«Ակնթարթի ներսը». բացվել է Գագիկ Հարությունյանի լուսանկարների հետահայաց ցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցությամբ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համատեղ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում են հայ գեղարվեստական լուսանկարչության խոշորագույն ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը: Այն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում։

akntarti nersy4

2021 թ. լրացավ հայկական գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից մեկի` լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանը, ինչի առթիվ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և արվեստաբան Լուսինե Գալստյանը սկսեցին ուսումնասիրությունների, հրապարակումների և վերլուծությունների շարք` նվիրված արվեստագետի կյանքին, ստեղծագործական միջավայրին և  արվեստի ձևավորմանը: Այս անգամ լուսանկարչի աշխատանքների սիրահարները հնարավորություն ունեն ցուցահանդեսին հետևել Հայաստանի պատմության թանգարանոմ: Ցուցահանդեսի համադրողն է գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի "Kurfürstliches Gärtnerhaus" ցուցասրահի տնօրեն, "Atelier Middelmann" արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը։ Լուսանկարչի արվեստի առանձնահատկություններին հանգամանորեն ծանոթանալու համար «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Միրզոյան գրադարանն արվեստասեր հանրությանը և լուսանկարչության ոլորտում ստեղծագործող արվեստագետներին, գործող կազմակերպություններին հրավիրել էին հանդիպման Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի համադրող, գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի հետ: Հանդիպման ընթացքում Յուրգեն Միդելմանը ներկայացրեց Գագիկ Հարությունյանի ստեղծագործությունները և իր ընկալմամբ ընտրված աշխատանքների հիման վրա  յուրովի բացահայտեց և ներկայացրեց իր մոտեցումները:  Համադրողն անդրադարձավ Գագիկ Հարությունյանի դերին ու նշանակությունը ժամանակակից լուսնակարչության համատեքստում:

akntarti nersy2

«Այս ցուցահանդեսը ես ներկայացրել եմ արվեստագետի տեսանկյունից և այն, ինչ ներկայացնում եմ, իմ տեսակետն է և անբեկանելի չէ: Ես ցուցահանդեսը բաժանել եմ մի քանի մասերի՝ «Երկինք և երկիր», «Երեխաների աշխարհը», «Գաղտնիքը», «Պահը»:  Օրինակ առաջինում ներկայացված են երկինք և երկիր պատկերող տարբեր լանդշաֆտներ, որտեղ երկինքն ու երկիրն ավելի շուտ հոգևոր եզրույթներ են: Այդտեղ ներկայացվում են երկինք-երկրի միությունը, դրա խորհրդանիշն է ահա շրջանաձև մետաղական լարը:  Կամ մեկ այլ պատկեր՝ ամպերը և ձին»,- ասում է Յուրգեն Միդելմանը:

akntarti nersy3

Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանն  արտահայտում է իր մոտեցումները, նա ասում էր՝ «Այն ինչ ես անում եմ ՝ կախված եմ դրա հետ»։ Լուսանկարչի մտորումների ծիրում ամենատարբեր դեպքեր և երևույթներ են, դրանցում նորովի  ներկայացվում է մարդն իր ապրումներով, կյանքն իր գույներով, հայրենիքն իր ամրությամբ, սերը՝ հավերժությամբ, մարդկային ողբերգությունն ու մշակույթը միաժամանակ:  Հարությունյանի հետաքրքրությունների շրջանակում են եղել բնապատկերը, մարդու փոխհարաբերությունը բնական միջավայրի հետ, քաղաքական կրքերը, սիմվոլիկ լուսանկարչությունը։

akntarti nersy1

«Գագիկ Հարությունյանը յուրատեսակ պատկերներ է ցույց տալիս, որտեղ երևում է գեղարվեստական բարձ վարպետությունը: Նկարներից մեկում նա ցույց է տալիս մարդկանց, որոնք եկել են հանրահավաքի, որոնք պայքարում են, բայց նաև վայելում են պահը: Սա իդեալական կոմպոզիցիա է, որտեղ երևում է սպիտակ հագուստով կինը սևազգեստ տղամարդկանց ֆոնին: Այն կարծես թե ինձ հիշեցնում է ֆրանսիական հեղափոխության մասին պատմող մի գեղանկարի մասին, որը ևս նույն էներգետիկ դաշտն է պատկերում», - ասում է բանախոսը:

Երկարատև և խորհրդանշական «ճամփորդությունների» ընթացքում լուսանկարիչը կարողանում էր համատեղել անհամատեղելի թվացող պատկերները, գույները և մարդկային տարբեր հույզերը: Հենց այդ կերպ էին դրանք կենդանանում ու մարդկային հոգիներ մուտք գործում: Ինչպես ինքն էր բազմիցս ասում՝ ես տեսա, որ մարդն ամենուր նույնն է...

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 1046

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: