Դեյվիդ Ֆոսթեր Ուոլաս. Սա է ջուրը
Ամերիկացի գրող, էսսեիստ Դեյվիդ Ֆոսթեր Ուոլասին 2005 թվականին Քենյոն քոլեջից խնդրեցին ելույթ ունենալ ավարտական դասարանի աշակերտների համար՝ խոսելով իր ընտրությունների մասին: Ստորև ներկայացված է նրա այդ ելույթը, որ որպես այդպիսին առաջինն ու վերջինն է գրողի կյանքում:
Երկու ձուկ են լողում և այնպես է ստացվում, որ հանդիպում են հակառակ ուղղությամբ լողացող տարեց մի ձկան, որն իրենց գլխով է անում և ասում. «Բարի լույս, տղաներ, ո՞նց է ջուրը»: Երկու երիտասարդ ձկները շարունակում են լողալ: Որոշ ժամանակ անց նրանցից մեկը նայում է մյուսին և ասում. «Ի՞նչ է, գրողը տանի, ջուրը»։
Եթե այս պահին դուք անհանգստանում եք, որ ես պլանավորում եմ ինքս ինձ ներկայացնել որպես այդ իմաստուն, տարեց ձուկը, ով կբացատրի ձեզ՝ երիտասարդ ձկներիդ, թե ինչ է ջուրը, ապա խնդրում եմ, մի՛ անհանգստացեք։ Ես այդ իմաստուն տարեց ձուկը չեմ։ Ձկան պատմության առաջնային միտքն այն է, որ հաճախ ամենադժվարը ամենաակնհայտ, ամենահամատարած և ամենակարևոր իրականությունները տեսնելն ու դրանց մասին խոսելն է։ Անգլերենով այս նախադասությունը ձևակերպելու պարագայում, իհարկե, թվում է, թե դա ուղղակի ծեծված տափակություն է, բայց փաստն այն է, որ չափահաս մարդու գոյության ամենօրյա պայքարի մեջ ծեծված տափակությունները կարող են կյանքի ու մահվան նշանակություն ունենալ, որքան էլ, որ սա չափազանցություն կամ վերացական անհեթեթություն թվա։
Այն ամենը, ինչում ես հակված եմ մեխանիկորեն համոզված լինել, հաճախ ամբողջովին սխալ կամ թյուրություն է դուրս գալիս։ Ահա և մի բանի կատարյալ անճշտության օրինակ, որում ես հակում ունեմ մեխանիկորեն համոզված լինել. ամեն ինչ իմ անմիջական փորձառության մեջ սատարում է իմ խորին հավատին, որ ես եմ տիեզերքի բացարձակ կենտրոնը, գոյություն ունեցող ամենաիրական, ամենավառ և ամենակարևոր մարդը։ Մենք հազվադեպ ենք խոսում այս տիպի բնական, տարրական եսակենտրոնության մասին, որովհետև այն հասարակության համար նողկալի է, բայց հոգու խորքում այն քիչ թե շատ նույնն է բոլորիս համար։ Դա մեր նախակարգավորումն է, ի ծնե գրված մեր ճակատին։ Հապա մտածեք հետևյալի մասին. ձեր կյանքում չի եղել փորձառություն, որի բացարձակ կենտրոնում հենց դուք չեք։ Աշխարհը, որն ընկալում եք հենց այնտեղ է՝ ձեր դիմացը կամ ձեր հետևում, ձեր ձախ կամ աջ կողմում, ձեր հեռուստացույցի էկրանին կամ ձեր մոնիտորի վրա, կամ որտեղ որ է։ Այլ մարդկանց մտքերն ու զգացմունքները պետք է ինչ-որ կերպ ձեզ հաղորդվեն, բայց ձեր սեփականներն այնքան անհապաղ են, հրատապ, իրական… Մի խոսքով՝ հասկացաք։ Բայց խնդրում եմ մի մտածեք, որ ես պատրաստվում եմ կարեկցանքի կամ այլոց ուղղվածության կամ այսպես կոչված «առաքինության» մասին քարոզներ կարդալ։ Հարցն առաքինության մեջ չէ՝ հարցն իմ ընտրության մեջ է կատարել մի աշխատանք, որի միջոցով ես ինչ-որ ձևով կփոխեմ կամ կազատվեմ իմ բնական, միշտ, խորապես և բառացիորեն եսակենտրոն լինելու և ամեն ինչ ես-ի աչքերով տեսնելու ու ընկալելու նախակարգավորումից։
Մարդկանց, ովքեր կարողանում են հարմարեցնել իրենց բնական կարգավորումներն այս ձևով, հաճախ նկարագրում են «լավ հարմարեցված» բառակապակցությամբ, որը, կարծում եմ, պատահական ձևակերպում չէ։
Հաշվի առնելով, որ գտնվում ենք այսպիսի հանդիսավոր ակադեմիական միջավայրում, մի ակնհայտ հարց է ծագում. որքա՞նն է մեր նախակարգավորումը հարմարեցնելու գործում իրական գիտելիքի և ինտելեկտի չափաբաժինը։ Հարցն է՛լ ավելի է բարդանում։ Հավանաբար համալսարարանական կրթության ամենավտանգավոր բանը, համենայնդեպս իմ դեպքում, այն է, որ կրթությունն իմ մեջ արթնացնում է բաները գերմտավորականացնելու, գլխումս առկա վերացական վիճաբանությունների մեջ մոլորվելու հակում, սովորական բաներին ուշադրություն դարձնելու փոխարեն: Ուշադրություն դարձնելու այն ամենին, ինչ կատարվում է ներսումս։ Համոզված եմ, որ արդեն հասցրել եք հասկանալ, որ ծայրաստիճան դժվար է զգոն և ուշադիր մնալ ու սեփական գլխում առկա մշտական մենախոսության կողմից չհափշտակվել։ Ավարտելուցս քսան տարի անց կամաց-կամաց սկսել եմ հասկանալ, որ հումանիտար գիտությունների «մտածել սովորեցնելու» կլիշեն իրականում ավելի խորը և լուրջ գաղափարի սղագրությունն է. «սովորել մտածել»-ն իրականում նշանակում է սովորել վերահսկել, թե ինչ և ինչպես ես մտածում։ Սա նշանակում է լինել այնքան գիտակից և իրազեկ, որ կարողանանք ընտրել՝ ինչին ենք ուշադրություն դարձնում և ինչպես ենք մեր փորձից ելնելով իմաստ ստեղծում։ Որովհետև, եթե չես կարողանում այսպիսի ընտրությանը վարժեցնել քեզ չափահաս կյանքում, ապա կորած ես։ Հիշի՛ր հին կլիշեն, որի համաձայն «բանականությունը հոյակապ ծառա է, բայց սարսափելի տեր»։ Սա, շատ ուրիշ կլիշեների նման, ճղճիմ և անհետաքրքիր է առաջին հայացքից, բայց իրականում արտահայտում է մի մեծ և սարսափելի ճշմարտություն։ Պատահական չէ, որ չափահաս մարդիկ, ովքեր ցանկանում են հրազենով ինքնասպան լինել, գրեթե միշտ իրենք իրենց գլխին են կրակում։ Եվ ճշմարտությունն այն է, որ այս ինքնասպանների մեծ մասն իրականում մեռած է մինչև ձգանը սեղմելը։ Եվ ես ներկայացնում եմ, որ հումանիտար կրթության իրական արժեքը պիտի լինի հետևյալը՝ թե ինչպես ամեն օր չապրել մեր հարմարավետ, բարեկեցիկ և հարգելի չափահաս կյանքը մեռած, անգիտակից վիճակում՝ լինելով մեր ուղեղի և բացառապես, ամբողջապես, գերազանցապես մեր բնական կարգավորման ստրուկը։
Քանի որ սա կարող է չափազանցություն կամ վերացական անհեթեթություն թվալ, եկեք կոնկրետացնենք։ Փաստն այն է, որ դուք՝ շրջանավարտներդ, դեռ ընդհանրապես պատկերացում չունեք, թե ինչ է նշանակում «ամեն օրը»։ Այնպես է ստացվել, որ դիպլոմների հանձնման օրվա ելույթի ժամանակ ոչ ոք երբևիցե չի խոսում ամերիկյան չափահաս կյանքի որոշ կողմերի մասին։ Այդ կողմերից մեկը ներառում է ձանձրույթը, ռեժիմը և չնչին անբավարարությունը։ Ծնողներն ու այստեղ նստած այլ մեծահասկաները շատ լավ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը։ Օրինակ, եկեք պատկերացնենք, որ սովորական օր է և դուք արթնանում եք, գնում աշխատանքի, որը լի է մարտահրավերներով, քրտնաջան աշխատում եք ինը կամ տասը ժամ և օրվա վերջում արդեն հոգնած ու լարված եք։ Միակ բանը, որ ուզում եք անել, տուն գնալը, համեղ ընթրելն ու միգուցե մի քանի ժամ հանգստանալն է, քանի որ հետո պետք է շուտ պառկեք քնելու՝ վաղն առավոտյան արթնանալու և նորից այս ամենը կրկնելու համար։ Բայց հետո հիշում եք, որ տանը ուտելիք չկա, այս շաբաթ ժամանակ չեք ունեցել առևտուր անել, հենց ձեր՝ մարտահրավերներ պարունակող աշխատանքի պատճառով և հիմա աշխատանքից հետո պետք է նստեք ավտոմեքենան ու գնաք սուպերմարկետ։ Աշխատանքային օրվա ավարտն է, և երթևեկությունը ծանրաբեռնված է, հետևաբար, խանութ հասնելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան հարկավոր է։ Երբ վերջապես հասնում եք այնտեղ, սուպերմարկետը լի է մարդկանցով, որովհետև, իհարկե, օրվա այն պահն է, երբ բոլոր աշխատող մարդիկ իրար մեջ մխրճվելով փորձում են առևտուր անել անասելի տգեղ, կուրացնող լուսավորությամբ ու սպանիչ ֆոնային երաժշտությամբ խանութում, և մեծ հաշվով, սա վերջին տեղն է, որտեղ կուզենայիք լինել այդ պահին, բայց ուղղակի չեք կարող մտնել և շուտ դուրս գալ։ Պետք է թափառեք հսկայական, գերլուսավորված խանութի մարդաշատ միջանցքներով գտնելու համար այն, ինչ ուզում եք և պետք է մանևրեք ձեր խարխուլ սայլակով մնացած հոգնած, շտապող, սայլակավոր մարդկանց միջով։ Իհարկե, որոնց մեջ լինում են սառած, դանդաղաշարժ ծերունիներ, մտացիր մարդիկ, ուշադրության պակասի և hիպերակտիվություն համախտանիշ ունեցող երեխաներ, ովքեր փակում են միջանցքները և դուք պետք է ատամները կրճտացնելով փորձեք լինել քաղաքավարի՝ խնդրելով նրանց, որ ձեզ ճանապարհ տան։ Վերջապես վերցնում եք ընթրիքի համար նախատեսված պաշարը, բայց հիմա էլ պարզվում է, որ չկա բավարար քանակությամբ բաց դրամարկղ չնայած այն բանի, որ օրվա բուռն ավարտն է, հետևաբար հերթն աներևակայելիորեն երկար է, ինչը ստեղծում է հիմար ու նյարդայնացնող իրավիճակ, բայց չեք կարող բարկությունը թափել դրամարկղում աշխատող խուճապահար տիկնոջ վրա։
Ինչևէ, վերջապես ձեր հերթը հասնում է, վճարում եք մթերքի համար և սպասում եք, որ սարքը հաստատի բանկային չեկի կամ քարտի իսկությունը և որ հետո արդեն լսեք «Ձեզ բարի օր եմ մաղթում» արտահայտությունը, որը հնչում է այնպես, ասես մահն է խոսում: Այնուհետև պետք է սայլակի մեջ դրված սարսռեցնող բարակ պլաստիկ տոպրակներով մթերքը հասցնեք մարդաշատ, խորդուբորդ, կեղտոտ ավտոկայանատեղի և փորձեք տեղավորել տոպրակներն ավտոմեքենայի մեջ այնպես, որ տան ճանապարհին միջից ոչինչ չընկնի ու գլորվի այս ու այն կողմ բեռնախցիկում, իսկ հետո արդեն մեքենան պետք է վարեք տուն տանող ամենագնացներով լեցուն, դանդաղաշարժ, ծանր, պիկ ժամին հատուկ խցանված ճանապարհով և այլն, և այլն։
Ասածս այն է, որ հենց սրա նման չնչին, հիասթափեցնող պահերին ենք ընտրության առաջ կանգնում։ Որովհետև խցանումները, մարդաշատ միջանցքներն ու երկար հերթերը մեզ մտածելու ժամանակ են տալիս, և եթե ես գիտակից որոշում չկայացնեմ այն մասին, թե ինչպես մտածել և ինչի վրա ուշադրություն դարձնել, ապա նյարդայնացած ու ողորմելի կլինեմ ամեն անգամ, երբ հարկավոր լինի գնալ առևտուր անելու։ Պատճառն այն է, որ իմ բնական նախակարգավորումը վստահ լինելն է, որ այս տիպի իրավիճակներն իմ մասին են, իմ սովածության, իմ հոգնածության և իմ տուն գնալու ցանկության մասին են, ու ամբողջ աշխարհին կթվա, որ մնացած բոլորն ուղղակի կանգնած են իմ ճանապարհին և ովքե՞ր են այս մարդիկ ընդհանրապես։ Եվ նայեք՝ ինչքան զզվելի է նրանց մեծ մասը ու ինչքան հիմար, կովանման, մեռած հայացքով և անմարդկային են նրանք թվում այստեղ՝ հերթի մեջ, կամ ինչքան ձանձրացնող ու անշնորհք է, որ մարդիկ հերթի մեջ կանգնած բարձր զրուցում են հեռախոսով և նայեք, թե ինչքան անարդար է սա։ Ես ամբողջ օրը քրտնաջան աշխատել եմ և սոված ու հոգնած եմ, նույնիսկ չեմ կարող գնալ տուն՝ ուտելու և հանգստանալու այս բոլոր հիմար գրողի տարած մարդկանց պատճառով։
Կամ, իհարկե, եթե ես իմ նախակարգավորման հասարակայնորեն ավելի գիտակից վիճակում եմ, կարող եմ ժամանակ անցկացնել օրվա վերջի խցանման մեջ՝ բարկանալով և զզվելով հսկայական, հիմար, ճանապարհը փակող ամենագնացներից, Համմերներից և V-12 փիքափ ավտոմեքենաներից, որոնք այրում են թափոներով լի վառելանյութը իրենց քառասուն-գալոնանոց բաքերում։ Ես կարող եմ մանրամասնորեն կանգ առնել այն փաստի վրա, որ հայրենասիրական կամ կրոնական գրառումները թվում է, թե միշտ փակցված են ամենամեծ, ամենազզվելի ու եսասեր այս փոխադրամիջոցների թափքերին, որոնք վարում են ամենատգեղ, ամենաանուշադիր և ամենաագրեսիվ վարորդները, ովքեր սովորաբար հեռախոսով են խոսում և միևնույն ժամանակ կտրում են մարդկանց ճանապարհը՝ խցանման մեջ այդ գրողի տարած քսան ոտնաչափն առաջ ընկնելու համար։ Եվ ես կարող եմ մտածել այն բանի մասին, թե մեր երեխաների երեխաները մեզ ինչքան են ատելու ապագայի ամբողջ վառելանյութը վատնելու, հավանաբար կլիման փչացնելու համար և ինչքան երես առած, հիմար ու զզվելի ենք բոլորս, և ինչ վատ է այս ամենը և այլն և այլն։
Տեսեք, եթե դուք ընտրում եք այս կերպ մտածելը, լավ, շատերս ենք այդպես մտածում, հաշվի չառնելով, որ այդ ձևով մտածելն այնքան հեշտ է և ավտոմատացված, որ պարտադիր չէ այն ընտրելը։ Ավտոմատ, անգիտակից կերպով եմ ես զգում չափահաս կյանքի ձանձրալի, հիասթափեցնող, ամբոխված կողմերը, երբ աշխատում եմ այն ավտոմատ, անգիտակից հավատով, որ ես եմ աշխարհի կենտրոնը և որ իմ անհապաղ կարիքներն ու զգացմունքներն են, որ պետք է սահմանեն աշխարհի առաջնահերթությունները։ Բանն այն է, որ, ակնհայտորեն, կան այս տիպի իրավիճակների մասին մտածելու տարբեր ձևեր։ Խցանման մեջ այդ բոլոր փոխադրամիջոցները խրված են ու փակում են ճանապարհս։ Անհնարին չէ այն, որ ամենագնացները վարող մարդկանցից ոմանք սարսափելի ավտովթարների մեջ են եղել անցյալում և հիմա վարելն իրենց համար տրավմատիկ է և որ իրենց թերապեվտը կարգադրել է գնել հսկա, ծանր ամենագնաց՝ ապահով զգալու համար։ Կամ էլ, այն Համմերը, որը հենց նոր ճանապարհս կտրեց, գուցե, վարում է մի հայր, որը շտապում է կողքին նստած վիրավոր կամ հիվանդ փոքր երեխային հիվանդանոց հասցնել ու նա ավելի լեգիտիմ և մեծ շտապողականության մեջ է, քան ես։ Իրականում, այդ ես եմ նրան խանգարում։ Կամ, օրինակ, ես կարող եմ ինքս ինձ ստիպել հաշվի առնել այն հավանականությունը, որ սուպերմարկետի հերթում մնացած բոլոր մարդիկ նույնքան ձանձրացած և հիասթափված են, ոքան ես և որ այս մարդկանցից ոմանց կյանքն, ընդհանուր առմամբ, հավանաբար, ավելի դժվար, հոգնեցուցիչ կամ ցավալի է, քան իմը։
Կրկնում եմ մեկ անգամ ևս, մի՛ մտածեք, որ ես ձեզ բարոյական խրատ եմ տալիս, կամ ասում, որ դուք «պարտավորված եք» այս ձևով մտածել, կամ, որ որևիցե մեկն ակնկալում է, որ դուք ամենը ավտոմատ կերպով կանեք, որովհետև եղածը բարդ է, կամք ու մտավոր ջանք է պահանջում և եթե ինձ նման եք, կլինեն օրեր, երբ չեք կարողանա, կամ էլ ուղղակիորեն չեք ցանկանա դա անել։ Բայց մեծամասամբ, եթե այնքան իրազեկ եք, որ տալիս եք ինքներդ ձեզ ընտրության հնարավորություն, կարող եք ընտրել եւ այլ կերպ նայել այն չաղ, մեռած հայացքով, չափազանց շպարված տիկնոջը, ով հենց նոր հերթի մեջ բղավեց իր փոքր երեխայի վրա։ Միգուց,ե նա միշտ չէ այդպիսին, միգուցե նա երեք գիշեր արթուն է անց կացրել՝ բռնելով ոսկորնեիի քաղցկեղից մահամերձ ամուսնու ձեռքը կամ նա հենց այդ նույն տիկինն է՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի բաժանմունքի» ցածր վարձատրվող քարտուղարը, ով դեռ երեկ օգնել է ձեր կնոջը դուրս գալ մի մղձավանջի նմանվող քաշքշուկի մեջից՝ փոքրիկ բյուրոկրատական բարության միջոցով։ Իհարկե, սրանցից ոչ մեկը հավանական չէ, բայց միևնույն ժամանակ, անհնարին էլ չէ, ուղղակի կախված է նրանից, թե որն եք ցանկանում հաշվի առնել։ Եթե մեխանիկորեն վստահ եք, որ գիտեք՝ որն է իրականությունը և ով ու ինչն է իրոք կարևոր, եթե ցանկանում եք աշխատել ձեր նախակարգավորման վրա, ապա դուք, ինձ նման, հաշվի չեք առնի հնարավորությունները, որոնք անիմաստ և ձանձրացնող չեն։ Բայց եթե դուք իրոք սովոր եք «ինչպես» մտածելուն, «ինչպես» ուշադրություն դարձնելուն՝ կհասկանաք, որ ունեք այլ տարբերակներ։ Դա, իրականում, կլինի ձեր իսկ ուժերի մեջ՝ մարդաշատ, աղմկոտ, դանդաղ, սպառողական, դժոխային իրավիճակը համարել ոչ միայն իմաստալից, այլ նաև սուրբ, վառվող այն նույն ուժով, որը վառում է աստղերը՝ կարեկցանքի և սիրո ուժով, որոնք էլ բոլոր բաների ենթամակերեսային միությունն են։ Այնպես չէ, որ այս խորհրդավոր բաները պարտադիր ճիշտ են։ Միակ բանը, որ մեծատառով Ճշմարտություն է, այն է, որ դուք եք որոշում՝ ինչպես նայել դրանց։ Դուք եք գիտակցաբար որոշում ինչն ունի իմաստ, ինչը՝ ոչ։ Դուք եք որոշում ինչին երկրպագել…
Որովհետև ահա մեկ այլ բան, որ ճշմարիտ է։ Չափահաս կյանքի ամենօրյա պայքարում գոյություն չունի աթեիզմ հասկացությունը։ Բոլորն են երկրպագում։ Միակ ընտրությունը, որ կարող ենք կատարել՝ որոշել, թե ինչը երկրպագել։ Եվ աչքի ընկնող պատճառներից մեկը, թե ինչու են երկրպագելու համար ընտրում ինչ-որ Աստծո կամ հոգևոր այլ բան (լինի դա Հիսուս Քրիստոսը կամ Ալլահը, Յահվեն կամ Վիկկական մայր աստվածուհին կամ Չորս Ազնիվ Ճշմարտությունները կամ անժխտելի բարոյական սկզբունքների շարանը) այն է, որ համարյա բոլոր մնացած բաները, որոնց երկրպագում եք՝ ձեզ հում-հում կուտեն։ Եթե երկրպագում եք փողը և իրերը, եթե դրանց մեջ եք տեսնում կյանքի իրական իմաստը, ապա դրանցից երբեք չեք ունենա բավարար քանակությամբ։ Երբեք չեք զգա, որ ունեք բավարար քանակությամբ։ Եթե երկրպագեք ձեր մարմինը, գեղեցկությունն ու սեքսուալ hմայքը՝ միշտ տգեղ եք զգալու, և երբ ժամանակն ու տարիքը զգացնել տան իրենց, դուք միլիոնավոր անգամներ կմեռնեք մինչև ձեզ վերջապես թաղեն։ Ինչ-որ չափով բոլորս էլ այս ամենն արդեն գիտենք, դրանք օրինակագրվել են (տարիների ընթացքում) որպես առասպելներ, ասացվածքներ, կլիշեներ, ծեծված արտահայտություններ, էպիգրամներ, առակներ՝ յուրաքանչյուր լավ պատմության կմախքը։ Հնարքը՝ ճշմարտությունն առօրյա գիտակցության մեջ աչքի առաջ ունենալն է։ Երկրպագեք ուժը՝ թույլ, վախեցած ու մարդկանց իշխելու էլ ավելի մեծ ուժի պահանջ կզգաք՝ վախը մոտ չթողնելու համար։ Երկրպագեք ձեր ինտելեկտը. խելացի երևալը կավարտվի նրանով, որ դուք ձեզ հիմար կզգաք, կեղծարար, ով անընդհատ դիմակազերծված լինելու եզրին է։ Եվ այսպես շարունակ։
Տեսեք, պաշտամունքի այս ձևերի նենգությունը նրանում չէ, որ դրանք չար կամ մեղսագործ են, այլ նրանում, որ դրանք անգիտակից են։ Դրանք նախակարգավորումներ են։ Դրանք այն տեսակի պաշտամունքներ են, որոնց մեջ ժամանակի ընթացքում ընկղմվում ես՝ օր օրի ինչ-որ բան տեսնելու և արժեքավորելու հարցում դառնալով ավելի ու ավելի ընտրողական՝ առանց երբևէ ամբողջովին գիտակցելու, որ հենց դա ես անում։ Եվ աշխարհը ձեզ հետ չի պահի ձեր նախակարգավորումների վրա աշխատելուց, որովհետև տղամարդկանց, փողի և իշխանության աշխարհը շատ էլ լավ զուգընթաց շարժվում և մատակարարվում է վախի, արհամարհանքի, հիասթափության, տենչանքի և սեփական անձի պաշտամունքի կողմից։ Մեր սեփական ներկայի մշակույթը սանձել է այս ուժերն այն ձևերով, որոնք տեղի են տվել յուրահատուկ հարստության, հարմարության և անձնական ազատություն, որը մեր՝ գանգի չափ թագավորությունների, արարչության կենտրոնում միակ իշխանները դառնալու ազատությունն է։ Այս տեսակի ազատությունն առաջադրելու շատ բան ունի։ Բայց, իհարկե, ազատության տարբեր տեսակներ կան, և ամենաթանկարժեքի մասին չեք լսի, որ շատ խոսվի այն հաղթանակելու, ձեռք բերելու, դրսևորելու մեծ դրսի աշխարհում։ Ազատության իրոք կարևոր տեսակը ներառում է և՛ ուշադրություն, և՛ գիտակցում, և՛ կարգապահություն, և՛ ջանք, և՛ այլ մարդկանց մասին հոգ տանել կարողանալը և՛ նրանց համար զոհողությունների գնալը, նորից ու նորից, անթիվ չնչին ոչ գրավիչ ձևերով, ամեն օր։ Դա է իրական ազատությունը։ Այլընտրանքը անգիտակից լինելն է, նախակարգավորումն է, փողի և իշխանության անվերջ «առնետավազքը», մշտական կրծող զգացողությունը, որ ինչ-որ անսահման բան ունեցել ենք և կորցրել։
Ես գիտեմ, որ այս ամենը, հավանաբար, ուրախ ու զվարճալի կամ չափազանց ոգեշնչող չի հնչում։ Այն, որքանով որ ես եմ հիմա տեսնում իրականությունն է՝ զույգ-զույգ միացրած շատ հիմարությունների հետ։ Ակնհայտ է, որ կարող եք մտածել այն, ինչ ուզում եք։ Բայց, խնդրում եմ, մի մերժեք այն՝ մատ թափահարող բժիշկ Լորայի քարոզների նման։[1] Սրանցից ոչ մեկը բարոյականության կամ կրոնի կամ դոգմայի կամ կյանքի ու մահվան ցնորական հարցերի մասին չէ։ Մեծատառով Ճշմարտությունը նախքան մահ կյանքի մասին է։ Մինչև երեսուն, կամ գուցե հիսուն տարեկան գոյատևելն է՝ առանց ինքդ քո գլխին կրակելու ցանկությունն ունենալու։ Պարզ գիտակցության մասին է, գիտակցության, թե ինչն է իրական և էական, թաքնված, բայց և ակնառու բոլորիս շուրջը և որ մենք պետք է շարունակենք ինքներս մեզ հիշեցնել նորից ու նորից՝ «Սա է ջուրը»։
Աներևակայելիորեն դժվար է մնալ գիտակից և կենդանի ամեն օր։
[1] Հղում է անում ամերիկացի ռադիոհաղորդավար և հեղինակ Լորա Շլեսինգերին, որն իր «Doctor Laura» հաղորդման ընթացքում պատասխանում է զանգահարողներին և անհատական խորհուրդներ տալիս։
Անգլերենից թարգմանեց Լաուրա Հովակիմյանը
- Created on .
- Hits: 3215