• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Մինաս. Ինչպե՞ս արվեստի արժևորումը մոտեցնել անհատին և հրաժարվել այն որպես հանրային կենսագրություն դիտարկելու մոտեցումից

Մինաս. Ինչպե՞ս արվեստի արժևորումը մոտեցնել անհատին և հրաժարվել այն որպես հանրային կենսագրություն դիտարկելու մոտեցումից

Երբ բնապատկերը դառնում է  «անձնականության» ցուցանիշ, որտեղ տեղ են գտնում անձնական փորձի շղթայական կետերը, իսկ արվեստը մոտենում է անհատին և ո՛չ ամբոխին ու  հասարակության պահանջին,  ապա այդտեղ սավառնում  է Մինասի ոգին։

Նկարիչ Մինաս Ավետիսյանի 94 ամյակի առթիվ Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվեց Արամ Աբրահանյանի հավաքածուում իր առանձնահատուկ տեղը զբաղեցնող նկարչի՝ «Մենք այստեղ ապրում էինք.  Ջաջուռ» կտավը։  Տարիներ առաջ՝ 2014 թվականին, այն ցուցադրվել է նաև Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանում՝ նկարչի 85-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի շրջանակում։

Ցուցահանդեսին ներկա նկարչի որդու՝ Նարեկ Ավետիսյանի խոսքով՝ 60 ականները հայ կերպարվեստի համար բեղուն շրջան էին դարձել և Մինաս Ավեստիսյանի այս ստեղծագործությունը ևս վերելքի լավագույն դրսևորումներից մեկն է եղել։  Կտավն ավելի շուտ նմանեցնում է «Ջաջուռին» և հատկապես արժևորում դրանում առկա «յուրօրինակ ստվերները» , որոնք նկարչի բնության մի մասնիկն են եղել։

Minas 2

«Հիշողությունը շատ կարևոր է, քանի որ գալիս է նոր սերունդը և ավագ սերունդը միշտ կարիք ունի վերահաստատելու  այն արժեքները, որոնք իր կյանքի անբաժան մասն են եղել։ Ինձ համար այս աշխատանքը Ջաջուռ կտավին գրեթե համարժեք մի կտավ է։ Մինասն այդտեղ նկատի է ունեցել Ջաջուռի նախատիպը՝ Խնուս գյուղը, որտեղից իր ծնողներն էին սերում։ Եվ այո՛, Ջաջուռը շատ նման է Խնուսին։ Կտավի վերին չորս ֆիգուրները ստվերների նման են և հիշողությունների ստվերների տեսքով այցելել են մի վայր, որն ապրում է հոգու մեջ բոցավառ գույներով»,- ասում է Նարեկ Ավետիսյանը։

Արվեստաբանները փաստում են, որ այս կտավում և ժամանակշրջանի այլ ստեղծագործողների գործերում նկատելի է համաշխարհային արվեստի համատեքստում յուր արվեստը տեսնելու, փնտրելու, բնական և ինքնաճանաչման առումով՝ կարևոր ու նուրբ այս մոտիվը։ Քանզի Մինասը և ժամանակակիցները ստեղծագործում էին խաթարումների մի փուլում և իրենք իրենց վրա վերցնում էին առաքելություն՝ փորձել վերականգնել այդ խաթարումները։ Ի՞նչ խաթարումներ էին առաջացել, և հայ արվեստը ինչպիսի՞ շղթա էր կազմել, որի մի մասն ընդհատվել էր։  Արվեստաբանական վերլուծությամբ կիսվում  է արվեստաբան Արա Հայթայանը։

«Նման պայմաններում հայ արվեստագետները փորձելու էին վերայանգնել այդ ընդհանուր շղթան։ Մինասը և իր սերնդակիցները զգացողություն ունեին, որ կտրվել են համաշխարհային արվեստից։  Իսկ այս ստեղծագործության մեջ հնարավոր է տեսնել, թե Մինասն ըստ իր ժամանակաշրջանի գեղանկարչության պահանջների՝ ինչից է հրաժարվել։ Ես կարծում եմ, որ Մինասը հրաժարվել է արվեստը որպես հանրային կենսագրություն դիտարկելու մտքից և այն մոտեցրել անհատին։ Դա վկայում է իր ծննդավայրի տեսարանը, որտեղ նկարիչը ներկայացնում է իր սկիզբը, զարգացումը և հենց դա էլ դարձնում «անձնականության խորհրդանիշ»։ Դրանով, անշուշտ, Մինասն արվեստի արժևորումը մոտեցնում է մարդուն, իր համոզմունքներին, իր եսին, իր կենսագրությանը, և նա պահում էր այդ գաղափարը՝ շատ լուրջ վերաբերվելով արվեստին»,- ասում է Արա Հայթայանը։

Minas 4

Ստեղծագործություններում առաջին պլան մղված «անձնականության» մասին է խոսում նաև արվեստաբան Նազարեթ Կարոյանը՝ հավելելով, որ Մինասը հենց դրանով վեր բարձրացավ արվեստից՝ դառնալով մտավորական քաղաքացի, որը պատրաստ էր իր ձայնը բարձրացնել  անհատի շահերի և իրավունքների դեմ պայքարող ռեժիմի դեմ։

«Կտավը կարծես թե ներկայացնում է բնության մի փակ համակարգ, որտեղ ոչինչ տեղի չի ունենում, այլ հակառակը՝ նույնանում է հավերժի հետ և նորից կրկնվում է։ Դրա արտահայտումն է գյուղամեջում կանգնած մարդու ստվերային ներկայացումը։ Սակայն այդ ստատիկ վիճակում էլ կա դինամիկ մի շեղում, որը դիտորդն է կամ ինքը՝ նկարիչը։ Այսինքն` այդտեղ այդ երկուսը նույնանում են»- ասում է արվեսաբան Նազարեթ Կարոյանը։ 

Ըստ արվեստաբանի՝ Մինասը հանդես է եկել «զգացական առաջարկով»՝ գունային հատվածների գգվանքի տեսքով և դրանով ցույց տվել, որ ինքն է  ապրում իր ստեղծագործության մեջ։ Այդտեղ խոսքը քաղաքական, սոցիալական, մշակութային փոփոխություններին զգացմունքայնորեն արձագանքելու մասին է։ Իր շեղումով նկարիչը կարծես դիմում է առանձին մեկին, որը կնույնանա իր հետ։

 

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 213

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: