընդհատեմ լռությունը, իմ հերթին հարցնում եմ.

- Իսկ դու կարող ես ասել մի բան, որ գոյություն չունի այ էսքան տարածքի վրա,- ու ձեռքով ցույց եմ տալիս շառավիղը, որտեղ նա պիտի փնտրի՝ վստահ, որ Խալեդի մտքով երեբեւէ չի էլ անցնի, որ 102 եւ 106 մուտքերի արանքում բացակայում է 104-ը:

- Մենք... մենք գոյություն չունենք,- պատասխանում է նա ու նետվում տրամվայի մեջ, որ արձակում է շչակներն ու բացում դռները հենց մեր դիմաց:

 

Աստղիկ Հակոբյան

  • Created on .
  • Hits: 3858

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: