• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Հայկական մշակույթի օրեր՝ Մոնտե Կառլոյում․ բալետի պրեմիերա, երաժշտական ստեղծագործություններ և մշակութային այլ ծրագրեր

Հայկական մշակույթի օրեր՝ Մոնտե Կառլոյում․ բալետի պրեմիերա, երաժշտական ստեղծագործություններ և մշակութային այլ ծրագրեր

Մոնտե Կառլոյում կայանալիք արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում մարտի 25-27-ը տեղի կունենան հայկական մշակույթի օրեր։ Ծրագիրը հագեցած կլինի ինչպես հանդիսատեսին արդեն ծանոթ ստեղծագործություններով, այնպես էլ նորություններով։

Երաժշտական համարներով հանդես կգան «Գյուրջիև» անսամբլը, դաշնակահար Վարդան Մամիկոնյանը և այլ անձինք։ Տեղի կունենա բալետի պրեմիերա, որի հեղինակներն են կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանն ու Միշել Պետրոսյանը։ Ծրագրին իր մասնակցությունը կունենա նաև Սերգեյ Փարաջանովի թանգարանը։

«Արմենպրես» լրատվական գործակալության հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում կոմպոզիտոր Միշել Պետրոսյանն ընդգծեց փառատոնի կարևորությունը այլ մշակութային իրադարձությունների կողքին։ Փառատոնի ղեկավարը Բռունո Մանտովանին է, որը նախկինում եղել է Փարիզի կոնսերվատորիայի ղեկավարը։

«Մանտովանին այս տարի փառատոնի ձևը լիովին փոխեց՝ ցանկանալով ծրագրում հատուկ ուշադրություն հատկացնել նաև հայկական մշակույթին։ Բազմածավալ ծրագիր կլինի, որի ընթացքում կլինեն թե՛ հայկական կերպարվեստը, թե՛ երաժշտությունը և թե՛ պոեզիան։ Կլինի հայկական weekend»,- ասաց Միշել Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Փարիզում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փառատոնի ղեկավարը ընդգծել է, որ թեև հայերը փոքր ժողովուրդ են, բայց ունեն ահռելի մշակույթ, որը, սակայն, աշխարհի կողմից այդքան էլ ճանաչված չէ, և փառատոնի նպատակն է աշխարհին ճանաչելի դարձնել հայկական հսկայածավալ մշակութային ժառանգությունը։

Կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ բալետը ներկայացնելու առաջարկը նույնպես ստացել են Մանտովանիից։ Որոշվել է հայկական մշակույթին զուգահեռ ներկայացվել նաև եզդիական մոտիվներով ստեղծագործություն։

«Բալետի հիմքում ընկած է եզդիական մշակույթը՝ իր առասպելներով և միֆոլոգիայով։ Բալետմայստերն է ֆրանսիահայ հայտնի մասնագետ Միշել Հալե Եղայանը։ Ստեղծագործական ընթացքը բավականին բարդ էր, որովհետև մենք գործ ունեինք արվեստի մեկ այլ ճյուղի՝ բալետի հետ, և պետք էին տարբեր մոտեցումներ և պատկերացումներ իրերի շուրջ։ Մեզ համար սա մեծ փորձ էր»,- նշեց Արամ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բալետը նոյեմբերին կներկայացվի նաև հայ հանդիսատեսի դատին։

«Գյուրջիև» անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանն էլ ասաց, որ, թեև վերջին շրջանում արել է Գյուրջիևի ստեղծագործությունների նոր մշակումներ, այնուամենայնիվ, փառատոնում կենտրոնացումը լինելու է Կոմիտասի ստեղծագործությունների վրա։

«Շեշտադրումը կատարվելու է հատկապես Կոմիտասի պարերի վրա, որոնք ես ինքս փոխադրել եմ դաշնամուրից հայկական նվագարաններ։ Հետաքրքիր է նաև երաժշտության միջոցով պատմությանն անդրադառնալը։ Օրինակ՝ Կոմիտասի «Մշո շորոր» պարերի շարքը մեզ հասել է հեթանոսական ժամանակներից։ Վերջինս կատարվել է  դեպի Մշո Սուրբ Կարապետ եկեղեցի ուխտագնացության ժամանակ»,- ասաց Լևոն Էսկենյանը։

Իսկ Գյուրջիևի ստեղծագործություններից անսամբլի ղեկավարն առանձնացրեց հատկապես «Մեծ աղոթք»-ը, որը ներառում է երաշտական-ծիսական տարբեր ավանդույթներ բոլոր կրոններից։

Ծրագրի շրջանակներում այս տարի կարևոր է նաև Սերգեյ Փարաջանովի թանգարանի մասնակցությունը։ Թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը անձամբ է ներկա գտնվելու Մոնտե Կառլոյում անցկացվելիք փառատոնին, որի շրջանակներում ներկայացնելու է ինչպես Փարաջանովի, այնպես էլ թանգարանի գործունեության մասին։

Մարտի 26-ին ցուցադրվելու է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, իսկ այնուհետև՝ Փարաջանովի ստեղծագործությունների լուսանկարները։

Հիշեցնենք, որ Մոնտե Կառլոյում անցկացվող արվեստի միջազգային փառատոնը մեկնարկել է մարտի 11-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը։

Լուսանկարը` «Արմենպրես» լրատվական կայքից

Անի Մարտիրոսյան

  • Created on .
  • Hits: 2687

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: