• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Արվեստը չունի որևէ գագաթնակետ, որին կարող ես հասնել․ երիտասարդ քանոնահարուհին երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին

Արվեստը չունի որևէ գագաթնակետ, որին կարող ես հասնել․ երիտասարդ քանոնահարուհին երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին։  Նա 115 երկրի 3950 մասնակիցների մեջ արժանացել է գլխավոր «Գրան-պրի» մրցանակին։

Բացի այդ, մրցանակների է արժանացել Հնդկաստանում կազմակերպված միջազգային մրցույթում՝ ճանաչվելով 1-ին կարգի դափնեկիր ու ստանալով «Բեմական հմայք» և «Երաժշտության դեսպան» հատուկ մրցանակներ։ Բազմաթիվ այլ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի քանոնահարն է։

Ստացած մրցանակների, երաժշտության ու առաջիկա անելիքների  մասին է Մարիաննայի հետ մեր զրույցը։

Մարիա՛ննա, Ֆրանսիայում և Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին կրկնակի հաղթանակ եք տարել՝ միանգամից երկու դափնե մրցանակ բերելով Հայաստան։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում մրցույթը։ Ձեր տպավորությունները ինչպիսի՞ն են։

Շատ ուրախ եմ հաղթանակ գրանցելու համար, այն էլ կրկնակի, որովհետև ներկայացնում եմ ազգային նվագարան քանոնը` ազգային ստեղծագործություններով: Կարծում եմ մրցույթ ներկայացնող այս երկրները արդեն իսկ խոսում են լրջության ու բարդության մասին: Եզրափակչում մասնակցել են 20-ից ավելի երկրներ` 200 մասնակիցներով: Ես այն երաժիշտներից եմ, որին երբեք հաղթանակները  չեն կարող իմ մարդկային ու երաժշտական արվեստում փոխել: Ինձ համար առաջնայինը հայի անունը ճիշտ պրոպագանդելն է: Որախալի ու, ինչու ոչ, հաճելի է միշտ գնահատված լինել, այն էլ միջազգային հարթակում: Արվեստը չունի որևէ գագաթնակետ, որին կարող ես հասնել… Ես երբեք կանգ չեմ առնում,  կերտում եմ իմ չկրկնվող ձեռագիրը:

Marianna qanonaharuhi2

Նաև Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիրն եք՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել եք ազգային նվագարան քանոնը։ Ազգային երաժշտությունն ու Հայաստանը ներկայացնելը շատ մեծ պատասխանատվություն է։

Ես ընդհանրապես միշտ դեմ եմ եղել մրցույթներին, քանի որ չեմ սիրում, երբ երաժշտությունը և ընդհանրապես արվեստը մրցակցության մեջ է լինում, յուրաքանչյուր ազգ ունի իր ազգային դեմքը, որով էլ առանձնանում է, ու ամենաներկայանալին հենց մշակույթն է: Այս համաշխարհային մրցույթը շատ մեծ ձեռքբերում եմ համարում, քանոն նվագարանով գլխավոր մրցանակի արժանանալը մեծ նվաճում է: Այս մրցույթին մասնակցել են աշխարհի 115 գերհզոր երկրների 3950 մասնակից, վաստակավոր, ժողովրդական արտիստներ, պետական կոլեկտիվներ: Կարծում եմ` յուրաքանչյուր ասպարեզում պետք է գործեն միայն մեծ պատասխանատվությամբ պրոֆեսիոնալ անձինք, ու արդյունքը կխոսի հազարավոր բառերի փոխարեն:

Ձեր առաջին և երկրորդ ռեկորդները գրանցվել են մեր հայկական Դյուցազնագրքում։ Խնդրում եմ պատմեք այդ մասին։

Համավարակի ժամանակ, երբ ամեն ինչ սահմանափակ էր, ես որոշեցի իմ արտասահամանյան երաժիշտ ընկերների հետ մի նախագիծ իրականացնել, որ աշխարհը երգի, նվագի հայերեն, ճանաչի հային ու իր մշակույթը օնլայն հարթակում: Ավելի քան 30 երկրի երաժիշտներ իրենց ազգային  յուրահատուկ նվագարաններով միացան ու ստացվեց շատ հետաքրքիր նախագիծ, որն էլ գրանցվեց «Դյուցազնագրքում»: Հաջորդը համաշխարհային մրցույթի հետ էր կապված մրցակիցների ու մասնակից երկրների քանակի մեծամասշտաբայնությամբ. առաջին անգամ պատմության մեջ հայկական քանոն նվագարանը նման փառահեղ հաղթանակ գրանցեց:

Աշխարհին լսելի եք դարձնում մեր հայկականը։ Նախկինում ժողովրդական արվեստը հասանելի ու ճանաչելի էր հասարակության կողմից։ Այսօր ժողովրդական երաժշտության հանրայնացման խնդիր տեսնու՞մ եք։

Ես հայ եմ, ապրում եմ Հայաստանում, խոսում եմ հայերեն, արարում եմ հայերեն: Չեմ հասկանում այն ազգի ներկայացուցչին, որը ձգտում է օտարամոլության, ու իր սրտում առաջնայինը իր ազգայինը չէ: Ես ճանաչում եմ շատ հայերի, որոնք, ապրելով սփյուռքում, ամուր կառչած են իրենց արմատներին: Իմ հանդիսատեսը տարբեր սերունդների ներկայացուցիչներ են, որ լսում և սիրում են ինձ: Խնդիրներ շատ ունենք, բայց եթե ունենանք կիրթ հասարակություն, կհաղթահարենք ամեն բան:

Marianna qanonaharuhi3

Հաճախ եք սոցիալական նախաձեռնությունների մասնակցում։ Խոսենք այդ մասին։

Ես չեմ սիրում այդ մասին խոսել, բայց իմ կարքիը երբ և որտեղ լինում է, ես այնտեղ եմ:

Այսօրվա քանոնահարուհիները ի՞նչ ձեռագիր ունեն։ Ո՞րքանով է հաջողվում մեր քանոնահարուհիներին մասնակցել միջազգային փառատոներին և մրցույթներին։

Մեր օրերում անհատ-կատարող լինելը բարդ է, ունենք պետական խմբեր, որտեղ կան քանոնահարներ, որոնք իրենց ներկայությամբ զարդարում են յուրաքանչյուր խումբ, քանոնահարները միշտ գերազանացիկներ են, ու ամեն ոք հաստատ կառանձնանա իր տաղանդով: Քանոնը մեր ազգային նվագարանների թագուհին է, այն առաջնային է ու հայուհուն շատ վայել:

Դուք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատարն եք: Ի՞նչ է Ձեզ համար հոգևոր երգն ու երաժշտությունը:

Կոմիտասի անվան կամերային երաժտության տունը մեր մշակութային կարևորագույն օջախներից մեկն է, իսկ Տաղարանը (գեղարվեստական ղեկավար` Ս. Երկանյանը) աշխարհում նմանը չունեցող սնող զարկերակ է: Տաղարանը իր գործունեությունը ծավալում է ակադեմիական բեմից, իսկ յուրաքանչյուրս կրթվում ու կրթում ենք այդ կենտրոնից: Հոգևորը իմ արյան հոսքն է…

Առաջիկա պլաններն ու սպասվող նորությունները։

Շուտով համերգաշրջանի բացումն է, պատրաստվում ենք մաեստրոյի հերթական «Հայկական խճանակարը» բեմելուն:

 

Զրուցեց Մերի Խաչատրյանը

  • Created on .
  • Hits: 1140

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: