ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ

    Մեր մտքերից,
    մեր ճիշտ և սխալ քայլերից անդին
    կա մի երկիր,
    ուր մենք կհանդիպենք։
    Ջալալ ադ Դին Ռումի, 13-րդ դար
 
     2013 թվականին անգլերենով լույս տեսավ ծագումով աֆղանացի գրող Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպը։ Վեպի առանցքում 2007 թվականի դեպքերն են, երբ հեղինակը երկար սպասումից հետո այցելեց հայրենիք՝ Աֆղանստան։ Այցելությունը ոչ միայն գրքի, այլև «Խալեդ Հոսեյնի» հիմնադրամի ստեղծման առիթ հանդիսացավ։ Հիմնադրամը ապաստան է տրամադրում Աֆղանստանի գաղթական ընտանիքներին, իրականացնում մարդասիրական, կրթական և առողջապահական ծրագրեր։
    Հոսեյնին 11 տարեկան էր, երբ նրա ընտանիքը լքեց Քաբուլը և քաղաքական ապաստան գտավ ԱՄՆ-ում, ինչից հետո նա ներգաղթյալի ճանապարհ անցավ նախ որպես բժիշկ, հետո նաև որպես գրող։ Երբ Աֆղանստան այցելեց արդեն հայտնի գրող էր, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան։
    «Եվ արձագանքեցին լեռները» հեղինակի երրորդ գիրքն է, բայց առաջինը, որ թարգմանվել է հայերեն։ Շնորհանդեսը տեղի ունեցավմարտի 24-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում։
    Գիրքը հայ ընթերցողին ներկայացնելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Զանգակ» հրատարակչությունը։ Թարգմանիչը Անուշ Սեդրակյանն է։ Սեդրակյանի խոսքով՝ Հոսեյնիի ստեղծագործությունը նորություն է մեր մշակութային իրողության համար, բայց նաև կրկնում է մեր պատմական-գրական ավանդույթը։
    «Մենք էլ ունենք հայ հեղինակներ, որոնք լինելով էմիգրանտ գրել են այդ երկրի լեզվով, միևնույն ժամանակ պահպանել են հայրենի երկրի կոլորիտը, որն այդպիսի սրությամբ կարելի է զգալ միայն ուրիշ լեզվի մեջ։ Հոսեյնիի արձակը ժամանակակից մարդու արձակ է, տարողունակ արձակ, որ  ներառում է կյանքի տարբեր ոլորտներն ու տալիս յուրաքանչյուր ոլորտի հարցերի պատասխանները»,- լրագրողների հետ զրույցում նշեց թարգմանիչը։
    Գրականագետ Հայկ Համբարձումյանը վստահեցնում է՝ ընթերցողը գործ ունի հրաշալի վեպի հետ․ «Յուրաքանչյուր գլխում, յուրաքանչյուր էջում հեղինակը ստիպում է մտածել մարդկային ճակատագրերի մասին։ Հոսեյնին ոչ միայն հոգեբան է, այլև նուրբ պատում կառուցող։ Կարող ենք տեսնել նրբորեն խաչաձևվող մարդկային ճակատագրեր,  միմյանցից անկախ, սակայն վեպի ողջ ընթացքում ընդհանուր գաղափարով միավորված և շատ մարդկային պատումներ։ Կան սենտիմենտալ տարրեր, ցավ ու ողբերգություն, բայց ոչ մի պարտադրանք չկա, լացացնելու ձգտում չկա»։
    Համբարձումյանի դիտարկմամբ՝ ծագումով աֆղանցի հեղինակի գիրքը արևմտյան հայացք է դեպի Արևելք։
    «Որպես գրականագետ և ընթերցող կարծում եմ՝ պատումը դրսից է, ոչ թե ներսից՝ Աֆղանստանից։ Հոսեյնին շատ ավելի լավ է  հաջողում այն հատվածները, որոնք ներկայացնում են արևմտյան մարդուն, քան բուն աֆղանական տեսարանները։ Անդրադառնում է պատմական հայրենիքին, սակայն այդ հայացքը ներսից չէ, արևմտյան մարդու գթասիրտ հայացքն է առ ողբերգական, ծանր վիճակում գտնվող հայրենիք»,- ասաց նա։
    «Եվ արձագանքեցին լեռները» գիրքը թարգմանիչ Անուշ Սեդրակյանը բնորոշում է որպես գլոբալ փախուստ․ «Բոլոր հերոսները փախչում են, մեկը՝ ինքն իրենից, մյուսը՝ գաղթից, պատերազմից, սիրուց։ Փախչողները հետո գալիս, հանգում են նույն կետին՝ ապացուցելով, որ ճակատագրից փախչել չես կարող։ Սա արևելյան կոնցեպտ է, եվրոպացին կասեր՝ ճակատագրից փախուստ կա»։
    Արևմտյան լրատվամիջոցները Հոսեյնիի գիրքը ներկայացնում են որպես մինչև սրտի խոսքը հասնող բազմաձայն ստեղծագործություն, նրբագույն վեպ առանց ձեռքից վայր դնելու ընթերցելու համար։ Ուրեմն՝ բարի ընթերցում։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3152

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: