Գանձասարից տարհանված ձեռագրերը Մատենադարանում

Մարտի 2-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց «Արցախի ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցանմուշները Արցախի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Երևան են տեղափոխվել պատերազմական օրերին: Շուրջ 8 տասնյակի հասնող նմուշներում ներկայացված են Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրերը, արխիվային փաստաթղթերը, Շուշիում տպված հնատիպ գրքերը, որոնք ստեղծվել են Արցախի գրչության կենտրոններում՝ Ամարասում, Գանձասարում, Եղիշե Առաքյալի վանքում, Գտչավանքում, Մեծառանաց Սբ․ Հակոբավանքում, Խադավանքում, Դադիվանքում, Երիցմանկանց վանքում, Շուշիում:

Տեղեկացնենք, որ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղն է, որը բացվել է 2015թ-ին՝ Գանձասար վանական համալիրին կից դպրատան շենքում:

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը Cultural.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ մասնաճյուղում ցուցադրվում էին ոչ միայն Արցախում ստեղծված ձեռագրերը, այլև պատմական Հայաստանի այլ նահանգներում գրչագրված ձեռագրերը, որոնք ժամանակին պահվել են Արցախում:  «Արցախը ձեռագրաստեղծման կենտրոն լինելուց զատ, հայտնի է նաև որպես ձեռագրերի փրկության վայր: Երևանի Մատենադարանում բացված ցուցադրությունը ներառում է միայն Արցախի գրչության կենտրոններում գրչագրված ձեռագիր մատյանները, Շուշիում 19-րդ դարում լույս տեսած գրքեր, Գանձասարի կաթողիկոսների կոնդակներ, մելիքական գրություններ, Նապոլեոնի հրամանագիրը եւ այլ արժեքավոր արխիվային փաստաթղթեր»:

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ցուցադրվում էին հարյուրավոր ձեռագիր մատյաններ, արխիվային արժեքավոր նմուշներ, ինչպես նաև կազմակերպվում տարատեսակ ցուցահանդեսներ։ Արամ Թորոսյանի հավաստմամբ՝ այն շարունակելու է իր գործունեությունը:

artsakh dzeragrer

«Ինչպես Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն է նշել՝ոչինչ չի կարող մեզ խանգարել ուսումնասիրել Արցախի ձեռագրական ժառանգությունը, հանրահռչակել այն: Արցախը պատմության ընթացքում շատ է ծանր դրության մեջ ընկել, բայց մշակութային կյանքը երբեք չի դադարել: Կհաղթահարենք խոչընդոտները, կվերականգնվի մշակութային կյանքը, ընդհանրապես՝ Արցախը վեր է հառնելու, վերականգնվելու է բոլոր առումներով»:

Նրա հավաստմամբ՝ այս ցուցադրությունը ևս ժամանակավոր է: Մի շարք անվտանգային ու տեխնիկական խնդիրների ճշգրտում-հստակեցումից հետո, առաջին իսկ հնարավորության դեպքում ցուցանմուշները կվերադառնան Արցախ՝ Գանձասար:

Անդրադառնալով հարցին՝ Արցախի ձեռագրական արվեստի և մշակութային ժառանգության մյուս նմուշները հետպատերազյան շրջանում որքանո՞վ են պաշտպանված, կամ պաշտպանության ի՞նչ երաշխիքներ կան, Թորոսյանը նշեց. «Թշնամու օկուպացրած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը այսօր խիստ վտանգված է: Պատմության զեղծարարին ու ահաբեկչական պետությանը՝ Ադրբեջանին, որ Նախիջևանում հազարավոր հուշարձաններ ոչնչացրեց, միջազգային տարատեսակ կազմակերպությունները պատշաճ չդատապարտեցին, այդ բարբարոսություններն ու վայրագությունները համարժեք արձագանք չգտան: 44-օրյա պատերազմում թիրախավորվեցին հոգևոր-մշակութային կառույցները, հետպատերազմյան շրջանում ևս ականատես եղանք վայրագությունների: Հետևաբար, կարծում եմ, որ որևէ երաշխիք չկա, գործ ունենք մշակույթին հակոտնյա պետության հետ: Այդուհանդերձ չպետք է դադարենք մեծ ջանք ու եռանդ գործադրել երաշխիքներ ստանալու համար»:

Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ տեղի ունեցավ նաև Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի «Ուտիքի գրչության կենտրոնները» գրքի շնորհանդեսը և շնորհակալագրեր հանձնվեցին փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանին, Գագիկ Բայադյանին և Էլեն Բաբալյանին՝պատերազմի թեժ օրերին ցուցանմուշները Գանձասարի մասնաճյուղից Երևան տեղափոխելուն աջակցելու համար։

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1419

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: