ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ
Ապրիլի 3-ից մեկնարկել է «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնը։
Մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող մրցույթ-փառատոնը կազմակերպել են Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը (Հայաստան) և «Տերամեդիա» ՀԿ-ն (Իսրայել)՝ Հայաստան-Իսրայել-Վրաստան մշակութային համագործակցության շրջանակում:
«Հայերն ու հրեաները բարեկամ ժողովուրդներ են։ Չկա ավելի հրաշալի բան, քան երբ բարեկամությունը տեղի է ունենում արվեստի միջոցով, երբ մեկ բեմից ելույթ են ունենում տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Հույս ունենք, որ մեր սկսած գործը շարունակվելու է երկար տարիներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մրցույթ-փառատոնի և «Տերամեդիա» ՀԿ-ի տնօրեն Նելլի Դինովեցկին։
«Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնն անց է կացվում երեք անվանակարգերով՝ «Պարարվեստ», «Երգեցողություն» և «Երգչախմբային արվեստ»: Հայ, հրեա և վրացի մանուկներն ու պատանիները արդեն հաղթահարել են նախընտրական փուլը։
Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցել է 38 պարային համույթ, 10 մենակատար, 46 անհատ կատարող, 9 երգչախումբ և վոկալ համույթ: Եզրափակիչ փուլ է անցել 7 պարային համույթ, 5 մենակատար, 23 անհատ կատարող, 3 երգչախումբ և վոկալ համույթ: Օրերս Թբիլիսիում կայացել է Վրաստանի և Իսրայելի մասնակիցների նախընտրական փուլը։ Նրանք ներկայացել են 150-ական մասնակցով։ Արդյունքները դեռ չեն ամփոփվել։
Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը վստահեցնում է՝ հայ փոքրիկները ոչնչով չեն զիջում հրեա և վրացի մրցակիցներին․ «Մեր փոքրիկները տաղանդաշատ են, պատրաստված և մրցունակ: Մեծ պատրաստակամությամբ ու ոգևորությամբ են մասնակցում մրցույթին»։
Փառատոնի երաժշտական ղեկավար Վլադի Բլայբերգը հինգերորդ անգամ է այցելում մեր երկիր։
«Ամեն այցից հետո ավելի ու ավելի եմ սիրահարվում Հայաստանին։ Ինձ այստեղ տանն եմ զգում։ Հրաշալի, տաղանդավոր երեխաներ կան։ Ժյուրիի աշխատանքը շատ դժվար է, առավել ևս եթե խոսքը երեխաների մասին է։ Երևի թե ես ավելի շատ եմ հուզվում, քան նրանք բեմի վրա կանգնած»,-անկեղծացավ նա։
Մրցութային հանձնախմբի անդամ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանի դիտարկմամբ՝ եթե մրցույթ է, պետք է լինի պրոֆեսիոնալների միջև․ «Պրոֆեսիոնալը չպետք է մրցի ինքնագործի հետ։ Երեխաներ են բեմ դուրս գալիս, անկեղծ պարում են, բայց այն կրթվածությունը՝ մարմնի, ոտքերի, ֆորմաների չկա։ Դեմ չեմ, թող բոլորը պարեն, բայց եթե կոչվում է մրցույթ-փառատոն, ուրեմն մրցակցային բան կա։ Պրոֆեսիոնալը պետք է մրցի պրոֆեսիոնալի հետ»։
«Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 28-ին Երևանի պարարվեստի պետական քոլեջում և Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Նույն օրը տեղի կունենա նաև մրցանակաբաշխության արարողությունը:
Ապրիլի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մրցույթ-փառատոնի մասնակիցները հանդես կգան գալա համերգով։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2805