Յուրի Լոտման․ Դեկաբրիստը կենցաղում (մաս 4)

Մաս 1

Մաս 2

Մաս 3

 

Մաս 4

Բառի հզոր ներգործությունը վարքի վրա առանձնապես ցայտուն է դրսևորվում ամենօրյա կյանքի այն բնագավառներում, որոնք իրենց բնույթով ամենից շատն են տարանջատված հասարակական ինքնագիտակցությունից։ Այդ ոլորտներից մեկը հանգիստն է։

Ըստ իր հասարակական ու հոգեֆիզիոլոգիական գործառույթի՝ հանգիստը պետք է կառուցվի որպես կյանքի սովորական կարգի ուղղակի հակապատկեր։ Միայն այդ դեպքում այն կարող է փոխակերպում և լիցքաթափում դառնալ։ Սոցիալական հարաբերությունների բարդ համակարգ ունեցող հասարակության մեջ հանգիստն անխուսափելիորեն ուղղորդված է լինելու անմիջականությանը, բնականությանը, պարզությանը, արտանշանայնությանը: Այսպես՝ քաղաքային տիպի քաղաքակրթություններում հանգիստը ուղևորում է ներառում դեպի «բնության գիրկ»։ XIX դարի ռուս ազնվականի, իսկ դրա երկրորդ կեսին նաև չինովնիկի համար կյանքի խիստ կանոնակարգվածությունը քաղաքավարության բարձրաշխարհիկ կանոններով, կոչումների դասային կամ բյուրոկրատական հիերարխիան հանգեցնում է նրան, որ հանգիստը սկսում է ասոցացվել թատերական կուլիսների կամ գնչուական ճամբարի աշխարհին հաղորդակից դառնալու հետ։ Վաճառականների միջավայրում սովորական կենցաղի խիստ «դասային աստիճանակարգմանն» էր հակադրվում նաև սահմաններ չճանաչող «շվայտությունը»։ Հասարակական դիմակի փոփոխման հարկադրականությունը հատկապես հետևյալում էր դրսևորվում։ Եթե ամենօրյա կյանքում կոլեկտիվի տվյալ անդամը նվաստ և խեղճ էր, ապա «զվարճանալիս» պետք է այն մարդու դերը խաղար, որին «սատանան էլ եղբայր չէ»[1]։ Եվ հակառակը՝ բարձր հեղինակություն ունեցողի համար տոնի հայելային աշխարհում նրա դերը երբեմն «նվաստացածի» խաղն էր ներառելու։

Տոնին բնորոշ հատկանիշը նրա հստակ սահմանազատվածությունն է մնացյալ՝ «ոչ տոնական» աշխարհից։ Դա սահմանազատում է տարածության մեջ․ տոնը հաճախ պահանջում է ուրիշ տարածություններ (ավելի տոնական՝ դահլիճի շքամուտք, տաճար, կամ պակաս տոնական՝ զբոսախնջույք, ետնախորշեր) և հատուկ առանձնացված ժամանակահատված (օրացուցային տոներ, երեկոյան և գիշերը, երբ առօրյա կյանքում ընդունված է քնել և այլն)։

XIX դարի սկզբին ազնվականի կենցաղում տոնը բավականին բարդ և բազմաձև երևույթ է։ Մի կողմից, հատկապես գավառում և գյուղում, այն սերտորեն կապված է գյուղացիական օրացույցի ծիսակարգի հետ։ Մյուս կողմից՝ երիտասարդ, հազիվ հարյուր տարին բոլորած հետպետրովյան ազնվական մշակույթը դեռևս չէր տառապում սովորական, ոչ տոնական կենցաղի քարացած ծիսականությունից։ Դա հանգեցնում էր նրան, որ պարահանդեսը, ինչպես բանակի համար զորահանդեսը, երբեմն ոչ թե ծիսակարգության մակարդակի իջեցման վայր էր դառնում, այլ հակառակը՝ կտրուկ բարձրացնում էր դրա սանդղակը։ Հանգիստը վերաբերում էր ոչ թե վարքի սահմանափակման վերացմանը, այլ բազմատեսակ չծիսականացված գործունեությունից լրիվ ձևական, ծիսակարգի վերածված վարվելաձևերի խիստ սահմանափակ լրակազմի անցնելուն՝ պարեր, թղթախաղ, «Օլիգարխական  խոսք ու զրույցի վայելուչ կարգ․․․»[2]։

Բոլորովին այլ է զինվորական երիտասարդության միջավայրը։ Պավել I-ի օրոք զորքերում (հատկապես գվարդիայում) հաստատվեց դիմազրկող կարգապահության այն դաժան ռեժիմը, որի գագաթնակետը և ամենակատարյալ դրսևորումը զորաշարվածքի շքերթն էր։ Դեկաբրիստների ժամանակակից Ֆ․ ֆոն Բոկը[3] Ալեքսանդր I-ին ուղղված նամակում գրում էր․ «Շքերթը ոչնչության տոնակատարություն է, և յուրաքանչյուր զինվոր, որի առաջ հայացքդ կխոնարհեիր մարտի ժամանակ, շքերթին խրտվիլակ է դառնում, այնժամ, երբ կայսրը կուռք է թվում, որը միայն մտածում և կառավարում է»[4]։

Այնտեղ, որտեղ առօրյա կյանքը խստակրթությամբ և շքերթով էր հանդես գալիս, հանգիստը, բնականաբար, խրախճանքի և օրգիայիի ձև էր ընդունում։ Այդ իմաստով խրախճանքները միանգամայն օրինական էին և զինվորական երիտասարդության «բնականոն» վարքի մի մասն էին կազմում։ Կարելի է ասել, որ որոշակի տարիքի համար և որոշակի սահմաններում դրանք սպայի «լավ» վարքի պարտադիր բաղկացուցիչ մաս էին (անշուշտ, ներառելով և՛ քանակական, և՛ որակական տարբերություններ ոչ միայն «գվարդիա-բանակ» անտիթեզում, այլև ըստ զորքերի և նույնիսկ գնդերի՝ դրանց սահմաններում որոշակի պարտադիր ավանդույթ ստեղծելով):

Սակայն XIX դարի սկզբին այդ ֆոնին շվայտ վարքի մի առանձնահատուկ տեսակ սկսեց աչքի ընկնել, որն արդեն ոչ թե որպես բանակային կենցաղի ընդունված կարգ էր ընկալվում, այլ որպես ազատախոհության տեսակ։ Ազատության տարրն այստեղ դրսևորվում է կենցաղային ինքնատիպ ռոմանտիզմում՝ ցանկացած տեսակի սահմանափակումների չեղարկման, անսանձ վարքի ձևով։ Այդպիսի վարքի տիպային մոդելը կառուցվում էր որպես այդ տեսակ խրախճանքի ինչ-որ ընդունված կորիֆեյի[5] հանդեպ հաղթանակ։ Արարքի իմաստն անհավատալի մի բան անելն էր և գերազանցելը նրան, որին ոչ ոք դեռ չէր կարողացել հաղթել։ Պուշկինը խիստ ճշգրտությամբ բնութագրել է այդ տեսակ վարքը Սիլվիոյի մենախոսությունում («Կրակոց» (Выстрел))․ «Ծառայում էի ***  հուսարական գնդում։ Բնավորությունս ծանոթ է ձեզ․ սովոր եմ առաջինը լինելու, բայց երիտասարդ ժամանակվանից եմ ունեցել այդ մոլությունը։ Մեր ժամանակ սանձարձակությունը նորաձև էր․ բանակում առաջին անկարգություն անողը ես էի։ Պարծենում էինք հարբեցողությամբ․ խմելու մեջ գերազանցել եմ Դենիս Դավիդովի կողմից գովերգված հռչակավոր Բուրցովին»։ «Խմելու մեջ գերազանցել եմ» արտահայտությունը բնութագրում է մրցակցության և առաջինը լինելու խանդավառության այն տարրը, որը 1810-ական թվականների վերջին ընդհանուր ճանաչում գտած և «ազատախոհության» շեմին կանգնած «վայրագության» տարբերակիչ հատկանիշն էր։

Մի հատկանշական օրինակ բերենք։ Միխայիլ Լունինին նվիրված գրականության մեջ մշտապես հանդիպում է Ն․ Ա․ Բելոգոլովիի[6] պատմած միջադեպը, որը գրի է առնվել Ի․ Դ․ Յակուշկինի[7] խոսքերից․ «Լունինը գվարդիական սպա էր և իր գնդի հետ ամռանը Պետերգոֆի մոտակայքում էր գտնվում։ Շոգ ամառ էր, և սպաներն ու զինվորները ազատ ժամանակ մեծագույն հաճույքով թարմանում էին ծովածոցում լողալով։ Ղեկավարող գերմանացի գեներալը, խիստ պատժով սպառնալով, անսպասելիորեն արգելում է լողալ՝ հիմք ընդունելով այն, որ այդ լոգանքները ճանապարհի երթևեկելի հատվածի մոտակայքում են տեղի ունենում և դրանով անարգում են պատշաճությունը․ այդ ժամանակ Լունինը, պարզելով, թե երբ է գեներալն անցնելու այդ ճանապարհով,  դրանից մի քանի րոպե առաջ ամբողջական համազգեստով՝ կիվերով[8], վերնահագուստով և բոտֆորտներով[9], մտնում է ջուրը, այնպես որ գեներալը արդեն հեռվից կարող էր տեսնել ջրում թպրտացող սպայի տարօրինակ տեսարանը։ Երբ գեներալը մոտենում է, Լունինն արագ ոտքի է կանգնում, զգաստանում և պատկառանքով պատիվ տալիս։ Շփոթված գեներալը մոտ է կանչում սպային, ճանաչում Լունինին՝ մեծն իշխանների սիրելիին ու փայլուն գվարդիականներից մեկին, և հարցնում․

- Ի՞նչ եք այստեղ անում։

- Լողում եմ,- պատասխանում է Լունինը,- և որպեսզի չխախտեմ Ձերդ գերազանցության կարգադրությունը, փորձում եմ հնարավորինս պատշաճ եղանակով անել դա»[10]։

Ն․ Ա․ Բելոգոլովին միանգամայն իրավացիորեն է այս ամենը որպես «բողոքների․․․ սանձարձակության» դրսևորում մեկնաբանել։ Սակայն Լունինի արարքի իմաստը մինչև վերջ պարզ չի լինի, մինչև այն չհամեմատենք մեկ այլ վկայության հետ, որը պատմաբանների ուշադրությանը չի արժանացել։ Զուբովյան գաճաճ Իվան Յակուբովսկու հուշագրություններում Վալերիան Զուբովի արտամուսնական որդու՝ ուլանական գվարդիայի գնդի յունկեր[11] Վ․ Ի Կորոչարովի մասին մի պատմություն կա․ «Ի՜նչ պատահեց նրան այստեղ։ Բոլորը Ստրելնայում[12] էին, մի քանի սպաներ գնացին լողալու, նա էլ գնաց, բայց մեծն իշխան Կոնստանտին Պավլովիչը՝ նրանց պետը, գնաց ծովափին զբոսնելու և եկավ այնտեղ, որտեղ նրանք լողում էին։ Սպաները վախեցան և ջուրը նետվեցին նավակից, բայց միայն Կորոչարովը մորեմերկ ձգվեց և ասաց․

- Ողջունում եմ, Ձե՛րդ գերազանցություն։

Այդ օրից սկսած մեծն իշխանը շատ սիրեց նրան․

- Քաջ սպա է դառնալու»[13]։

Հետագայում շտաբ-ռոտմիստրի պաշտոնում Կորոչարովը, երեք խաչ[14] ունենալով, մահացու վիրավորվում է լեհական ուլանների վրա կատարված անվեհեր հարձակման ժամանակ։ Ժամանակագրորեն լողալու երկու միջադեպերը համընկնում են։

Հետևաբար պատմությունն այսպես է վերականգնվում․ գվարդիական ուլանների յունկերը, առանց իրեն կորցնելու, խիզախ արարք է գործում, որը միաժամանակ և՛ հիացմունք է առաջացնում գվարդիայում, և՛ լողալն արգելող կարգադրության պատճառ դառնում։ Լունինը՝ որպես «բանակի առաջին անկարգություն անող», պետք է գերազանցեր Կորոչարովի արարքը (երևում է, մեծ դեր է խաղացել գվարդիական հեծյալ զինվորների պատիվը բարձր պահելու ցանկությունը՝ «գերազանցելով» ուլաններին)։ Շվայտ արարքի կարևորությունը հենց այն է, որ անցնեն սահմանը, որը դեռ ոչ ոք չի անցել։ Լ․ Ն․ Տոլստոյը Պիեռի և Դոլոխովի[15] խրախճանքները նկարագրելիս դիպուկ կերպով որսացել է հենց այդ կողմը։

Նախատեսված խրախճանքը հակառակին վերափոխվելու մեկ այլ նշան է ձգտումը տեսնելու դրա մեջ ոչ թե ծառայությունը լրացնող հանգիստ, այլ դրա անտիթեզը։ Խրախճանքի աշխարհը ինքնուրույն ոլորտ էր դառնում, որի մեջ ընկղմվելը բացառում էր ծառայությունը։ Այդ առումով մի կողմից այն սկսում էր զուգորդվել ծառայությունից դուրս գտնվող կյանքի և աշխարհի հետ, իսկ մյուս կողմից՝ պոեզիայի․ թե՛ մեկը, թե՛ մյուսը XVIII դարում գրավել էին ծառայության «հակապատկերի» տեղը։ «Սպայական» վարքի սահմաններից դուրս եկող խելահեղություն էր հայտնի Ֆեոդոր Տոլստոյ-Ամերիկացու[16] սանձարձակությունը։ Այն նույնպես «մինչև այժմ կատարվածը գերազանցելու» մոդելով էր կառուցված։ Բայց Տոլստոյ-Ամերիկացին խախտում էր ոչ միայն գվարդիական վարքի կանոնները, այլև ընդհանրապես բոլոր կանոնները։ Մի կողմից՝ այդ անվերջանալի բարոյազանցությունը ռոմանտիկական-տիտանական բնույթ էր հաղորդում Տոլստոյի ցոփությանը, ինչը ստիպում էր ռոմանտիկական հերոս տեսնել նրա մեջ, մյուս կողմից՝ անցնում էր բոլոր այն սահմանները, որ պաշտոնապես թույլատրված էին, և դրանով իսկ բողոքի երանգ էր ստանում։ Տոլստոյ-Ամերիկացու վարքում ոչ թե քաղաքական, այլ կենցաղային անարխիզմ էր, բայց, օրինակ, Պ․ Վյազեմսկու գրչի տակ այն հեշտությամբ ընդդիմադիր (оппозиционный) երանգ է ձեռք բերել․ 

          Американец и цыган!
          На свете нравственном загадка.
          Которого, как лихорадка,
          Мятежных склонностей дурман
          Или страстей кипящих схватка
          Всегда из края мечет в край,
          Из рая в ад, из ада в рай!
          Которого душа есть пламень,
          А ум холодный эгоист!
          Под бурей рока — твердый камень
          В волненьи страсти — легкой лист[17] 

          (Ամերիկացի՜ և գնչու՜, 
          Բարոյական աշխարհում առեղծված է։ 
          Որին տենդի, 
          Ըմբոստ հակումներով թմբիրի
          Կամ բուռն կրքերով լի գոտեմարտի նման 
          Միշտ մի ծայրից մյուսն է նետում, 
          Դրախտից՝ դժոխք, դժոխքից՝ դրախտ։
          Որի հոգին հուր է, 
          Իսկ ուղեղը՝ սառնարյո՜ւն եսասեր։
          Ճակատագրի փոթորկում՝ ամուր քար,
          Կրքի ալեկոծությունում՝ թեթև տե՜րև[18]։) 

Տոլստոյ-Ամերիկացու կենցաղային վարքը Վյազեմսկու՝ այն ժամանակների պոեզիայի իդեալների իրական կենսագործումն էր։ Հատկանշական է, որ նման տիտանական խրախճանքը կարող էր որպես «կյանքի պոեզիա» ընկալվել, իսկ «ապօրինի պոեզիան»՝ որպես «խրախճանք բանաստեղծություններում»։

Դրա շարունակությունը դարձավ խրախճանքի, որը նախկինում լիովին պատկանում էր զուտ պրակտիկ կենցաղային վարքին, և տեսական գաղափարախոսական պատկերացումների միջև կապի հաստատումը։ Դա մի կողմից նպաստեց, որ խրախճանքը, սանձարձակությունը վերածվեն հասարակայնորեն նշանակալից վարքի տարատեսակի, իսկ մյուս կողմից՝ հանգեցրեց դրա ծիսականացման, որն ընկերական գինարբուքը երբեմն մոտեցնում էր տրավեստական[19] պատարագի կամ մասոնական օթյակի պարոդիական նիստի։

XIX դարի սկզբին մշակույթը կանգնեց երկու կոնցեպտներից մեկն ընտրելու անհրաժեշտության առաջ։ Ընդ որում՝ այդ ժամանակ դրանցից յուրաքանչյուրը կապվում էր առաջադիմական մտքի որոշակի ուղղությունների հետ։ XVIII հարյուրամյակի փիլիսոփաներից եկող ավանդույթը հիմք էր ընդունում այն, որ երջանկության իրավունքը ներդրված է մարդու էության մեջ, իսկ համընդհանուր բարօրությունը ենթադրում է առանձին անհատի առավելագույն բարօրություն։ Այդ տեսակետից երջանկության ձգտող մարդը իրականացնում էր Բնության և Բարոյականության կարգադրությունները։ Երջանկությունից ինքնահրաժարվելու ցանկացած կոչ ընկալվում էր որպես դեսպոտիզմին[20] ձեռնտու տեսություն։ Դրան հակառակ՝ XVIII դարի մատերիալիստներին հատուկ հեդոնիզմի[21] էթիկայում միաժամանակ նաև ազատասիրության դրսևորում էին տեսնում։ Կիրքը ընկալվում էր որպես ազատության պոռթկումի արտահայտություն։ Կրքով լի, երջանկություն տենչող, սիրո և ուրախության ունակ մարդը չի կարող ստրուկ լինել։ Այդ տեսանկյունից՝ ազատասեր իդեալը երկու համարժեք դրսևորում կարող էր ունենալ՝ քաղաքացի՝ լցված դեսպոտիզմի հանդեպ ատելությամբ, կամ կրքոտ կին՝ համակված երջանկության փափագով։ Ազատասիրության հենց այս երկու եղանակն է կողք կողքի դրել Պուշկինը 1817 թվականի բանաստեղծությունում․ 

                                         ․․․в отечестве моем
          Где верный ум, где гений мы найдем?
          Где гражданин с душою благородной,
          Возвышенной и пламенно свободной?
          Где женщина — не с хладной красотой,
          Но с пламенной, пленительной, живой․ 

                                                 (․․․հայրենիքում իմ
          Ո՞ւր է անվրեպ միտքը, որտե՞ղ գտնենք հանճարին։
          Ո՞ւր է քաղաքացին՝ հոգով ազնիվ,
          Վսեմորեն ու բոցակեզ ազատ։
          Ո՞ւր է կինը - ոչ թե անկիրք գեղեցկությամբ,
          Այլ դյութիչ, կրակոտ, կենդանի[22]։) 

Ազատասիրությանը հաղորդակից դառնալը հենց որպես տոն էր պատկերվում, իսկ խնջույքը և անգամ օրգիան տեսնում էին որպես ազատության իդեալի իրացում։

Սակայն ազատասիրական բարոյականության մեկ այլ տեսակ ևս կարող էր լինել։ Այն հիմնվում էր առաջադեմ բարոյական պատկերացումների այն բարդ կոնգլոմերատի վրա, որը կապված էր XVIII դարի մատերիալիստների փիլիսոփայական ժառանգության վերանայման հետ և միանգամայն հակասական աղբյուրներ էր ներառում՝ Ռուսոյից՝ Ռոբեսպիերի[23] մեկնաբանությամբ, մինչև Շիլլեր։ Դա քաղաքական ստոիցիզմի[24], հռոմեական առաքինության, հերոսական ճգնավորության իդեալն էր։ Սերն ու երջանկությունը վտարված էին այդ աշխարհից՝ իբրև քաղաքացու նվաստացուցիչ, եսասիրական և անարժան զգացմունքներ։ Այստեղ իդեալը ոչ թե «կինն էր` «ոչ թե գեղեցկությամբ անկիրք, այլ դյութիչ, կրակոտ, կենդանի», այլ դաժան Բրուտոսի և Մարթա Պոսադնիցայի ստվերներն էին (Կարամզինի խոսքերով՝ «Իր հանրապետության Կատոնը»)։ Այստեղ սիրո աստվածուհին վտարվում էր հանուն «լիբերալության» մուսայի։ Նույն Պուշկինը «Ազատությունում» գրում էր․

          Беги, сокройся от очей,
          Цитеры слабая царица!*
          Где ты, где ты, гроза царей[25],
          Свободы гордая певица?

          (Փախի՛ր, թաքնվիր աչքերիցս դու,
          Թմրած թագուհիդ մեղկ Ցիտերայի։
          Ո՞ւր ես, գահերի ամպրոպդ ահազդու, 
          Դու, ազատության վսե՜մ թագուհի[26] 

Այս պատկերացումների լույսի ներքո «խրախճանքը» ճիշտ հակառակ նշանակությունն էր ստանում՝ հրաժարում «ծառայությունից», չնայած որ երկու դեպքում էլ նման վարքը նշանակալից էր համարվում։ Սովորական (рутинный) վարքի բնագավառից այն անցում էր կատարում խորհրդանշական, նշանային գործունեության բնագավառ։ Տարբերությունը զգալի է․ սովորական վարքի բնագավառը տարբերվում է նրանով, որ անհատն ինքը չի ընտրում այն, այլ ստանում է հասարակությունից, դարաշրջանից կամ իր հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունից՝ որպես այլընտրանք չունեցող մի բան։ Նշանային վարքը միշտ ընտրության արդյունք է։ Հետևաբար այն ներառում է վարքի սուբյեկտի ազատ ակտիվություն (այս դեպքում հետաքրքիր են օրինակները, երբ ոչ նշանային վարքը կողմնակի դիտորդի համար դառնում է նշանային․ օրինակ՝ օտարերկրացու համար, քանի որ նա ակամա դրան ավելացնում է իր՝ նման իրավիճակներում այլ կերպ վարվելու ունակությունը)։

Շարունակելի․․․

 

 Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

 

 

[1] Сам чёрт не брат ՝ կայուն արտահայտություն, որն օգտագործվում է ինքնավստահ մարդուն բնութագրելու

համար, որի համար ոչինչ փույթ չէ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[2] Պուշկին Ա․ Ս․, Եվգենի Օնեգին, թարգմ՝ Գ. Սևակի, Ե., Հայպետհրատ, 1949, էջ 163։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[3] Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակում ծառայած գերմանացի ֆեդմարշալ: [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[4] Предтеческий А. В. Записка Т. Е. Бока. — В кн.: Декабристы и их время, с. 198։

[5] Գիտության և արվեստի ականավոր գործիչ, վարպետ։

[6] Բժիշկ, հասարակական գործիչ, հրապարակախոս, գրող, գրականագետ, հիշատակագիր։

[7] Դեկաբրիստ, ինքնակենսագրական նշումների հեղինակ։

[8] Բարձրադիր զինվորական գլխարկ։

[9] Հեծյալի երկարաճիտ կոշիկներ։

[10] Белоголовый Н. А. Воспоминания и другие статьи. М., 1898, с. 70։

[11] Մինչև XIX դարի վաթսունական թվականները ցարական զինվոր կամ ենթասպա։

[12] Ավան Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգի արվարձանային բնակավայր Պետրոդվորեցի շրջանում։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[13] Карлик фаворита: История жизни Ивана Андреевича Якубовского... с. 68։

[14] Ցարական ժամանակների զինվորական շքանշան։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[15] «Պատերազմ և խաղաղություն» վեպի կերպարներ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[16] Ռուս գնդապետ, արկածասեր, ճանապարհորդ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[17] Вяземский П. А. Избр. стихотворения. М.; Л., 1935, с. 141։

[18] Բառացի թարգմանություն։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[19] Տրավեստի (գրականագիտություն) - կոմիկականի վերածված լուրջ երկ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[20] Բռնակալություն։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[21] Բարոյագիտական իդեալիստական ուսմունք, որի համաձայն՝ մարդը միայն հաճույքների է ձգտում և խուսափում տառապանքներից: [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[22] Пушкин А. С․ "Краев чужих неопытный любитель...", բառացի թարգմանություն [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․])

[23] Ֆրանսիական հեղափոխության գործիչ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[24] Հելլենիստական և Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի գլխավոր փիլիսոփայական ուղղություններից։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[25] Կիտիրայի թագուհի - սիրո աստվածուհի Աֆրոդիտեն է, որի տաճարը գտնվում է այդ կղզում.

[26] Պուշկին Ա. Ս. «Ազատությու», թարգմ․՝ Ն. Զարյանի, Ընտիր երկեր, Ե․, «Սովետական Գրող»,1985,  էջ 101։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

  • Created on .
  • Hits: 2637

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: