«ԵՍ ԵՄ» ԿԱՄ ՆԿԱՐԵԼԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ
Կապույտ, կանաչ, մանուշակագույն. սրանք այն հիմնական գույներն են, որոնք տեսնում ենք Գայանե Բարխուդարյանի գեղանկարներում:
«Ինձ ասում են՝ սառն են գույներդ: Ես Սիսիանից եմ, գուցե մեր բնությունն էլ ինչ-որ տեղ կապ ունի դրա հետ»,- բացատրում է նա:
Գայանեն մեկն է այն 17 երիտասարդներից, որոնց ստեղծագործությունների «Ես եմ» խորագրով ցուցահանդեսն ապրիլի 28-ին բացվեց Նկարիչների միությունում:
«Նկարել սկսել եմ մանկուց: Ինը տարեկան էի, երբ մի օր հայրս եկավ, ասաց՝ այսօրվանից նկարչական դպրոց ես գնալու»,- Cultural.am-ի հետ զրույցում հիշեց նա:
Սկզբում Սիսիանի Զ. Խաչատրյանի անվան նկարչական դպրոց, այնուհետև Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, իսկ այս տարի կավարտի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժինը:
«Գեղարվեստի ակադեմիայում սիսիանցի ուսանողներ շատ կան: Ամռանը միշտ Սիսիանում ենք լինում, այնտեղի գեղարվեստի դպրոցի աշակերտների հետ գնում ենք բնության գրկում նկարելու»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա հիշում է այն նկարը, որը կարևոր դեր է ունեցել հետագայում ավելի վստահ ստեղծագործելու համար:
«Սիսիանում եմ նկարել, էտյուդ էր: Մեկ ամիս ամեն օր գնում էինք նկարելու: Առաջին օրվա էտյուդս նայեց ուսուցիչս՝ Աշոտ Ավագյանը, ասաց՝ չէ, ուսանողի աշխատանք է: Հետո ամբողջ օրը մտածում էի՝ ինչ անեմ, որ հավանի: Հաջորդ օրը չորս նկար նկարեցի: Վերջինը նայեց, ասաց՝ ըհը, ոնց որ հասկացել ես: Դրանից հետո «բացվեցի»: Այդ ժամանակ Ակադեմիայի առաջին կուրսի ուսանող էի»,- պատմեց Գայանեն:
Եթե տանն է աշխատում, նկարածն առաջինը իրենից երեք տարով փոքր քրոջն է ցույց տալիս:
«Նա նկարիչ չէ, բայց իր խորհուրդներով շատ է օգնում»:
Ասում է՝ ուսանող լինելու ընթացքում սովորում ես ընկերներիդ հետ ստեղծագործել, բայց կան գործեր, որոնք ուզում ես մենակ ժամանակ անել:
Գայանեն ցուցահանդեսում ներկայացրել է տարբեր տարիների նկարված յոթ աշխատանք:
Չորս ստեղծագործություն էլ Ռիմա Նանյանն է ներկայացրել՝ «Ընթացք», «Շարժում», մյուս երկուսն էլ «Ինքնադարձ» շարքից են:
«Այդպես է կոչվում շարքը, որովհետև յուրաքանչյուր գործի մեջ ինքն իրեն դառնալու կոմպոզիցիոն լուծում կա»,- բացատրում է նա:
Ռիման այժմ սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Շատ է կարևորում երիտասարդ ստեղծագործողների համար կազմակերպվող ցուցահանդեսները:
«Մեծ հարթակ է երիտասարդ նկարիչների համար: Կուզենամ, որ այսպիսի հնարավորություններ հաճախ լինեն: Դրանք շատ են ոգևորում»,- նշեց նա:
Ռիման չի հիշում այն գործը, որը նկարելուց հետո ավելի շատ է սիրել իր մասնագիտությունը, բայց հիշում է այդ օրվա ոգևորությունը:
«Այդպիսի գործ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում եմ նկարել: Երկու տարի այնտեղ սովորելուց հետո զգացի, որ ավելի շատ եմ մտնում այդ ամենի մեջ: Կոնկրետ աշխատանքը չեմ հիշում, բայց սիրելի դասախոսիս կարծիքից հետո արվեստի մեջ խորանալու ոգևորությունս մեծ էր»,- նշեց Ռիմա Նանյանը:
Ասում է՝ նկարելը երբեք չի դառնում սովորական, ուղղակի պահեր են լինում, որ ոգևորությունը պակասում է:
«Հետո սկսում ես փնտրել, փնտրել, որ ոգևորության որևէ աղբյուր գտնես, բայց նկարելուց երբեք չես հոգնում»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:
«Ես եմ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են նաև Արսեն Հարությունյանի կտավներից չորսը:
«Յուրաքանչյուր ստեղծագործություն մի առանձին պատմություն ունի, չեմ կարող դրանցից մեկն առանձնացնել»,- ընդգծեց նա:
Ասում է՝ եթե նկարելու ընթացքում ինքն իրեն կողքից նայեր, հավանաբար կխղճար:
«Ամեն մի գործ մեծ աշխատանք է պահանջում, դա բոլորին էլ դժվար է տրվում, գուցե տաղանդավոր նկարիչների համար է մի փոքր ավելի հեշտ»:
Իր աշխատանքներից քչերն է իսկապես հավանում:
«Ժամանակը ցույց կտա՝ նկարիչ եմ, թե ոչ, ինքս ինձ նկարիչ չեմ համարում: Միշտ սիրել եմ նկարել: Փոքր ժամանակ ինչ մաքուր անկյուն գտնում էի, նկարում էի, պատերին էի շատ նկարում: Ընտանիքս, հատկապես եղբայրս ոգևորեց, որ շարունակեմ նկարել ու նաև կրթություն ստանամ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ապա՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում»,- մեզ հետ զրույցում պատմեց նա:
Ցուցահանդեսի կազմակերպիչը Համազգային հայ կրթական և մշակութային միությունն է: Նպատակը ստեղծագործող նոր անուններ բացահայտելն է ու նրանց ասպարեզ տալը:
Ցուցահանդեսին մասնակցող 17 երիտասարդները մրցույթի արդյունքում չեն ընտրվել:
«Համազգային» հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն Նարե Միքայելյանի փոխանցմամբ՝ մասնագիտական հանձնաժողովն է արվեստի դպրոցների ու բուհերի հետ համագործակցությամբ ընտրել նրանց:
«Չենք սահմանափակվելու այս 17-ով: Ծրագիրը շարունակական է լինելու, և շնորհալի շատ երիտասարդներ ժամանակի ընթացքում ասպարեզ կգան»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Նարե Միքայելյանը:
Ըստ նրա՝ այս ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ այստեղ ներկայացված են ոչ միայն մայրաքաղաքի, այլև Շիրակի, Սյունիքի, Արարատի և Կոտայքի մարզերի երիտասարդների աշխատանքներ:
«Նրանցից յուրաքանչյուրն իր միջավայրի կրողն է, և նրանց արվեստում կարող ենք տեսնել այդ միջավայրի գույներն ու ազդեցությունը»,- նկատեց նա:
Ի դեպ, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հրատարակել է նաև «Ես եմ» խորագրով պատկերագիրք, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ցուցահանդեսի բացման օրը: Այն նույնանուն ցուցահանդեսում ներկայացված 17 երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ընտրանին է:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 4-ը:
Սիրանուշ Հայրապետյան
- Created on .
- Hits: 4480