«Ռոմեո և Ջուլիետ» բալետը 50 տարի անց նորից Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնում

«Բալետն արվեստի առանձնահատուկ ճյուղ է, որը բացահայտում է մարդու աստվածատուր գեղեցկությունը։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչի համար է բալետը ստեղծված և ինչին պետք է ծառայի։ Իսկ մենք իրավունք չունենք ներկայացնել այդ խորհրդանիշը տգեղ ձևով։ Դրա համար ես միշտ սիրում եմ ասել, որ շնորհակալ եմ նրանց, ովքեր ուզում են զբաղվել այս բարդագույն արվեստով, քանի որ նրանք դրան հասնելու համար սովորել են և ամեն օր զբաղվում են նման ծանր աշխատանքով»։  Բալետի մասին իր մտորումներն է արտահայտում բալետի արտիստ, բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Գլինկայի և ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովը: Վինոգրադովն այս օրերին Երևանում է՝ բալետի սիրահարներին տոն մատուցելու խորհրդով և երիտասարդ արտիստների հետ փորձով կիսվելու ցանկությամբ: Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 1-3-ը: Թատերախմբի կազմն աստղային է՝ վաստակավոր արտիսներ Ռուբեն Մուրադյան, Մերի Հովհաննիսյան, առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյան, մենապարողներ Անահիտ Վասիլյանը, Ռազմիկ Մարուքյան, Կարինա Շիկանյան: Վերջին շրջանում թատրոնի ակտիվ  գործունեությունը գնահատվում է և՛ հանդիսատեսի և՛ պետական մարմինների կողմից, և ԿԳՄՍՆ նախարարությունը մեծ ոգևորությամբ աջակցում է նախաձեռնություններին:

 Օլեգ Վինոգրադովը

«Օպերայի և բալետի թատրոնի հաջողությունները և ակտիվությունը ակնառու են, և մեծագույն ուրախություն է տեսնել թատրոնի ներքին վերափոխումները։ Օպերայի թատրոնը Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ  ջանք ու եռանդ չի խնայում` ապացուցելու, որ իրենք տրամադրված են թատրոնն իրապես 21-րդ դար հասցնելու և  միջազգային համագործակցությունը ընդլայնելու համար: «Ռոմեո և Ջուլիետը» նման արդյունքի վառ վկայությունն է»,- ասում է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

Ե՛վ դասական, և՛ հավերժական թեմաներ, ահա թե որն է շեքսպիրյան ստեղծագործության պրոկոֆևյան մատուցման ընտրությունը երևանյան թատրոնի համար: Իսկ համագործակցությունը շարունակվելու է ՝  աստիճանաբար մոտեցնելու Վինոգրադովի խոսքով՝ էսթետիկ առումով բարդագույն Պ.Ի.Չայկովսկու «Կարապի լիճ» բալետին:

«Երկու ուղղությամբ ենք մտածել. առաջինը, որ սիրո թեմայով երիտասարդներին կապենք օպերային թատրոնին, իսկ հետո լեգենդար բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը կաշխատի թատերախմբի հետ, ինչը նոր աստիճան է բալետի պարողների համար: «Ռոմեո և Ջուլիետը» ճանապարհ կբացի դեպի մեր երազած «Կարապի լիճ» ներկայացման բեմադրման համար, ինչպես նաև կամուրջ կհանդիսանա առավել բարդ ներկայացումների համար»,-ասում է թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Romeo Juliet 2

50 տարի անց այցը Հայաստան և բալետի բեմադրումը Օպերային թատրոնում մեծ ոգևորություն է պարգևել նշանավոր վարպետին: Վինոգրադովը նորից հիացմունքով է խոսում թե՛ Հայաստանի, թե՛ ժողովրդի և, իհարկե, տաղանդավոր հայ մենապարողների մասին: Իսկ թատերախմբի հետ աշխատանքին բալետմայստերը խանդավառությամբ  է վերաբերվում:

«Հիանալի թատերախումբ է, որով կարելի է հպարտանալ։ Այստեղ հիանալի մենապարողներ կան, որոնց պետք է պահել, որպեսզի չհեռանան։ Ես իմ կողմից անելու եմ ամեն ինչ, որպեսզի ձեր մասին իմանան ամբողջ աշխարհում։ Մեծ ուրախություն է հանդիպել պրոֆեսիոնալիզմի նման բարձր մակարդակի դրսևորման, որն արտահայտվում է հագուստի ձևավորումից մինչև բեմ։ Այսօր թատրոնը մեծ առաջընթաց է ապրում, և բոլորը խանդավառությամբ սպասում են պրեմիերային, որը մեծ տոնի է վերածվելու։ Մենք խոստանում ենք, որ այդ տոնն իրականություն կդառնա այս ներկայացմամբ և դրանով կհպարտանան ձեր հրաշալի երկիրը, գեղեցիկ քաղաքը և զարմանալի թատրոնը»,- հավելեց Վինոգրադովը:

Romeo Juliet 1

Սերգեյ Պրոկոֆևի բալետի պրեմիերան կայացել է Չեխոսլովակիայի Բռնո քաղաքում 1938 թվականին՝ առանց կոմպոզիտորի ներկայության:
Բռնոյում բալետի հսկայական հաջողություններից հետո, բալետմաստեր Լեոնիդ Լավրովսկին Խորհրդային միությունում բալետը բեմադրել է 1940 թվականին։ Եվ այն էլ, չնայած Պրոկոֆևի առարկություններին, Լավրովսկին կատարեց պարտիտուրի զգալի փոփոխությամբ։ Պրոկոֆևի բալետն առանձնանում է երաժշտական ​​խորը ինքնատիպությամբ։ Այն դրսևորվում է առաջին հերթին Պրոկոֆևի բալետային ոճին բնորոշ պարային սկզբի անհատականության մեջ։ «Ռոմեո և Ջուլիետի» լավագույն սահմանումը տվել է երաժշտագետ Գ. Օրջոնիկիձեն՝ նշելով, որ այն ռեֆորմիստական ​​ստեղծագործություն է։ Այն կարելի է անվանել սիմֆոնիա-բալետ, քանի որ թեև այն չի պարունակում սոնատային ցիկլի ձևաստեղծ տարրեր այսպես ասած, «մաքուր ձևով», այն համակված է զուտ սիմֆոնիկ շնչով…

ԽՍՀՄ-ում երիտասարդ Օլեգ Վինոգրադովը դարձավ առաջինը, որը կոտրեց Լավրովսկու «մենաշնորհը» Ռոմեոյի և Ջուլիետի նկատմամբ: 1965 թվականին
Օ. Վինոգրադովը Նովոսիբիրսկում արտահայտեց իր ըմբռնումը Պրոկոֆևի երաժշտության նկատմամբ՝ ժամանակակից դասական պարի լեզվով։ Վինոգրադովի բեմադրությունը դրական արձագանքի արժանացավ և ներկայացվեց  աշխարհի շուրջ 19 երկրներում։ Իսկ 1972 թվականին Վինեգրադովի ներկայացումը Երևանում ներկայացվեց հայ հանդիսատեսին, որտեղ Ռոմեոյի և Ջուլիետի դերում հանդես են եկել ժողովրդական արտիստներ Ռուդոլֆ Խառատյանը և Էլվիրա Մնացականյանը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 1245

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: