Դեռահասների հանդեպ ճնշումների մասին՝ մշակույթի լեզվով. պրեմիերա Դրամատիկական թատրոնի բեմում
Մայիսի 5-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում նոր պրեմիերա է սպասվում: Թատրոնի բեմ կբարձրանա Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի հիման վրա բեմադրված «Չուչել» ներկայացումը։
Այն Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի և շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցության արդյունքն է: Բեմականացման հեղինակներն են ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը և դերասանուհի Էմմա Մանուկյանը։ Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի խոսքով՝ ներկայացման գլխավոր նպատակը մշակույթի լեզվով բարձրաձայնելն է դեռահասների շրջանում հաճախ հանդիպող և շատերի համար դեռևս անծանոթ բուլլինգ երևույթը, այսինքն՝ սիստեմատիկ ճնշումները, որոնց ենթարկվում են հիմնականում դեռահասները:
«Շվեդական կազմակերպությունը մեզ պատվիրեց բուլինգի մասին ներկայացում բեմադրել, որը կպատմի դպրոցական կյանքում դեռահասների հանդեպ տեղի ունեցող ճնշումների մասին: Տարբեր նյութեր, պիեսներ սկսեցինք կարդալ և ուսումնասիրել: Սակայն որևէ գործ չգտանք, որը մեզ կբավարարեր»,- մեզ հետ զրույցում ասում է Խաչատրյանը: Երկար փնտրտուքներից հետո ընտրությունը կանգ է առել խորհրդային շրջանում արտադրված «Չուչելո» ֆիլմի վրա: Երեք ամսվա չդադարող աշխատանքներից հետո էլ ստեղծագործական կազմը վաղը այն կներկայացնի հայ հանդիսատեսի դատին:
«Պիեսը գրվել է ո´չ գրական հայերենով, ո´չ էլ փողոցային խոսակցական լեզվով: Փորձել ենք ընտրել այս երկուսի միջին տարբերակը, այսինքն՝ «ա»-երով խոսելաոճը, որը բնորոշ է դեռահասներին: Պարզ, բայց շատ մեծ իմաստ ունեցող խոսքերով ենք գրել այն: Այսինքն՝ ստացել ենք մի ստեղծագործություն, որն ամբողջովին նոր է ու ժամանակակից»,- ասում է ռեժիսորը:
Ներկայացմանը ընդգրկված են թատրոնի բոլոր երիտասարդ դերասանները, որոնք մարմնավորելու են դեռահասներին: Խաչատրյանի խոսքով` որոշակի դժվարություններ առաջացել են կերպարների և դերասանների տարիքային անհամապատասխանության պատճառով, սակայն այդ դժվարությունները դերասանները կարողացել են հեշտությամբ հաղթահարել:
«Չուչելը» փոքրիկ Յարոլիկայի մասին է, որը տեղափոխովում է նոր դասարան, հենց առաջին օրվանից սկսում է սիրել իր նոր ընկերներին, հանդիպում է տղայի, որին սիրահարվում է, բայց դրանից հետո դեպքերը զարգանում են այնպես, որ Յարոլիկան ստիպված է լինում դպրոցիցի հեռանալ: Ներկայացման գլխավոր հերոսուհին և համահեղինակ Էմմա Մանուկյանն էլ շեշտում է՝ սա ներկայացում է երեխաների մասին մեծերի համար: Իր կերպարի մասին խոսելիս դերասանուհին նշում է՝ գլխավոր հերոսուհին հայտնվում է հին և նոր արժեհամակարգերի բախման միջև, սակայն այդպես էլ իր տեղը չի գտնում:
«Իմ կերպարը` Յուլիանան, հայտնվելով դասարանում, առաջին օրվանից դառնում է բուլինգի զոհ: Աղջիկ է, որը շատ է սիրում մարդկանց, լավ երաժշտություն, ապրում է իր աշխարհում ու ոչ մի կերպ չի կարողանում գտնել իրեն նոր իրականության մեջ: Հին արժեհամակարգի կրողն է ու փորձում է իր ընկներին էլ այդ ամենի հետ ծանոթացնել: Բայց ընթացքում հասկանում է, որ այն, ինչ իր հետ բերել է նոր դասարան, պետք չէ ոչ մեկին, և ինչպես եկել էր` իր ջերմությամբ ու սիրով, այդպես էլ վերջում հեռանում է»,- ասում է դերասանուհին:
Նրա խոսքով՝ շատ բարդ էր եղել հոգեպես զգալ այն զգացողությունները, որոնք զգում են դեռահասները, սակայն սա ևս կարևոր փուլ էր, որը նա` որպես դերասանուհի, հաղթահարել է:
«Չուչել» ներկայացումը, բեմականացման հեղինակների խոսքով, կստիպի ծնողներին մտածել` արդյոք իրենք տեղյա՞կ են այն կյանքից, որով իրենց երեխան ապրում է դպրոցում: Իսկ թե ինչերի միջով է ստիպված լինում անցնել գլխավոր հերոսուհին, իմանալու համար ներկայացման հեղինակները հանդիասատեսին հրավիրում են ներկայացումը դիտելու:
Ներկայացման մեջ խաղում են նաև դերասաններ Լևոն Հախվերդյանը, Էմմա Մանուկյանը, Լիդիա Գրիգորյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Դիանա Մալենկոն, Նարեկ Մարտիրոսյանը, Լիդա Լևոնյանը, Արմեն Մեսրոպյանը, Նարեկ Քթոյանը, Էմմա Մկրտչյանը, Մարիամ Ադամյանը:
Վլադիմիր Ժելեզնիկովը «Խրտվիլակը» գրել է 1981 թվականին, իսկ Ռոլան Բիկովը վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանել 1983-ին: Ստեղծագործության գործողությունները ծավալվում են դպրոցում՝ ներկայացնելով 6-րդ դասարանցիների առօրյան: Գլխավոր հերոսուհին իր վրա է վերցնում ուրիշի մեղքը, ինչի հետևանքով դասարանը նրան սկսում է խարազանել, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկել:
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 1497