Հայաստանում կատարողական որակը բարձր է, բայց պետք է այդ ամենով աշխարհի հետ կիսվեք. Ռիկարդո Կասերո

Այս օրերին Հայաստանում է Իսպանիայի Orquesta Reino de Aragón-ի գեղարվեստական ղեկավար Ռիկարդո Կասերոն: Դիրիժորի գլխավորությամբ մարտի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Իսպանական կրքեր և երազներ» խորագրով համերգը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի և իսպանացի տրոմբոնահար Խուան Պարդոյի հետ միասին:

«Հայաստանում կատարողական որակը բարձր է, բայց պետք է այդ ամենով աշխարհի հետ կիսվեք: Կա յութուբ, կա համացանց, բայց պետք է ավելի շատ աշխարհին ցույց տաք, թե ինչ եք անում, որովհետև այն, ինչ անում եք Հայաստանում, հրաշալի է»,- ասաց իսպանացի դիրիժորը, որը կարողացավ համերգից առաջ ժամանակ տրամադրել զրույցի համար:

Ծրագրում ներառված էին Մանուել դե Ֆալյայի Նախերգանքը և Կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից, Էդուարդ Էլգարի Սերենադ լարայինների համար, Կարլ Մարիա ֆոն Վեբերի Ռոմանս տրոմբոնի և լարային նվագախմբի համար, Էնրիկե Գրանադոսի Ինտերմեցցո «Գոյեսկի» օպերայից, Էդվարդ Գրիգի Հոլբերգ սյուիտ, երկ 40 ստեղծագործությունները: Հարցին, թե ինչու է հենց այս ծրագիրն ընտրվել, Ռիկարդո Կասերոն նշեց, որ ծրագիրը կազմվել է մենակատար Խուան Պարդոյի հետ համագործակցությամբ:

«Ռոմանտիկ ժամանակաշրջանի ստեղծագործություն ենք ընտրել: Խուանը Կարլ Մարիա ֆոն Վեբերի ստեղծագործությունն է նվագելու: Իմ միտքն էր Հայաստան բերել իսպանական երաժշտությունը: Ընտրել եմ այնպիսի կոմպոզիտորների, որ համաշխարհային ճանաչում ունեն»,- նշեց դիրիժորը, որն առաջին անգամ էր համագործակցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

Համագործակցության մասին խոսելիս  Ռիկարդո Կասերոն նշեց, որ նվագախմբի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի, և իր համար շատ զարմանալի էր, որ այսքան լավ նվագախումբ կա: 

hayastani petakan nvagakhumb«Շատ պրոֆեսիոնալ են, և ես ուրախ եմ, որ համագործակցել եմ նրանց հետ: Մենակատարը՝ Խուան Պարդոն, նախկինում էլ համերգ ունեցել է նվագախմբի հետ։ Իրենց միջև կապը ստեղծվում է: Իրար լավ են հասկանում»,- ընդգծեց դիրիժորը:

Որպես հրավիրյալ դիրիժոր՝ նա պարբերաբար հանդես է գալիս Մարսելի օպերային, Ֆերենց Լիստի կամերային,  Halle Staatskapelle, Տրանսիլվանիայի ֆիլհարմոնիկ և շատ այլ նվագախմբերի հետ: Եվ մեզ հետաքրքիր էր, թե նա ինչ նմանություններ ու տարբերություններ է նկատել Հայաստանյան և այլ նվագախմբերի միջև: Նրա կարծիքով՝ այստեղ շատ են պետական նվագախմբերը, այլ երկրներում նման նվագախմբեր քիչ կան, որոնց պետությունն է ֆինանսավորում: Դիրիժորը նշում է, որ նկատի չունի Գերմանիայի նման երկիրը, իսկ եվրոպական շատ երկրներում հնարավոր չէ գտնել այնքան համերգասրահներ այնքան երաժշտախմբեր, երգչախմբեր, որքան Հայաստանում են: Նրա կարծիքով Հայաստանում շատ մեծ է ուշադրությունը մշակույթի նկատմամբ. հիմա  բոլորը գումարի հետևից են ընկնում, բայց Հայաստանում այդպես չէ:

Մենք հետաքրքվեցինք, թե նա որ ժանրում է նախընտրում աշխատել: Դիրիժորը նշեց, որ բոլոր ժանրերն էլ լավն են, ապա ավելացրեց. «Օրինակ` փոքր նվագախմբերի հետ աշխատելիս ես իրենցից եմ սովորում, նոր  գիտելիքներ եմ ձեռք բերում, իսկ որպես դիրիժոր` շատ-շատ եմ սիրում օպերա, որովհետև օպերայում  ամեն ինչ կա` երգիչներ, պարողներ, մեծ նվագողներ. բոլորին դու ես ղեկավարում, և դա ֆանտաստիկ զգացողություն է»,- նշում է Ռիկարդո Կասերոն և ավելացնում,- իսկ եթե երաժշտության հետ աշխատանքի տեսանկյունից գնահատեմ, ավելի հեշտ է սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքը, որովհետև  այդտեղ վայելելով ես անում քո գործը:

Իսպանացի դիրիժորը Հայաստան կգա նաև մայիսին: Համագործակցելու հրավեր է ստացել. կաշխատի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Հայ կոմպոզիտորներից, ասաց, Ալ․ Հարությունյանին և Արամ Խաչատրյանին գիտի, բայց մյուս այցին խոստանում է ավելի պատրաստված գալ:  Եվ վերջում նա պարզապես կոչ արեց, որ շարունակեն անել այն, ինչ անում են, որովհետև հրաշալի են անում:

 

Մերի Հովհաննիսյան

  • Created on .
  • Hits: 1428

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: