«Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակն ստացավ Վինոթրաջի «Քարեր» ֆիլմը

 

2004 թվականից Երևանում անց է կացվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ մայրաքաղաքի մշակութային խոշոր իրադարձություններից մեկը: 18-րդ անգամ անցկացվող կինոփառատոնն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 3-10-ը: Մի քանի օրերի ընթացքում փառատոնի շրջանակում ներկայացվեց ավելի քան 60 ֆիլմ՝մեկտեղելով կինոոլորտի անվանի գործիչներին, հյուրերին, տասնյակ մասնակիցների:

Նշենք, որ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի կողմից հիմնադրված կինոփառատոնի ծրագրերում ընդգրկված ֆիլմերը ներկայացվում են միջազգային մրցութային երկու բաժիններում` խաղարկային և վավերագրական: Յուրաքանչյուր անվանակարգում հանձնվում է մեկ «Ոսկե ծիրան» և «Հատուկ հիշատակում» (Արծաթե ծիրան) մրցանակը: Փառատոնը մրցութային հատուկ բաժին ունի հայկական ծագում ունեցող կինոգործիչների ֆիլմերի համար՝ «Հայկական համայնապատկեր»-ը:

Տեղական, տարածաշրջանային և միջազգային կինոգործիչների ու կինոարտադրության ոլորտի զարգացման նպատակով գործում է նաև նորարարական՝ Gaiff Pro հարթակը, որի միջոցով փառատոնի մասնակիցներին մատուցվում է միջազգային մրցանակների արժանացած մասնագետների փորձն ու գիտելիքները, ֆինանսովորման ու համագործակցության հեռանկարներ է ստեղծվում նաև տեղի կինոգործիչների համար:

Կինոցուցադրություններից, փորձի փոխանակումից, կինոգործիչների հետ հանդիպում-զրույցներից հետո կայացավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:

Այսպիսով՝ լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ «Քարեր» (ռեժ․՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի» ՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ «Նոր հին ներկայացում» (ռեժ․՝ Ցյու Ծյունծյուն, Հոնկոնգ/ Ֆրանսիա) կինոնկարը։ 

Կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն էր թատրոնի և կինոյի հունգարացի ռեժիսոր, Կաննի, Լոկառնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում էին նաև պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատը, կինոքննադատ Լարիսա Մայլյուկովան և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։

«Կորիզ» կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ «Աշխարհ»-ը (ռեժ․՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան), «Արծաթե ծիրան» ստացավ «Ստորգետնյա»-ն (ռեժ․՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան)։ Իսկ Գենադի Մելքոյանի անվան հատուկ մրցանակ ստացավ «Գլխիվար»-ը (ռեժ․՝ Օվսաննա Շեկոյան, Հայաստան)։ 

Կորիզ կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ժյուրիի կազմում էին դերասանուհի Ռոմաննա Լոբաչը, «Ոսկե ծիրան»-ի այս տարվա պաստառների հեղինակ, վիզուալ արտիստ Վահրամ Մուրատյանը և փառատոնային տնօրեն Ֆիլիպ Ժալալդոն։ Վերջինս, որպես ժյուրիի անդամ, առաջին անգամ էր գնահատում կարճամետրաժ ֆիլմերը, բայց հավատացած է՝ ապագան կարճամետրաժ կինոյինն է:

Պետեր վան Բյուրենի անվան FIPRESCI մրցանակ ստացավ «Սանձում» (ռեժ․՝ Սալոմե Ջաշի, Շվեյցարիա/ Գերմանիա/ Վրաստան) ֆիլմը։ FIPRESCI-ի ժյուրիի կազմում էին կինոքննադատներ Ալեքսանդեր Մելյանը, Դոմինիկ Շմիդը, Մայքս Նաաֆսը։

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1117

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: