«ՄԵԾԱՄՈՐ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՇՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 45-ԱՄՅԱԿԸ
Այս տարի լրանում է «Մեծամոր»հնավայրի պեղումների կազմակերպման 50-ամյակը, ինչպես նաև «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմնա-դըրման 45-ամյակը:
«Մեծամորը սկսած մ.թ.ա 5-րդ հազարամյակից մինչև 18-րդ դարի վերջը՝ ուշ միջնադար, պարբերաբար բնակեցված տարածք է եղել և պատմամշակութային կարևոր դեր է ունեցել»,-պատմում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրենի՝ գիտական աշխատանքերի գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր աշխատանքային այցի ժամանակ, բացի շենքային պայման-ների խնդրից, որը կքննարկվի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ, կարևորեց նաև ցուցադրության արդիականության խնդիրը: Նախարարն առաջարկեց կազմել թանգարանը Հնագիտության ազգային ծրագրում ընդգրկելու նախագիծ և նոր ցուցադրության հայեցակարգ:
Հոբելյանական տարվա կապակ-ցությամբ սեպտեմբեր ամսին թանգարանում կկազմակերպվի գիտաժողով, որին կմասնակցեն հնագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իտալիայից և այլ երկրներից:
«Գիտաժողովը կամփոփի այն աշխատանքը, որն իրականացվել է կեսդարյա պեղումների արդյունքում և կնախանշի նոր ուղիներ հետագա աշխատանքների համար»,- տեղեկացնում է Աշոտ Փիլիպոսյանը:
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ.: Ներկայումս այն գործում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավելի առարկաներ:
Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 5624