Ամփոփվեց «Մէկ կադր» կինոփառատոնը

 

 

Սեպտեմբերի 22-28-ը «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում տեղի ունեցավ «Մէկ կադր» միջազգային 19-րդ կինոփառատոնը, որն ամփոփվեց մրցանակաբաշխությամբ: Երեկոյի ընթացքում փառատոնի հիմնադիր, տնօրեն Գագիկ Ղազարէն նշեց, որ իրենց նպատակը կինոլորտում առաջին քայլերն անող դեբյուտանտների համար տարածություն, հարթակ ստեղծելն է, որ նրանք տեսանելիություն ունենան և հանրությունը իմանա նրանց մասին:

Այսպիսով՝ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Մէկ կադր - մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի» անվանակարգերում, որոնցում մի շարք հեղինակներ արժանացան նաև հատուկ հիշատակումների: 19-րդ կինոփառատոնին մասնակցում էր 27 երկիր: Ստացված 400-ից ավելի հայտերից մրցութային անվանակարգերում ընդգրկվել էր 74 ֆիլմ:

«Մէկ կադր, մէկ րոպե» անվանակարգ

«Լավագույն մէկ կադր» մրցանակը շնորհվեց Դևոն Դելմարին և Ջեյսոն Ջեյքոբսին «Կարծում եմ կփախչեմ վաղը» ֆիլմի համար (Հարավային Աֆրիկա): «Հայկական լավագույն մէկ կադր» մրցանակին արժանացավ «Մի բաժակ ջուր» ֆիլմի հեղինակ Անժելա Ֆրանգյանը: Հատուկ հիշատակման արժանացան Մարի Մխիթարյանի «Ամեն օր», Անի Անտոնյանի «Անպայման», Մոեին Ռուհոլամինի «Լեո» (Իրան) և Իֆ Ռոբինի «Դիմակ» (Ֆրանսիա) ֆիլմերը: Այս անվանակարգում ժյուրիի կազմում էին ռեժիսոր Դիանա Կարդումյանը, կինոօպերատոր, պրոդյուսեր Մկրտիչ Բարոյանը, նկարիչ, ռեժիսոր Օվսաննա Շեկոյանը, դերասան, վիդեոարտիստ Գայանե Եղիազարյանը:

 «Կարճ ֆիլմեր» անվանակարգ

«Լավագույն կարճ ֆիլմ» ճանաչվեց Միխայիլ Գորոբչուկի (ՌԴ) «Քո մանկության ստվերները» ֆիլմը: «Հայկական լավագույն կարճ ֆիլմ» մրցանակին արժանացավ Լուսինե Զաքարյանի «Նախշուն» ֆիլմը, որը «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի կողմից արժանացավ նաև հակախտրականության հատուկ մրցանակի: Ֆիլմի հեղինակը մեզ հետ զրույցում նշեց, որ սա իր դեբյուտային ֆիլմն էր՝ ստեղծված «Բարս մեդիա» կինոստուդիայի աջակցությամբ: «Սա փառատոնի մասնակցության իմ առաջին փորձն էր ու շատ կարևոր էր ոչ միայն հաղթանակը, այլև մասնակցությունը, քանի որ կինոյի շատ մարդկանց հետ ծանոթացա: Երբ դու քո ֆիլմը նայում ես՝ օբյեկտիվությունդ կորցնում ես, բայց փառատոնի ընթացքում տեղի ունեցան նաև ֆիլմերի քննարկումներ, հնչեցին տարբեր մարդկանց կարծիքներ, որոնց դիտարկումները հետագայում հաշվի կառնեմ իմ ֆիլմերի համար»,-ասաց Լուսինեն:

«Հայկական լավագույն մէկ կադր» և «Հայկական լավագույն կարճ ֆիլմ» անվանակարգերի մրցանակակիրներն արժանացան նաև դրամական պարգևի: Հատուկ հիշատակումների արժանացան Ֆրանսուա Վակարիսասի «Կապույտ աստղ» (Ֆրանսիա), Գոռ Գրիգորյանի «Երկուսը մեկ քաղաքում», «Արտի Սավչենկոյի «Վլադան գնում է Լոնդոն» (Իսրայել) և Արտակ Սերովանի-Օհանյանի «Առաջին բառը» ֆիլմերը: Այս անվանակարգի ժյուրին նախագահում էր կինոգետ, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանը: ժյուրիի կազմում էին՝ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Վիկտորյա Ալեքսանյանը, կինոօպերատոր, կինոարտադրող Անդրանիկ Սահակյանը, կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանը:

 «Կինո առանց սահմանի» անվանակարգ

«Լավագույն կինո առանց սահմանի» մրցանակը շնորհվեց Նիկոլո Բրունային`«Կալահարիի կորած երեխաները» ֆիլմի համար (Իսպանիա): «Հայկական լավագույն կինո առանց սահմանի» մրցանակը տրվեց Վարդան Սարգսյանին՝ «Մակիաժ» ֆիլմի համար:

Հատուկ հիշատակման արժանացան Շանտալ Պարտամյանի «Սանջակ» (Լիբանան) և Անուշ Պետրոսյանի «Խոսում է պատերազմը» ֆիլմերը: Այս անվանակարգի ժյուրիի միակ անդամը սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր Արմինե Անդան էր: Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն իր հերթին «Կարճ ֆիլմեր» անվանակարգում հատուկ հիշատակման արժանացրեց նաև «Սև թուղթ» ֆիլմի ռեժիսոր Արմիկ Իսրայելյանին ու «Նույն տանիքի տակ» ֆիլմի հեղինակ Սիմյոն Տոնչևին (Բուլղարիա): «Մէկ կադր մէկ րոպե» անվանակարգում հատուկ հիշատակման արժանացան Համեդ Նոբարի և Ասղար Բեշարաթի «Փոքր կարմիրը, մեծ կապույտը», և Մարզիեհ Մանդեգարի «էմիգրանտ» ֆիլմերը (Իրան):

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1134

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: