Մարտի 23-30-ը տեղի կունենան Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

Օրերս Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնին, որն անցկացվելու է մարտի 23-ից 30-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Փառատոնի նպատակն է պահպանել ու տարածել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, հասարակությանն ավելի մոտեցնել ու մոտ պահել դասական արվեստին:

Ասուլիսի բանախոսներն են Արա Խզմալյանը (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ), Արամ Սաթյանը (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ), Սերգեյ Սմբատյանը (Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավար) և Սարգիս Բալբաբյանը (Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն):

Երեկոն երաժշտական է լինելու, որի ընթացքում՝ կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը հանդես կգա իր «Հայկական պարեր» ստեղծագործության պրեմիերայով, կհնչի նաև Վարդան Աճեմյանի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը: Երեկոյի մենակատարը սիրված դաշնակահար Արուս Աճեմյանն է: Համերգը ղեկավարվելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից, որը նաև հանդիսանում է փառատոնի գեղարվեստական ղեկավարը:

Այս գործում իր մեծ ու անգնահատելի ավանդն է ունեցել Սիմֆոնիկ նվագախումբը, որը հանրայնացրել, ներքին լսարանին ճանաչելի է դարձրել և միջազգայնացրել է փառատոնը: Բանախոսները հույս ունեն, որ համալիր միջոցառումները, որոնք կիրականացնեն, կնպաստեն փառատոնի հանդեպ հետաքրքրության մեծացմանը:

«Այս տարիներին փառատոնի արդյունքները շատ տպավորիչ են: Փառատոնի շրջանակում 51 համերգ է տեղի ունեցել, 170-ից ավելի պրեմիերա,  թվայնացվել են հայ կոմպոզիտորների 100-ից ավելի սիմֆոնիկ ստեղծագործություններ, ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր»,-ասում է Արա Խզմալյանն ու փաստում, որ թվերը խոսում են փառատոնի կարևորության մասին, որը պետք է ռազմավարական ու քաղաքական բոլորովին այլ հարթության վրա դնել:

Սերգեյ Սմբատյանի խոսքով էլ փառատոնը Հայաստանում ապրող ու ստեղծագործող կոմպոզիտորների համար մեծագույն ազդակ է:

Պետք է ոչ միայն կատարել կոմպոզիտորների գործերը, այլև ձայնագրությունների միջոցով պահպանել դրանք ու փոխանցել սերունդներին, ինչով զբաղված է փառատոնը: «Օրինակ՝ Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիան կատարել ենք արտերկրում. մենք անցել ենք տարբեր փուլեր՝ այն բերելով 21-րդ դար: Բոլոր ստեղծագործությունները, որոնք կատարել ենք փառատոնի ընթացքում, թվայնացրել ենք:  Համերգները, որոնք պետք է ձայնագրենք, մարդիկ կարող են  լսել նվագախմբի կայքում»,-ընդգծում է Սերգեյ Սմբատյանը:

Ըստ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի՝ յուրաքանչյուր հեղինակ նախ և առաջ ցանկանում է հնչել իր երկրում: Տարիքն առած շատ հեղինակներ այսօր հնչում են արտերկրում, բայց նրանց գործերը նախ և առաջ կատարել է Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, որը ժամանակին ղեկավարում էր Ռաֆայել Մանգասարյանը: Սաթյանը ողջունում է փառատոնի անցկացումն ու երկու կառույցների համագործակցությունը, քանի որ երիտասարդ ու մեծահասակ կոմպոզիտորների նոր գործերի կատարումը կնպաստի հայ ժամանակակից երաժշտության հանրահռչակմանը:

Նշենք նաև, որ փառատոնին կատարվելու են Մարտին Վարդազարյանի Սիմֆոնիան, որը երկար տարիներ չի հնչել և Օհան Դուրյանի «Կոմիտասական»-ից հատվածներ: Փակման համերգը կղեկավարի Իսրայելից հրավիրված դիրիժոր  Վահագն Պապյանը:

Լուսանկարը` «Արմենպրես» լրատվական կայքից

Նատալի Մկրտչյան

  • Created on .
  • Hits: 2523

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: