Տրվում է Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկը

«Բոլոր գործիքները համր են, քանի դեռ դրանք չեն դիպել մարդուն: Իսկ նվագախումբը տարբեր հույզերով կենդանի էակների գործիք է»։ Այս խոսքերը պատկանում են հայ ականավոր դիրիժոր,  Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Օհան Դուրյանին։ Այսօր՝ սեպտեմբերի ութին, մեծանուն դիրիժորը կդառնար 100 տարեկան, ինչի առթիվ հանձնաժողով է կազմվել և միջոցառումների ցանկ ստեղծվել։ Մեծանուն դիրիժորի 100-ամյակին նվիրված միջոցառումները կմեկնարկեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն ամբողջությամբ նվիրված է Օհան Դուրյանի հոբելյանին:  

Ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հիշում է Դուրյանի հետ ծանոթությունը, տպավորիչ շփումները։ Նա նշեց, որ մեծ պատասխանատվություն  է նման համերգով հանդես գալը։

«Մենք մեր ողջ փառատոնը նվիրելու ենք Դուրյանին, հանդես են գալու խոշոր ջութակահարներ և դիրիժորներ։ Դուրյանը մեծ դիրիժոր էր, ինձ դասավանդել է 6 ամիս, սակայն գրեթե միշտ հնարավորություն է եղել կապ պահել նրա հետ։ Ասում էր՝ դիրիժորներ կան, ում գլուխն է պարտիտուրայի մեջ, և դիրիժորներ կան, որ պարտիտուրան է գլխի մեջ, պետք է փորձես այդպիսին լինել։ Այս սկզբունքայնությունը, նվիրվածությունը գիտելիքներն են, որոնք ես Դուրյանից սովորել եմ։ Դուրյանն իր ոճն ուներ, գիտեր, թե ինչն ինչպես անել, սակայն չէր պարտադրում, և այժմ շատ հուզիչ է պատկերացնել, թե, օրինակ, եթե հիմա համերգը տեսներ, ինչպես կգնահատեր»,- ասում է դիրիժորը։

Հոբելյանական միջոցառումները ողջունում է ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը  և հատկապես կարևորում նման ձևով արվեստագետներին արժևորելու իրողությունը։

«Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել հատկապես մի մարդու, որը հիշատակի հանդեպ խոնարհումի մի վառ օրինակ է. խոսքը բժիշկ Վահան Վարդապետյանի մասին է, որը մաեստրոյի կողքին է եղել կյանքի ամենաբարդ ժամանակահատվածում։ Խոսելով մաեստրոյի մասին` պետք է նշել, որ Դուրյանը բացառիկ էր իր հիշողությամբ, երաժշտական իր իմացությամբ, քաղաքացիական խիզախումներով, իր մանկական անմիջականությամբ, բացառիկ էր աշխարհի հանդեպ բաց լինելով և աշխարհում ինտեգրված լինելով։ Նա այն քիչ արվեստագետներից էր, որն ընդգրկված էր միջազգային երաժշտական պրոցեսների մեջ։ Եվ ես կցանկանամ, որ 100-ամյակի տոնումը դառնա ոչ միայն որպես հիշատակի հանդեպ հարգանքի դրսևորում, այլև ուղերձ, որ ավելի ուշադիր լինենք մեր արվեստագետների հանդեպ»,- ասաց Արայիկ Խզմալյանը։

Հիշատակի արարողությունների ծրագիրը դեռ վաղուց էր հասունացել բժիշկ Վահան Վարդապետյանի մտքում։ Մարդու, որը դիրիժորի կողքին է եղել կյանքի բարդագույն փուլերից մեկում։ Նախագծի հանրայնացման գործում էլ նրան աջակցել է  հասարակական-քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը։

«Դեռևս 2018 թվականից ես մտածում էի, որ ժամանակն է պատրաստվել Դուրյանի 100-ամյակին։ Եվ ես իմ ծրագիրը Արամ Սարգսյանի հետ ներկայացրի վարչապետին։ Տարիներ առաջ մտածում էի մի յուրահատուկ համերգով այդ օրը նշել, և իմ մյուս ընկերոջ, մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ որոշեցինք կյանքի կոչել դա»,- ասաց Վարդապետյանը։

Համերգային ծրագիրը մեծ անակնկալ ունի։ Վարդապետյանի ցանկությունն էր, որ համերգային ծրագրում մի փոքր հատվածը  ղեկավարի  Բրուքների լավագույն մեկնաբան Դուրյանը, իսկ  հետո իր սանը՝ մաեստրո Է. Թոփչյանը։

Վարդապետյանի խոսքով՝ Դուրյանը ունի մոտ 58 գործ, վարպետության  դասեր, երբ ինքն իրեն նկարահանել է։ Եվ այժմ հնարավորություն է տրված, որ  վարպետը համերգի ընթացքում ղեկավարի մի հատված Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայից։ Վստահ է, որ այս համերգը  Օհան Դուրյանի 100-ամյակը իրեն վայել արժևորելու լավագույն ձևն է։

Հոբելյանական ծրագրի շրջանակում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի և Ազատության հրապարակի հարակից տարածքում կտեղադրվի  Դուրյանի հուշակոթող-արձանը, որի հեղինակը Գետիկ Բաղդասարյանն է։ Այն պետք է լինի  Սպենդիարյանի տապանաքարից 10-12 մետր հեռավորության վրա, որտեղ պետք է հորդա Սպենդիարյանի երաժշտությունը, իսկ մյուս կողմից Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի 3-րդ մասը։ Արամ Սարգսյանը ևս անդրադարձավ Դուրյան երաժշտին և մարդ տեսակին, որի հետ, իր խոսքով, պատիվ է ունեցել երկարատև ջերմ շփումներ ունենալ։

«Օհան Դուրյանը բացառիկ ազնվական տեսակ էր, որի մտքինն ու լեզվինը համընկնում  էին, և նրան պետք է ընկալել այնպիսին, ինչպիսին որ կա։ Հպարտ եմ, որ ծանոթ եմ եղել բացառիկ հայի, արվեստագետի հետ։  Ինչպես գիտենք, Օհան Դուրյանը Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր է, և արձանի բացումը, կարծուն եմ, որ նաև հայ-ֆրանսիական բարեկամության դրսևորում է դառնալու»,- ասաց Սարգսյանը։

Դիրիժորի ծննդյան 100-ամյակի միջոցառումները կլուսաբանվեն Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության եթերներում։ Հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ ցուցադրվելու է 2006 թվականին Մոսկվայում Ստաս Նամինի կենտրոնի կողմից նկարահանված ֆիլմը, որտեղ Դուրյանին բացառիկ գնահատականներ են տալիս ռուսական երաժշտարվեստի անվանի գործիչները։ Կցուցադրվեն նաև անիմացիոն հոլովակներ և արխիվային կադրեր 1950-60 ական թթ.ի համերգաշարերից։

Հանրային Ռադիոն ևս անմասն չի մնա միջոցառումներից։  Տնօրեն Գարեգին Խումարյանը նշեց, որ թվայնացվել է վարպետի  հսկայական երաժշտական ժառանգությունը, ռեստավրացիաի են ենթարկվել ձայնագրությունները ։ Ծննդյյան հարյուրամյակի առթիվ հիշատակի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի  8-ին  Կոմիտասի անվան պանթեոնում, որին էլ կհաջորդի բացառիկ համերգը։ Իսկ սեպտեմբերի 13 -ին Կոմիտասի թանգարանում կկայանա Կենտրոնական բանկի կողմից թողարկված արծաթե հուշադրամի շնորհանդեսը։ 

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 797

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: