• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար». նոր ցուցասրահ ու մշտական ցուցադրություն՝ Հայաստանի Պատմության թանգարանում

«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար». նոր ցուցասրահ ու մշտական ցուցադրություն՝ Հայաստանի Պատմության թանգարանում

Հայաստանի Պատմության թանգարանը հանրությանը ներկայանում է նոր՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահով՝ միաժամանակ տալով թանգարանում մշտական ցուցադրության վերաբացման մեկնարկը։

«Այսօր Հայաստանում հետաքրքիր մշակութային իրադարձություն է տեղի ունենում. տրվում է Հայաստանի Պատմության թանգարանի մշտական ցուցադրության  վերաբացման մեկնարկը։ Բավականին երկար ժամանակ թանգարանում իրականացվում էին վերանորոգման աշխատանքներ. պետական աջակցությամբ ջեռուցման և օդափոխության համակարգեր էին անցկացվում, ընթանում էին թանգարանի արդիականացման հետ կապված աշխատանքներ։ Այս ընթացքում թանգարանը որոշակի գործունեություն իրականացրել է. բացվել են ժամանակավոր ցուցահանդեսներ, կազմակերպվել կրթական ծրագրեր, սակայն մշտական ցուցադրության բացումն ամենասպասվածն է հանրության կողմից»,- սեպտեմբերի 8-ին կայացած ասուլիսում ասաց Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահում ներկայացված է 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն ցուցադրվելու է ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը պատրաստվել է ՀՀ կառավարության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցությամբ։ Ցուցասրահում այցելուները հնարավորություն կունենան շոշափելու ոտնամանի կրկնօրինակը, որը պատրաստվել է «Արմոս» կոշիկի ձեռնարկության կողմից և կցուցադրվի բնօրինակի հետ միասին։

qari dar cucadrutyun

Ցուցադրությունը համալրվել է մի շարք նոր նմուշներով, նոր ցուցադրական կահույքով և նոր մոտեցմամբ: Ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, այդ թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի հատիչ, Ք.ա. 6-րդ հազարամյակի թվագրվող քարե կացին, Ք.ա. 5-րդ հազարամյակի թվագրվող փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի և կիրառվել է նախնադարյան մարդու կողմից, հատկապես թաղման ծեսում։

Ասուլիսին ներկա ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի խոսքով, այն կենսատարածքը, որտեղ ապրել և ձևավորվել է մեր ժողովուրդը, որի մի մասն է  կազմում  այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, համաշխարհային մշակույթի մեջ ունի ահռելի ներդրում, ինչը նաև ցույց է տալիս իրենց վերջին տարիների պեղումները։

«Դրանք ոչ միայն ընդգծում են այս տարածքի կարևորությունը, այն ներդրումները, որոնք ունեցել ենք համաշխարհային քաղաքակրթության մեջ, այլ նաև փոխում են այսօրվա գիտական պատկերացումներն այս կամ այն խնդրի մասին»,- ասաց հնագետը։

Նրա խոսքով, աշխարհի հնագիտությունը մի մեծ կաթսա է, որտեղ ամեն հնագետ մի կաթիլ ջուր է լցնում, և վերջում ձևավորվում են այս կամ այն գիտական խնդիրների մասին տեսակետներ. «Հայկական հնագիտությունն այսօր այդ ձևաչափով փոփոխում է մարդկային հասարակության զարգացման մասին եղած համաշխարհային պատկերացումը»։

«Ունենք մեր երկրում հայտնաբերած եզակի ցուցանմուշներ: Մենք իսկապես հպարտանալու առիթներ ունենք»,- ասաց Բ. Գասպարյանը։

qari dar cucadrutyun1

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը նշեց, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը շատ է կարևորում մշակութային հաստատությունների հետ համագործակցությունը, թերևս Պատմության թանգարանի հետ իրենց համագործակցությունը բացառիկ է այն առումով, որ իրենց շատ գիտաշխատողներ միաժամանակ նաև թանգարանի աշխատակիցներ են. «Սա նրանց հնարավորություն է  տալիս իրենց գիտական նվաճումները նաև փորձարկելու թանգարանային ոլորտում, ստեղծելու այն կապը, որն անհրաժեշտ է և՛ գիտության զարգացման, և՛ զբոսաշրջության, թանգարանային ոլորտների զարգացման համար»։

Ասուլիսին ներկա  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր խոսքում նշեց, որ  մշտական ցուցադրության վերաբացումն իրենց համար միշտ եղել է շատ կարևոր թեմա, անընդհատ քննարկել են՝ ինչպես կարող են օր առաջ իրականացնել այդ կարևոր իրադարձությունը։

qari dar cucadrutyun2

«Բավականին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել թանգարանում, թեև դեռ շատ բաներ արդիակացաման կարիք ունեն։ Պետական բյուջեի հաշվին մենք կարողացանք առնվազն լուծել օդափոխման համակարգի հարցը, ինչի վրա ծախսվել է մոտավորապես 400 միլիոն դրամ։ Մենք կարողացել ենք թանգարանին աջակացել գնելու հնագույն ոտնամանի պահպանման համար արդիական սարք»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Ա. Քոչարյանի խոսքով, պետությունը պատրաստ է հնարավոր ռեսուրսների ներդրմամբ ունենալ արդիականացված, նորացված ցուցասրահներ՝ պատշաճ ներկայանալու տեղացի, օտարազգի այցելուներին։ 

«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցադրությունը կբացվի սեպտեմբերի 9-ից։

  • Created on .
  • Hits: 870

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: