Թալեբի «Սև կարապը» և «Պրոկրուստյան մահիճը» արդեն հայ ընթերցողի սեղանին են

 

Մայիսի 27-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ակնարկագիր, մաթեմատիկոս և թրեյդեր Նասիմ Թալեբի «Սև կարապը» և «Պրոկրուստյան մահիճը» գրքերի շնորհանդեսը։ Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Միջոցառման սկզբում ներկաները լսեցին Նասիմ Թալեբի տեսաուղերձը՝ շնորհանդեսի կապակությամբ․

«Բարեկամներ, ինձ համար մեծ պատիվ է, որ Հայաստանում արդեն կարող են գրքերս կարդալ, ես շատ ուրախ եմ, որ դրանք պետք է քննարկեք, խոնարհաբար շնորհակալ եմ։ Հայաստանի և հայերի հանդեպ հատուկ ջերմություն եմ տածում ու մասնավորապես՝ հայկական սփյուռքի, որի հետ տարիներ ի վեր շփվել եմ, կարելի է ասել՝ Բեյրութում մեծացել եմ նրանց մեջ։ Դեռ երեխա ժամանակ նկատել էի, որ շատ  նման ենք իրար»։

Նասիմ Թալեբի «Սև կարապը» գիրքն այն մասին է, որ մեծ ազդեցություն ունեցող, բայց հազվադեպ իրադարձություններն են պատմություն կերտում, որ հետահայաց զանազան պատումների շնորհիվ մենք այդ ամենը հասկանալու պատրանքներ ենք ձևավորում, մինչդեռ դրանք անհնար է գիտականորեն գնահատել, իսկ որոշ ոլորտներ (ոչ բոլորը) ընդհանրապես անկանխատեսելի են: Որպես հետևանք՝ Սև կարապների հանդեպ կույր «վայ փորձագետների» պատճառով հակված ենք ծայրահեղ իրադարձությունների նկատմամբ ավելի ու ավելի խոցելի համակարգեր կառուցել։ Իսկ «Պրոկրուստյան մահիճը» գրքում ամփոփված են հեղինակի փիլիսոփայական և գործնական աֆորիզմները, որոնք հիմնական գաղափարի շուրջ առանձին սեղմ մտքեր են, թե ինչպես ենք վարվում եւ ինչպես պիտի վարվենք մեզ անհայտի հետ։

Գիրքը թարգմանել է Աստղիկ Օսկանյանը, խմբագիրն է Նունե Թորոսյանը: «Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշեց, թե ինչու են որոշել հենց Նասիմ Թալեբի գրքերը թարգմանել հայերեն․

«Թալեբի գաղափարները բխում են իրական, պրակտիկ կյանքից, հետևաբար իսկապես օգտակար են։ Եթե այդպես մտածեինք և գործեինք, այսօր չէինք հայտնվի Թալեբի նկարագրած «հնդկահավի» վիճակում, որի հաղթահարման ճանապարհը նախևառաջ մեր մտածելակերպի սխալների ու թերությունների բացառումն է․ սրա մեջ է Թալեբի արդիականությունը։ Ըստ նրա՝ այն ինչ ճիշտ է գործնականում, ճիշտ է նաև տեսության մեջ, սակայն ինչ ճիշտ է տեսության մեջ, ոչ միշտ է ճիշտ գործնականում։ Թալեբը բավականին ունիվերսալ հեղինակ է, մտածելակերպը, որը ներկայացնում է, կիառելի է բազմաթիվ ոլորտներում»։

Տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ «Սև կարապը» գրքի հայերեն թարգմանության խմբագիր Վահագն Խաչատրյանի խոսքով՝ բավականին բարդ աշխատանք էր․ «Այստեղ կարող եք գտնել ամեն ինչ՝ կենցաղային հարցեր, մշակութային, աշխարհագրական։ Հեղինակը ընդհանուր ընդունված նորմերից դուրս մարդ է, դրա համար էլ իրեն չեն սիրում տնտեսագետները, ակադեմիկոսները․ միշտ ասում է ճիշտը։ Նա փորձում է մեզ միշտ հիշեցնել, որ մենք մարդիկ ենք՝ մեր սովորույթներով, մեր պատկերացումներով»։

«Սև կարապը» գրքի թարգմանիչ Սոնա Գրիգորյանը նշեց, որ ընդհանրապես Թալեբը խոսում է մտածելու մասին․ «Ինքս լինելով տնտեսագետ-խորհրդատու, գիրքը թարգմանելիս հասկացա, որ այն ամենը ինչ ես սովորել եմ, Թալեբը այդ հայեցակարգին, ֆորմաներին դեմ է։ Ինքը ուղղախոս է, տեսնելով ինչ-որ կեղծ երևույթ, ասում է դրա մասին։ Ասում է, որ պլաների վրա ժամանակ ծախսելը ընդհանրապես անիմաստ է, պետք է ուղղակի ազատություն տալ բոլորին, մտածելու հնարավորություն տալ բոլորին։ Դա և՛ բնության մեջ է ճիշտ, և ՛տնտեսության, և՛ բիզնեսի։ Բոլոր ոլորտներում պետք չէ պատմություն սովորել, պատմությունից պետք է դասեր քաղել, ոչ թե կոնկրետ սովորել, այլ ընդհանուր մտածելակերպը հասկանալ»։

«Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշեց, որ նպատակ ունեն այսպիսի քննարկումները դարձնել շարունակական։

Նասիմ Թալեբի «INCERTO» շարքի մյուս գրքերը լույս կտեսնեն մինչև տարվա վերջ:

 

 

Գայանե Պողոսյան

  • Created on .
  • Hits: 1205

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: