Այսօր մեկնարկում է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը

Օգոստոսի 12-ից 25-ը Երևանում սավառնելու է դասական երաժշտության ոգին։ Դասական մեղեդիները մեկտեղել է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը: Այն կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի համատեղ ջանքերով։

Փառատոնի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա լինելու 14 համերգի, վայելելու հայ և հրավիրյալ նշանավոր երաժիշտների կատարումները։

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի առաջին համերգի ընթացքում հանդես կգան ֆագոտահար Նիկոլայ Մադոյանը և դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։ Կհնչեն Ալեքսանդր Թանսմանի, Պաուլ Հինդեմիթի, Կլոդ Դեբյուսիի, Հենրի Դյուտիյոյի, Անտոնիո Տոռիանիի ստեղծագործությունները։ Փառատոնի երաժիշտները հանդես են եկել մի շարք հեղինակավոր փառատոներում՝ արժանանանալով պատվավոր մրցանակների։ Ահա օրինակ օգոստոսի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հանդես կգա նաև Խաչատրյանի անվան երաժշտական եռյակը (Կարեն Շահգելդյան (ջութակ), Ալեքսանդր Ռամ (թավջութակ), Արմինե Գրիգորյան (դաշնամուր))։ Ութերորդ համերգի ընթացքում կհնչեն Անտոնին Դվորժակի, Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

Հաշվի առնելով նաև նախագծի տարբեր երկրներից երաժիշտների մասնակցությունը և քաղաքը դասական ալիքով ողողելու գեղեցիկ ցանկությունը՝ նախագիծն աջակիցներ ունի.  դրանց թվում են ԿԳՄՍ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը  և «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը»: Վերջինիս նախագահ Կոնստանտին Իշխանովը վստահ է, որ այս փառատոնը հաջող համագործակցության ևս մեկ օրինակ կդառնա, և բոլորին կոչ է  անում միանալ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ երաժշտական այս տոնին:

«Ես հպարտ եմ այս հրաշալի քաղաքում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկի առթիվ։ Մեծ պատիվ է փառատոնը կյանքի կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ մեր վաղեմի և թանկագին գործընկերներից մեկի հետ, որը կիսում է դասական երաժշտության ժառանգությանն առնչվող մեր գաղափարներն ու մոտեցումները»,- ասում է Կոնստանտին Իշխանովը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Սիմֆոնիկ նվագախմբի շուրջն է համախմբել մի շարք տաղանդավոր երաժիշտների թե՛ Հայաստանից, թե՛ մի շարք այլ երկրներից: Նրանց թվում են կիթառահար Շվովֆեյ Յանը,  դիրիժորներ Գերգելի Մադարածը և Դանիել Ռայկինինը,  դաշնակահարներ Սոնա Բարսեղյանը և Վանեսսա Բենելլի Մոսելը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ջութակահար Նենսի Ժուոն:

««Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակում դասական երաժշտության անմոռանալի երեկոները տոն կպարգևեն Երևանի բնակիչներին ու հյուրերին։
Ուրախ եմ, որ «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի» հետ մեր համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, և նոր նախագծերի ստեղծման ճանապարհին մեր մոտեցումներն ու ցանկությունները համընկնում են։ Վստահ եմ, որ փառատոնի շրջանակում Հայաստան այցելող բոլոր արտիստները մեր երկրից կգնան՝ իրենց հետ տանելով հայ ունկնդրի ջերմ ընդունելությունը, իսկ երաժշտասերները փառատոնի 14 համերգների երգացանկում կգտնեն իրենց հոգեհարազատ երաժշտությունը»,- ասում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 

Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը, որը 2018 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր է: Կոսմոպոլիտ կոմպոզիտորը ծնվել է Կիևում, սովորել Մոսկվայում, ապրել Իսրայելում, ԱՄՆ-ում, Մալթայում: Շորը մաթեմատիկական գիտությունների դոկտոր է և անչափ հետաքրքիր ուղի է անցել. կյանքի մեծ մասն անցկացրել է մաթեմատիկա ուսումնասիրելով:  Իր խոսքով՝ նախկինում երաժշտությունն իր համար հոբբի է եղել, մաթեմատիկան՝ մասնագիտություն, իսկ այժմ` հակառակն է:

Ինչպես Կոնստանտին Օրբելյանն է ասել, Շորի ստեղծագործություններում ակնառու է Միջերկրածովյան երկրների պատմության և ավանդույթների ազդեցությունը: Չնայած` ոչ մի երաժշտական գործիք նվագել կոմպոզիտորը չի սովորել, այնուամենայնիվ այսօր նրա ստեղծագործությունները հնչում են Վիեննայի համերգասրահում, Բեռլինի Ֆիլհարմոնիայում, Քարնեգի Հոլում (Նյու Յորք), Մարինյան Թատրոնում: Այս անգամ հերթը Երևանինն է,  համերգային ծրագրի ընթացքում կհնչեն Շորի «Դաշնամուրի Սոնատը», «Ջութակի կոնցերտը»,  «Դաշնամուրայի տրիոն»:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 210

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: