«ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ ԻՄ ՃԱՄՊՐՈՒԿՈՒՄ Է» ԿԱՄ ՎԵՐՀԻՇԵԼՈՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Ու թող հնչի սխալ, բայց թող ամենամեծ օվկիանոսը լինի Խաղաղության օվկիանոսը:
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումից
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումից
1992 թվական, Նորագյուղ, Նոր տարի: Գյուղացիները հավաքվել են նկուղում ու ամեն կրակոցի հետ մի կենաց են ասում: Մեծերը սովորել են կրակոցներին, երեխաներին էլ խնդիր են տալիս լուծելու, անեկդոտ կամ հեքիաթ պատմում, որ չվախենան:
Այս գյուղում է ապրում նաև Նարինկան: Հայրը զինվորական է, պապիկը՝ «չորս գյուղի նախագահ», ով փորձում է փրկել ընտանիքից գոնե մեկին՝ Նարինկային:
Աղջիկը երազում է թատերական խմբակ, բալետի ու դաշնամուրի գնալու մասին, ամեն րոպե հարձակման սպասում, վախենում նույնիսկ կոտրված պատուհաններից, բայց երդվում է իր երկրի տերը լինել:
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացման մեջ աղջկան մարմնավորում է Նարինե Գրիգորյանը: Սա դերասանուհու հերթական ներկայացումը չէ, այլ նրա մանկության պատմությունը: Ինքն է հեղինակել (համահեղինակ՝ Սառա Նալբանդյան) ու բեմադրել այն:
Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ ապրիլի 29-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ բացվեց Թատերական գործիչների միության «Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնը: Ներկայացման ընտրությունը պատահական չէր. փառատոնը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:
Ապրիլի 29-ից մայիսի 3-ը թատերասերները հնարավորություն կունենան անվճար դիտել 28 ներկայացում: «Արմմոնոյին» մասնակցելու են եկել թատերական գործիչներ Իսպանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Ռուսաստանից և Վրաստանից:
«Երբ 15 տարի առաջ Հակոբ Ղազանչյանը հիմնադրում էր փառատոնը, մտածում էինք՝ արդյոք փառատոնը կյանք կունենա, հանդիսականը կհավանի, թե ոչ, բայց կյանքը ցույց տվեց, որ փառատոնը կա: Այս տարի 6 դեբյուտային ներկայացում ունենք, ինչը խոսում է փառատոնի սիրված լինելու մասին:
Դժվար կլինի բոլոր ներկայացումները դիտել, բայց հուսամ յուրաքանչյուրը գոնե մեկ ներկայացում կհիշի մինչև հաջորդ «Արմմոնոն»,- ասաց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Թատերարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մխիթարյանը պարգևատրվեց Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
«Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնի հիմնական ծրագրում ներառված են տարատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա:
Հատկապես նշանավոր են Ուկրաինայի ժողովրդական արտիստ, «Մարիա» փառատոնի տնօրեն Լարիսա Կադիրովայի «Լաց մի´ եղեք իմ ետևից երբեք», Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի առաջատար դերասան Բեսո Զանգուրիի «Փսիխոզ 4.48» (բեմադրությունը՝ աշխարհահռչակ վրացի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի) և ՌԴ վաստ. արտիստ, Ռոման Վիկտյուկի թատրոնի առաջատար դերասան Դմիտրի Բոզինի «Արքա-աղջիկը» մոնոներկայացումները:
Հատկապես նշանավոր են Ուկրաինայի ժողովրդական արտիստ, «Մարիա» փառատոնի տնօրեն Լարիսա Կադիրովայի «Լաց մի´ եղեք իմ ետևից երբեք», Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի առաջատար դերասան Բեսո Զանգուրիի «Փսիխոզ 4.48» (բեմադրությունը՝ աշխարհահռչակ վրացի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի) և ՌԴ վաստ. արտիստ, Ռոման Վիկտյուկի թատրոնի առաջատար դերասան Դմիտրի Բոզինի «Արքա-աղջիկը» մոնոներկայացումները:
Բացի հիմնական ծրագրից, կանցկացվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա» ծրագրերը, ինչպես նաև հատուկ ծրագիր՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին:
Փառատոնի պատմության մեջ առաջին անգամ հանդիսականին կներկայացվեն նաև օպերային մոնոներկայացումներ՝ Արսեն Ստեփանյանի «Մնաս բարով, Պայաց» և Լիա Սարգսյանի «Հույս» մոնոօպերաները:
Հայաստան են ժամանել մոնոփառատոների տնօրեններ և թատերագետներ, ովքեր կանցկացնեն վարպետության դասեր` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:
«Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնն անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Աննա Կարապետյան
լուսանկարը՝ Տաթև Դուրյանի
լուսանկարը՝ Տաթև Դուրյանի
- Created on .
- Hits: 4324