Փոքրիկ երաժիշտները ներկայանում են նոր երաժշտական ձեռագրով. Էջմիածնում մեկնարկել է «Փոքրիկ քայլ» ամենամյա մրցույթ-փառատոնը
Այս օրերին Վաղարշապատ քաղաքում մեկնարկել է «Փոքրիկ քայլ» երաժիշտների մանկապատանեկան հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնը: Փառատոնի հիմնական նպատակը Արցախի ու Հայաստանի երաժշտական և արվեստի ուսումնական հաստատությունների տաղանդավոր երեխաներին բացահայտելն է:
3-րդ տարին անըդնմեջ այն ՀՀ բոլոր մարզերից ու քաղաքներից Էժմիածին է բերում պատանի երաժիշտներին: Այս տարին առանձնահատուկ է նրանով, որ փառատոնին մասնակցում են նաև արցախցի պատանիները:
Փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ փառատոնը առաջին անգամ անցկացվել է մարզային մակարդակով, հետո հնարավոր է եղել այն կազմակերպել արդեն հանրապետական մասշտաբով. «Նպատակ ունենք հաջորդ տարի այն անցկացնել նաև միջազգային մակարդակով և ներգրավել արտերկրի երաժիշտ երիտասարդներին և ժյուրիի անդամներին: Այս տարին առանձնանում է նաև սաների թվով. 1510-ից ավելի սան ունենք, որոնցից 16-ը արցախցի պատանի երաժիշտներն են»,- ասաց նա:
Մայիսի 6-ից սկսած ամեն օր տեղի է ունենում մի անվականակարգի մրցույթ, որի ժամանակ 8-18 տարեկան երաժիշտ պատանիները ներկայացնում են տվյալ անվանակարգին համապատասխան իրենց երաժշտական ստեղծագործությունները: Փառատոնի ժյուրիի անդամները լսում ու վերջում իրենց գնահատականն են տալիս երաժիշտ պատանիներին ու որոշում այդ օրվա հաղթողին :
«Ացկացվում են այն անվանակարգերը, որոնք մեր երաժշտական դպրոցներում դասավանդվում են, այսինքն՝ դաշնամուր, փողային գործիքներ, լարային գործիքներ, ջութակահարների անվանակարգ ունենք, երգիչներ, երգչախմբեր, վոկալ, ժողովրդական վոկալ և այլն: Ամենից շատ մասնակիցներ ունեցել ենք առաջին օրը՝ դաշնակահարների մրցույթի ժամանակ: 280-ից ավելի մասնակիցներ ունեինք այդ անվանակարգի համար, այդ պաճառով այն անցկացրել ենք երեք օր»,- նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավաը:
Փառատոնի ժամանակ որևէ կոմպոզիտորի ստեղծագործության կատարում պարտադիր չէ մասնակցի համար: Պատանի երաժիշտը կարող է ելույթ ունենալ իր նախընտրած կոմպոզիտորի ստեղծագործությամբ, իր մոտեցմամբ ու ձեռագրով: Իսկ երեխաների երաժշտականությունը ու սեփական կատարման մոտեցումը կգնահատվեն փառատոնի ժյուրիի կողմից, որի մեջ ներգրավված են Հայաստանի երկու ժողովրդական արտիստ, 10 վաստակավոր արտիստ, և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 20-ից ավելի պրոֆեսորներ, ինչպես օրինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգուհի, «Օրփեոս և Էվրիդիկա» օպերայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Սերգեյ Սարգսյանը, և այլք :
Ըստ Հարությունյանի՝ փառատոնը կարող է նպաստել քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը, քանի որ մասնակիցները մրցույթի ավարտից հետո նաև շրջում են քաղաքով և ծանոթանում տեղի մշակութային և հոգևոր կենտրոններին: Անվանակարգերում հաղթող ճանաչված պատանիները փառատոնի ավարտից հետո հնարավորություն կունենան մասնակցել կոնսերվատորիայում ժյուրիի անդամների կողմից անկացվելիք վարպետության դասերին՝ որպես երաժիշտ իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու համար:
«Փոքրիկ քայլ» երաժիշտների մանկապատանեկան հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, Նոդար Գաբունիայի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակիր Սերգեյ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նմանատիպ փառատոները շատ կարևոր են մեր երկրի մշակութային կյանքի զարգացման համար. «Այսպիսի փառատոները մեր երիտասարդ երաժիշտների համար մեծ կարևորություն ունեն: Կազմակերպիչների կողմից շատ լավ գաղափար է, քանի որ արդեն երրորդ տարին է` այն հաջող և հիանալի է ընթանում: Ամեն տարի լավ մասնակիցներ ենք ունենում ու բացահայտում ենք մեր տաղանդավոր պատանի երաժիշտներին: Սա կարևոր է հատկապես կրթված ու որակյալ սերունդ ունենալու համար: Հակապես այս ծանր ժամանակաշրջանում պետք է մեր երկրի մշակույթը զարգացնել»,- ասաց Սարգսյանը:
Օպերային մեներգչի խոսքով՝ Հայաստանը ունի մեծ և փայլուն ապագա ունեցող երաժիշտ պատանիներ, որոնք մեր երկրի անունը կարող են բարձր պահել նաև միջազգային հարթակներում: Նա նշեց, որ տարբեր տարիքի երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցում մրցույթին: «Ես միայն դրական ու լավ արձագանքներ եմ տեսնում երեխաների կողմից: Երեկ, օրինակ, անկացվում էր ակադեմիական վոկալ անվանակարգի մրցույթը, որի ժամանակ մասնակցում էին 60 պատանի երաժիշտներ: Մեկը մյուսից հիանալի ու տաղանդավոր երեխաներ էին: Սա ուրախալի փաստ է, որ մենք ունենք այսքան տաղանդավոր երիտասարդներ, որոնք մեր երկրի ապագան են»,- հավելեց Սերգեյ Սարգսյանը:
«Փոքրիկ քայլ» երաժիշտների մանկապատանեկան հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը: Մրցույթը ընթանալու է մինչև մայիսի 20-ը: Փառատոնի ավարտից 20 օր հետո տեղի կունենա գալա համերգը, որի ժամանակ ելույթ կունենան հաղթող մասնակիցները:
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 2043