Էլիոթ Վայնբերգեր․ Չաներ
Չան Չի-հոն 8-րդ դարում կորցրեց իր պաշտոնը Կայսեր կառավարման ժամանակ և հեռացավ լեռներ։ Նա իրեն նվիրեց ձկնորսությանը, սակայն երբեք ոչ մի խայծ չօգտագործեց, քանզի նպատակը ձուկ բռնելը չէր։
Չան Ցայը երրորդ դարում թագաժառանգի քարտուղարն էր։ Նրա տգեղությունն այնքան ծայրահեղ էր, որ երեխաներն ամեն անգամ քարկոծում էին` հենց դուրս էր գալիս։
Չան Չիոն երկրորդ դարում իրեն անվանեց «Դեղին Աստված»՝ հետևից տանելով դեղին չալմա կրող 360 հազար հետևորդների բանակ։ Նրանք տապալեցին Հան դինաստիան։
Չան Չաոն՝ «Տառերի հինգ մարդկանցից» մեկը 18-րդ դարում ընկավ ձիուց, բայց զարմացրեց Կայսերը՝ շարունակելով բանաստեղություններ գրել ձախ ձեռքով։
Չան Չեն-չոն ութերորդ դարում հայտնի էր իր անզուգական ազնվությամբ։ Սուչժոուի կառավարիչ նշանակվելով՝ նա մի խնջույք կազմակերպեց իր ընկերների և հարազատների համար, նրանց առատորեն պարգևատրեց մետաքսով և գումարով, իսկ հետո, աչքերն արցունքոտված, ասաց, որ այդ պահից սկսած այլևս երբեք չի կարող տեսնել նրանց։
Չան Սեն-յուն 6-րդ դարում Խաղաղության և Ուրախության տաճարի վրա երկու անաչք վիշապ նկարեց և զգուշացրեց, որ կտավը երբեք չպիտի ավարտին հասցվի։ Կասկածամիտ մեկը ավելացրեց վիշապների աչքերը, որից հետո տաճարի պատերը փուլ եկան, իսկ վիշապները թռան-գնացին։
Չան Չունը 14-րդ դարի մի փիլիսոփա էր, որը վայրենու պես թափառում էր սարերում և միշտ երկաթե թասակ էր կրում։
Չան Չիենը Ք․Ա․ 2-րդ դարում առաջին չինացին էր, որը ճամփորդեց դեպի հեռավոր արևմուտք։ Նրան գերեվարեցին Բաքտրիայում, որտեղ տասը տարի անցկացնելուց հետո կարողացավ փախչել Ֆերգանա։ Այնտեղից բերեց առաջին ընկույզները և մշակովի խաղողները, թելավոր բամբուկն ու կանեփը, ինչպես նաև գինեգործության արվեստը։
Այս նույն Չան Չիենը այնքան հեռու տեղեր էր հասել ճամփորդելով, որ մարդիկ հավատացած էին՝ նա գտել էր Դեղին գետի ակունքը, որը ներքև էր հոսում Ծիր Կաթինից։ Բազմաթիվ ամիսներ բարձրանալով գետի հոսանքն ի վեր՝ նա հասել էր մի քաղաքի, որտեղ տեսել էր ցլին ջրի տանող մի երիտասարդ տղամարդու և թել մանող մի երիտասարդ կնոջ։ Հարցրել էր, թե որտե՞ղ է, ինչին ի պատասխանը կինը նրան մի մաքոք էր տվլ և հրամայել ցույց տալ այն հանրահայտ աստղագետ Յեն Չունպինին։ Վերադառնալով աստղագետը ճանաչել էր Մանող Աղջկա մաքոքը՝ Քնարի համաստեղծությունը, և ասել, որ Չանի՝ տարօրինակ քաղաք մտնելու ճիշտ պահին, Մանող Աղջա և Ցլարած Տղայի միջով անցնող մի թափառաան աստղ էր նկատել։
Չան Չաոն 17-րդ դարում ասել է․ «Ծաղիկները պետք է թիթեռներ ունենան, սարերը պետք է առուներ ունենան, քարերը պետք է մամուռներ ունենան, օվկիանոները՝ ջրիմուռներ, ծերացած ծառերը պետք է սողացող բույսեր ունենան, իսկ մարդիկ՝ կպչուն մտքեր»։
Չան Չանը՝ Ք․ա․ առաջին դարի գիտնական և կառավարիչ, սովորություն ուներ կնոջ հոնքերը անձամբ ներկելու։ Երբ Կայսրը հարցրեց, թե ինչու է այդպես անում, Չանը պատասխանեց, որ կանայք հոնքերը խիստ կարևոր են համարում։
Թե՛ 8-րդ դարի Չան Չոն, թե՛ 11-րդ դարի Չան Չիու-կոն թղթից թիթեռներ էին կտրտում, որոնք թռչում էին այս ու այն կողմ, իսկ հետո վերադառնում նրանց ձեռքերի մեջ։
Չան Չուն՝ 13-րդ դարի բանաստեղծ, մի տող է գրել․ «Կարմիր ոչխարների կատակլիզմը», որը այդպես էլ ոչ ոք չի կարողացել բացատրել։
Չան Սու-չինը, որը թաոիստ էր, ոչ ոք չի հիշում, թե երբ, ձեռք է բերել կյանքի էլիքսիրը և բացահատել, որ վագրերը կատարում են իր հրամանները։
Չան Ջեն-հսին 18-րդ դարում թանաքի մասին տրակտատ է գրել։
Չան Լի-հուան 6-րդ դարում Կայսեր սիրելի հարճն էր։ Նա հնչակավոր էր իր վարսերի գեղեցկությամբ, որոնք յոթ ֆուտ երկարություն ունեին։
Չան Չժանին՝ 5-րդ դարի մի բանաստեղծի, մի թաոիստ հոգևորական ճերմակ ձկնկուլի փետուրներից պատրաստված հովհար նվիրեց՝ ասելով, որ տարօրինակ բաները պետք է տրվեն տարօրինակ մարդկանց։ Կայսրն ասաց, որ թագավորությունը չի կարող գոյություն ունենալ առանց Չան Չժանի պես մեկի և չի կարող գոյություն ունենալ նրա պես երկու հոգու ներկայության դեպքում։
Չան Շանը 756 թվականին խիզախաբար դիմադրել է Սու Յանի պաշարմանը, և քանի որ պաշարներն ու ուտելիքը սպառման եզրին էին, զոհաբերել է իր սիրելի հարճին։ Զոհաբերությունը, սակայն, որևէ արդյունք չի տվել։ Նրա պատրիոտիկ կատաղությունը ստիպել էր այնքան ամուր սեղմել ատամները, որ մահապատժից հետո պարզվել էր՝ ոչ մի ատամ տեղում չէր մնացել։
Չան Ֆան-պինը 11-րդ դարի բեղուն գրող էր, որը երբեք և ոչ մի սևագրություն չի արել։
Չան Կուն-ի ընտանիքը 7-րդ դարում նշանավոր էր նրանով, որ ինը սերունդ ներդաշնակությամբ ապրել էր։ Երբ Կայսրը հարցրել է, թե ինչպե՞ս է դա հնարավոր, Չան Կուն-ին թուղթ ու գրիչ է խնդրել և անընդհատ գրել «համբերություն» բառի նշանը։
Չան Կուոն 8-րդ դարի Ութ Անմահներից մեկն էր։ Կայսրուհին բանբեր է ուղարկում նրան ապարանք կանչելու համար, սակայն բանբերի ժամանելու պահին Չանն արդեն մահացել էր։ Ավելի ուշ վերջինս նորից հայտնվում է, և Կայսրուհին այդ անգամ էլ է բանբեր ուղարկում, որը ուշագնաց է լինում՝ այդպես մնալով տարիներ շարունակ։ Երրորդ բանբերը հաջողությամբ է պսակում առաջադրանքը։ Չանը զվարճացնում է ողջ արքունքիը՝ անհետանալով և թույն խմելով, սակայն մերժում է Արժանավորների սրահում իր դիմանկարը կախելու առաջարկը։
Չան Առաջինը 2-րդ դարում հեղինակել է բազմազան տեղեկությունների հանրագիտարան։ Չան Կայը նույն դարում կարողանում էր մառախուղներ առաջացնել։
Չան Յինը 17-րդ դարում Կայսեր պաշտոնական ընթերցողն էր։
Չան Ցուն 7-րդ դարում շատ քննադատ էր և միշտ խնդիրներ էր ունենում, բայց ասում են, որ նրա էսսեները ասես ոսկու հազարավոր կտորներ լինեն ընտրված ոսկու հազարավոր կտորներից։ Սա նշանակում է, որ բոլորն էլ անգին էին։
Չան Յին-Վենը 16-րդ դարում երբեք չէր կարողանում քննություններ հանձնել, քանզի միայն մտածում էր հնությունների մասին։ Բարեբախտաբար՝ դրանց գիտակ դարձավ։
Երբ Չան Շաուն մահացավ Հան դինաստայի կառավարման ինչ-որ շրջանում և հայնտվեց իր ընկերոջ՝ Ֆան Շիի երազում։ Ֆանն անմիջապես ճանապարհ ընկավ՝ մասնակցելու բազմաթիվ գավառներ հեռու անցկացվող հուղարկավորությանը։ Մի քանի շաբաթ շարունակ ոչ ոք չէր կարողանում բարձրացնել Չանի դագաղը՝ մինչ մի օր ճերմակ ձիու հեծնած ժամանեց սևազգեստ Չանը։
Չան Հուան-յենը՝ Մին դինաստիայի 17-րդ դարի վերջին աջակիցը, հեռացել էր մի անապատային կղզի, որտեղ սովորեցրել էր կապիկներին զգուշացնել իրեն թշնամու մոտենալու դեպքում։
Չան Սաուն 9-րդ դարում ծառեր էր նկարում՝ միաժամանկ օգտագործելով մատն ու մի մաշված վրձին․ մեկը՝ կենդանի պատկերի, մյուսն էլ՝ մեռած ճյուղերի և թափված տերևների համար։
Չան Հուան 3-րդ դարում գրել է հայտնի ռափսոդիա կամ հանգավոր արձակ բանաստեղծություն (fu) եղնջաթռչնակի մասին։ Եղնջաթռչնակը փոքրիկ թռչուն է։ Այն սնվում է միայն քիչ թվով հացահատիկներով / բույնը հյուսում է առանձին ճյուղի վրա / կարողանում է թռչել միայն մի քանի մատնաչափ / շատ քիչ տեղ է զբաղեցնում և վնասակար չէ։ Նրա փետուրները մուգ գորշագույն են / մարդկության համար անպիտան է, բայց ինքն էլ է ստանում կյանքի ուժը։ Սագերն ու բադերը կարող են թռչել մինչև ամպեր, բայց նիզակներով գամված են գետնին, որովհետև նրանց մաշկը թմբլիկ է։ Ալկիոնները և սիրամարգները պարտավոր են զոհ դառնալ, քանզի գեղեցիկ փետուրներ ունեն։ Բազեն դաժան է, բայց պահվում է կապանքներում / թութակը խելացի է, բայց փակված է վանդակում, որտեղից ստիպված է կրկնել իր ուսուցչի խոսքերը։ Միայն փոքրիկ եղնջաթղչնակն է՝ անարժեք և չսիրված, ազատ։
Չան Հուան շատ ու շատ բանաստեղծների պես չէր լսում ինքն իրեն։ Նա սերում էր մի հարգված ընտանիքից, որը սակայն աղքատության շեմին էր հասել։ Երիտասարդ տարիքում նա զբաղվել է այծարածությամբ, սակայն այնքան նկատելի է եղել խելքով, որ ամուսնացել է հանրաճանաչ մի պաշտոնյայի դստեր հետ և նշանակվել Արարողույթունների նախարարության էրուդիտ։ Այնտեղից հետո դարձել է Կազմողի տեղակալ, ապա Արքունական գրողների ջենթլմեն։ Կայսրը հաճախ էր նրա հետ քննարկում ծեսերի և արարողակարգերի հետ կապված հարցեր։ 267 թվականին նրան շնորհվեց Օրենքների Մարկիզի կոչում, իսկ 270 թվականին նա կայսրական գրադարանը կազմակերպելու և ցուցակավորելու համակարգ ստեղծեց, որը կիրառվել է դարեր շարունակ։ Այնուհետև նա դարձավ Գուանուի մարկիզ և Յուչոյի ռազմական կառավարիչ։ 287 թվականին Կայսերական հինավուրց տաճարի Մեծ սրահի տանիքի հիմնասյունը փլուզվեց, և, Չանը, որն այդ ժամանակ Արարողությունների նախարարն էր, պատասխանատվության կանչվեց և խայտառակվեց։ Մի քանի տարի անց նոր Կայսեր հայտնվելով՝ Չանը վերադարձավ պալատ, և ստանձնեց Կայսերական ապարանքի ճշմարտության գրանդի, Գրելու վարպետների վերահսկիչի, Գուանուի դուքսի պաշտոնները, և, ի վերջո, իր ամենաբարձր՝ Աշխատանքի նախարարի պաշտոնը։ 299 թվականին նա ընկավ պալատական ինտրիգների մեջ։ Սակայն հրաժարվեց միանալ հետագա-բարեհաջող-հեղաշրջմանը։ Չանը և նրա բոլոր որդիները մահապատժի ենթարկվեցին։
Թարգմ․՝ Անահիտ Ղազախեցյանի
- Created on .
- Hits: 4338