Մշակութային կյանքը կանգ առավ...

«Մշակույթն ամոքում է», «մշակույթը հոգսերը մոռացության է մատնում», «արվեստը գեղեցկացնում է կյանքը»... Այո, մշակութային հագեցած կյանքով ապրող հասարակությունում մարդիկ իրար հետ ավելի հեշտ են շփվում, իրար ավելի լավ հասկանում։  Սակայն լինում են ժամանակներ, երբ ամեն ինչ երկրորդ պլան է մղվում։

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի կեսգիշերին կրկին հարձակվեց Հայաստանի վրա. երկու օր Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերում կրկին հնչեցին արկի ձայներ, կրկին զոհեր, ավերածություններ...

Թշնամու հարձակման լուրը տարածվելուց հետո մի շարք մշակութային օջախներ հայտարարեցին առաջիկա օրերին սպասվող միջոցառումների, ներկայացումների հետաձգումների, չեղարկումների մասին։  Չէ՞ որ բոլորի ուշք ու միտքը սահմանն ու սահմանը պաշտպանող զինվորն է։

Սեպտեմբերի 17-ին կազմակերպիչները հայտարարեցին «Ուրվական» փառատոնի հետաձգման մասին։ Փառատոնն այս տարվա սեպտեմբերի փոխարեն կանցկացվի 2023 թվականին։

«Ծանր սրտով մենք դադարեցրել ենք այս տարվա փառատոնի հետագա բոլոր աշխատանքները և Ուրվականը տեղափոխել ենք 2023 թվական: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրումը մեզ համար շոկային էր, և չնայած այն հանգամանքին, որ կողմերը եկել են զինադադարի համաձայնության, դժվար է կանխատեսել, թե ինչպես իրավիճակը կզարգանա առաջիկա օրերին»,- նշել են կազմակերպիչները։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մայիսին մեկնարկած Հոբելյանական փառատոնի աշնանային շրջանի առաջին համերգը հետաձգվել է` սահմանին տիրող պատճառներից ելնելով: Սեպտեմբերի 13-ի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, իսկ փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին՝ Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ համերգով՝ մեկ րոպե լռությամբ:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հետաձգել է սեպտեմբերի 14-ի «Խաղն ավարտված է», սեպտեմբերի 17-ի «Երազների աշխարհում» (առաջնախաղ), սեպտեմբերի 18-ի «Չինացին էլ կարող է հայ լինել» ներկայացումները։

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում նույնպես մի քանի ներկայացումներ հետաձգվել են. մասնավորապես սեպտեմբերի 16, 17, 18, 22, 23, նախատեսված ներկայացումները հոկտեմբերին կցուցադրվեն։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սեպտեմբերի 18-ին կայանալիք «Վեներան մուշտակով» ներկայացումը տեղափոխվել է հոկտեմբերի 10:

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում էլ տեղի են ունեցել փոփոխություններ:  Սեպտեմբերի 16-ի հայտարարված «Ախ Աննա, Աննա կամ Կրքոտ Կիրակի» ներկայացումը տեղափոխվել  է հոկտեմբերի 30-ին, սեպտեմբերի 17-ի հայտարարված «Գանգսթեր Մաքը» ներկայացումը՝  հոկտեմբերի 21-ին, սեպտեմբերի 18-ի հայտարարված «Չուչել »/Խրտվիլակը/ ներկայացումը՝  հոկտեմբերի 7-ին:

Գաբրիել  Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 16-ի «Հարսնացու հյուսիսից» ներկայացումը տեղափոխվել է հոկտեմբերի 12, սեպտեմբերի 15-ի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացումը՝  հոկտեմբերի 13, սեպտեմբերի 18-ի «Դեկամերոն» ներկայացումը չեղարկվել է։

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը cultural.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր թատրոնում խաղացել են «Ալադին» մանկական ներկայացումը, արդեն պլանավորում են առաջիկայում մյուս  ներկայացումներն էլ ցուցադրել։

«Ապրելով, պայքարելով, արարելով պետք է հասնենք հաջողության, մեր նպատակին, ուրիշ տարբերակ չունենք։ Առաջին հարվածի պարագայում, բնական է, պետք է նման արձագանք լիներ, բայց մենք չենք պատրաստվում այդ «էներգիայի» տակ մնալ, պետք է փոխենք  ընթացքը։

Մշակութային կյանքը պետք է շարունակի իր գործունեությունը։ Ոչ միայն մշակութային, բոլոր շերտերը, անխտիր, պետք է ավելի կենտրոնացած, ավելի մաքրված, ավելին անեն, քան անում էին կամ պատրաստ էին անել այս ամեն ինչից առաջ։ Այլևս հետ գնալու տեղ չկա»,- ասաց Վարդան Մկրտչյանը։

Իհարկե, կյանքը շարունակվում է. արվեստագետները շարունակում են ստեղծագործել, դերասանները բեմ դուրս գալ... Բայց յուրաքանչյուր սահմանային միջադեպ, թշնամու ագրեսիվ գործողություն ու ռազմական հարձակում իր հետքն է թողում յուրաքանչյուրի վրա. նկարիչների մոտ գույները մի քիչ խամրում են, դերասանների մոտ ծիծաղը մի քիչ դժվար է «ստացվում», ի տարբերություն լացի...

Բայց և այնպես՝ այս դժվարություններով լի կյանքը պետք է շարունակել ապրել, իսկ մշակույթը, արվեստը, անկասկած, գոնե մի քիչ «կգունավորեն» այդ կյանքը։

Հայազգի հայտնի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր  Տիգրան Համասյանին հենց ստեղծագործելն է օգնում ողջամիտ մնալ հուսահատության այս ժամանակաշրջանում ու նաև երաժշտության միջոցով փորձում է սփոփել իր հանդիսատեսին. «Սեպտեմբերի 13-ից սկսած այնպիսի զգացողություն էր մոտս, որ ուզում էի նստել տանն ու հետաձգել իմ կյանքի բոլոր ծրագրերը, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ մխիթարություն եմ գտնում երաժշտության ստեղծման ու հնչյունների մեջ․ այս գործընթացն օգնում է ինձ ողջամիտ մնալ հուսահատության այս ժամանակաշրջանում և, հնարավոր է, իմ հանդիսատեսն էլ երաժշտության միջոցով նման հանգստության կարիք ունի»։

  • Created on .
  • Hits: 818

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: