21-րդ դարի թատերական մետամորֆոզները. Ռոտոնդա զրուցարան-թատրոն՝ Թումանյանի թանգարանում

19-րդ դարի վերջին Հայաստանում՝ Դիլիջան քաղաքի ամենագեղատեսիլ վայրում, կառուցվեց բացօթյա թատրոնի շենք՝ «Ռոտոնդան»: 1905 թվականին դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 80-ամյակի առթիվ առաջին անգամ Դիլիջանում բեմադրվեց նրա «Պեպո» կատակերգությունը, որին ներկա էին Շիրվանզադեն, իշխանուհի Մարիամ Թումանյանը, Պ. Պռոշյանը և այլ հայտնի գործիչներ: Դիլիջանի թատրոնը ձևավորվեց հենց նույն թատերախմբի հիման վրա, որը սակայն 2003 թվականից դադարեցրեց իր գործունեությունը: Մեր օրերում ժամանակի և տարածության մեջ ճամփորդության և 21-րդ դարի մարտահրավերներին արձագանքող մի յուրօրինակ «Ռոտոնդա» նախագիծ է իրականացնում Հ. Թումանյանի թանգարանը: Վերջինիս շուրջ ձևավորված Ռոտոնդա թատերախումբը գործում է 2008 թվականից։ Այդտեղ ևս գործում է կլոր զրուցարանի տրամաբանությունը, որն էլ անտիկ քաղաքակրթության մշակութային դրսևորումներից է եղել։ Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ևս հիշում է Դիլիջանի Ռոտոնդա թատրոնը, պատմում իշխանուհի Մարիամի և Հովհաննես Թումանյանի մասնակցությամբ զրույցների մասին: Զրուցարան-թատրոն հարթակը ստեղծվել  է այդ օրինաչափությամբ, և քանի որ թատրոնի մի շարք ներկայացումներն անցկացվում են ամառային այգում, դա ևս նպաստել է անվան և նախագծի ընտրությանը։  

rotonda

«Թատերախմբի հիմնական մասնակիցները պատանիներ և երիտասարդներ են, նախագիծը նաև բաց է տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների համար և դրանով դառնում է ինքնաճանաչման և ինքնադրսևորման հարթակ։  Այդպիսով այն ունենում է նաև հոգեթերապևտիկ ազդեցություն, իսկ արդյունքում մասնակիցները ոչ միայն դառնում են թատրոն զրուցարանի ակտիվ մասնակիցները, այլև  թանգարանի լավագույն բարեկամները և անգամ տարիներ անց վերադառնում թանգարան։ Ռոտոնդա թատերախումբը երկար տարիներ Արարատյան հայրապետական թեմի հետ միասին մասնակցում է Սուրբ Սարգսի տոնի համաքաղաքային ծրագրի պատրաստմանը։ Գեղեցիկ տոնի են վերածվում նաև թումանյանական օրերը Դսեղում», - ասում է Անի Եղիազարյանը։

Մշակութային միջավայրում սավառնող ազատ և առողջ փոխհարաբերություններ, ահա թե որն է շարժիչ ուժը: Յուրաքանչյուրն ընտրում է իր կերպարը, համագործակցում ու քննարկումներ կազմակերպում հիմնահարցի շուրջ։  Թատերախմբում գործում է ոչ թե թելադրող-կատարող, այլ ազատ մտածող տեսակը, ինչի արդյունքում կարևորվում է նաև տաբեր սերունդների միջև կապը։

rotonda3

Այս օրերին «Ռոտոնդա» թատերախումբն ակտիվ գործունեություն է ծավալում՝ նոր մոտեցմամբ ներկայացվելու է Հ. Թումանյանի «Աղավնու վանքը» ստեղծագործությունը։ Թատերախմբի ղեկավար, բեմադրիչ Մարինե Ասատրյանը մեկտեղում է երկարամյա փորձը, մեթոդաբանությունը և յուրաքանչյուր սանի  նկատմամբ յուրովի մոտեցումը։ Վստահ է՝ ոչ թե ինքն է ընտրում սաներին, այլ իրենք են ընտրում և հենց այդ փոխադարձ մեկմեկու զգալու անբացատրելի զգացողությունն էլ բացահայտում է յուրաքանչյուրի մեջ  եղած և ինչ-որ տեղ թաքնված արևը։ Բեմադրիչը յուրովի կիրառում է թատերական թերապիայի հին և նոր մի շարք մեթոդներ, իսկ հիմքում երեխաների ներքին զգացողությունների ընկալումն է:

«Մենք մատուցում ենք այն, ինչ այդ պահին զգում ենք և այն ինչն արդեն հասունացել է, մենք գնում ենք դրան ընդառաջ: Եվ հենց դրանով է պայմանավորված, որ թատերախմբի սաներն իրենց զգում են ապահով և բնական միջավայրում և հենց  դա էլ դառնում է ինքնաբացահայտաման լավագույն գործոնը: Մեզ ոգևորում է թանգարանի միջավայրը, որը օժանդակում է նաև մեթոդաբանական  առումով: Եվ հենց այդտեղ է, որ մենք հիշում ենք, թե ինչպես էր Հ. Թումանյանը նման ծանր ժամանակշրջանում նոր մեթոդներ, խաղեր, բացահայտման տարբեր ձևաչափեր ստեղծում: Եվ թատերախմբի երեխաներն էլ այդկերպ իրենց համարում են Թումանյանի զավակները: Իսկ երեխաների ցուցադրած արդյունքներից բնականաբար ոգևորվում են հենց ծնողները՝ տեսնելով, թե ինչպիսի հետաքրքիր արդյունքների են հասել երեխաները», -ասում է Մարինե Ասատրյանը:

Rotonda4

Երեխաները ներքին ճկուն փոխակերպումների իրագործողներ են դաձել՝  խաղում են  այգում, սրահում, աստիճանների վրա, այլ թանգարաններում և նման բարդ պայմաններում երեխաների ինքնադրսևորումը արտահայտվում է լավագույն ձևով: «Ռոտոնդա» թատրոնի սաներն արդեն արձանագրում են բազմաթիվ հաջողություններ, ահա օրինակ հանդես են գալիս տարբեր թատրոնների բեմերում, դա օժանդակում է նաև մասնագիտական ընտրությանը, քանզի շատերն ընտրում են դերասանի կամ բեմադրիչի մասնագիտությունները։ Թատրոնը նաև լավագույն միջավայր է դարձել երազանքներն իրականացնելու համար, նման երազանքով օրինակ սաներից մեկն արդեն իր տիկնիկային թատրոնը ստեղծելու ճանապարհին է։ Թատերախումբը համագործակցում է նաև մարզերի թատրոնների հետ։

Հետաքրքիր է, որ նախագծի հիմքում ընկած իտալերեն ռոտոնդա բառը ծագում է լատիներեն rotundus՝ կլոր բառից: Ռոտոնդան գլանաձև  շենք է՝ գագաթին կլոր գմբեթով:  Սակայն կարող ենք հանդիպել նաև առանց պատերի ռոտոնդաների, կան նաև առանց գմբեթ  ռոտոնդաներ: Մինչ ռոտոնդան ճարտարապետական ​​տերմին կդառնար իտալացի ճարտարապետների համար, այն արդեն գոյություն ուներ հնագույն շենքերում: Հին հունական մոնոպտերոսներն ու թոլոսները կառուցված են հենց  նմանատիպ շրջանագծերի տեսքով։ Հռոմեական կայսրության որոշ հեթանոսական տաճարներ նույնպես ռոտոնդայի տեսք ունեն, որոնց փառահեղ օրինակը Պանթեոնն է։ Հետագայում շրջանագծի վրա հիմնված շենքերը սկսեցին օգտագործվել քրիստոնեական սրբազան ճարտարապետության մեջ։ Դրանք հիմնականում մկրտարաններ են, որոնք նախկինում եկեղեցիներից առանձին շինություններ են եղել։ Իսկ Հռոմում իդեալական շրջանագծի տեսքով շենքերը հաճախ ծառայում էին որպես դամբարաններ և պանթեոններ։ Ուստի աշխարհիկ ճարտարապետությունը, ցանկանալով ժառանգել անտիկ քաղաքակրթության արժեքները, սկսեց կիրառել ռոտոնդաների յուրօրինակ ճարտարապետությունը։ Ռոմանտիզմի դարաշրջանի գալուստով անգամ զբոսայգիներում սկսեցին ռոտոնդաներ կառուցել։ Այս փոքրիկ կառույցները դարձել են լանդշաֆտային դիզայնի անբաժանելի մասը, դրանցից շատերը պատեր չունեն: Որոշ ռոտոնդաներ էլ անգամ ռոմանտիկ մատուռներ են հիշեցնում: Ինչպես տեսանք տարածաժամանակային ընկալումների ազդեցությամբ, մեր միջավայրի համար ևս այսպիսի կառույցը անծանոթ չէ, փոխարենը ներկայացվել է նոր ձևաչափով՝ ճարտարապետությունը համեմելով թատրոնի շնչով:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 1065

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: