ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվեց Րաֆֆի Մուսախանյանի «Անորոշություն. 2018-2022» ցուցահանդեսը
ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվեց նկարիչ, քանդակագործ Րաֆֆի Մուսախանյանի «Անորոշություն. 2018-2022» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին հաջորդեց «Նյութի ճանապարհը» ցուցադրության շրջայցը` համադրող, արվեստաբան Նազարեթ Կարոյանի հետ: Նկարչի ստեղծագործություններին ծանոթ և անծանոթ այցելուներին Նազարեթ Կարոյանը շրջայցի ընթացքում ներկայացնում է նյութի և ձևամտածողության փոփոխությունների այն ուղին, որով ընթացել է Րաֆֆի Մուսախանյանի ստեղծագործությունը։
Րաֆֆի Մուսախանյանը 1988 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում, ստեղծագործական գործունեությունը ծավալում է հայրենիքից դուրս, իսկ այս անգամ երկար սպասված ցուցահանդեսը բացվեց հայրենիքի սրտում: Նկարիչը ԱՄՆ-ում հիմնել է Art studio, Classic and modern art արվեստի ստուդիան։ «Բնավորություն», «Հանդիպում», «Արդյունք», «Հետևանք», «Գործարք», «Թավիշ», «Տգետ հանդիպում»… անորոշություն արտահայտող վերացական զգացողությունները և իրականության պատրանքները նկարչի աշխատանքներում իրենց ուրույն տեղն են զբաղեցրել: Դրանցում կա մարդկանց, կենդանիների, թռչունների, բնության երևույթների միմյանց լրացնող և միաժամանակ երբեմն հակասող պատկերների համատեղ ներկայացում:
«Ինչու՞ անորոշություն: Վերջին շրջանի բարդ իրադարձությունները՝ համաճարակը, պատերազմը խորը ազդեցություն են թողել մեր հասարակության վրա։ Անորոշությունը բոլորիս մոտ է, հասարակ մարդու մոտ։ Եվ մենք պետք է ելք գտնենք այդ իրավիճակից։ Իսկ արվեստագետը պետք է ժամանակի շունչը զգա, դառնա իր ժամանակի կրողը։ Իսկ այդ աշխատանքում շատ կարևոր է նյութի ընկալումը:
Նյութը պետք է համապատասխանեցնել քեզ հետ, քո բնավորության, արագության, մտածողության հետ, մինչև չհամապատասխանեցնես քո բնավորության հետ, չես կարող անկեղծ ստեղծագործել, դա կարող է ձանձրացնել։ Միայն այդ կերպ կարող ես նոր ձևով ստեղծագործել»,- ասում է նկարիչը:
Համադրողի համար բարդ էր ստեղծագործություններն ընտրելը, քանի որ անորոշությունը Րաֆֆի Մուսախանյանի համար համար մի խնդիր էր, որն էլ հենց տևականորեն սահմանում էր նրա անելիքը:
«Դիմելով արտահայտչամիջոցների, որոնք ստեղծվել էին կուբիզմի, սյուրռեալիզմի կամ վերացական էքսպրեսիոնիզմի շրջանակներում և ընտրելով առարկաներն ու մարմինները կտրուկ ձևախեղումների ենթարկելու ուղին՝ արվեստագետը ասես ձգտում էր լուծել այդ խնդիրը, փորձում էր հաղթահարել անորոշության այդ վիճակը, որը ներթափանցում էր իր գործերի մեջ իր կամքից անկախ, անգիտակցականորեն, իբրև մարդկային հույզերի արտահայտություն»,- ասում է արվեստաբան Նազարեթ Կարոյանը:
Համադրողի խոսքով՝ Մուսախանյանի ստեղծագործության մեջ ամենատարբեր մակարդակների վրա դրսևորվում է փրփրային կերպարների պատկերումը, այն կա ինչպես կերպավորման ձևերի, այնպես էլ ընդհանուր կառուցվածքի արտահայտչական մակարդաներում, ինչպես միջոցի, այնպես էլ նյութի մեջ:
«Փրփուրը անորոշության սկզբունքի կրողը, նրա նյութական հենքն է, ուստի և պատահական չէր, որ Րաֆֆին էլ, ընդունելով, անշուշտ, անորոշությունը, իբրև սկզբունք և նյութ, ի վերջո դեմ առներ փրփուրի գաղափարին: Փրփուրը նրա ստեղծագործության մեջ դրսևորվում է ամենատարբեր մակարդակների վրա՝ ինչպես կերպավորման ձևերի, այնպես էլ ընդհանուր կառուցվածքի, որքան իմաստի, նույնքան էլ արտահայտչական մակարդաներում, ինչպես միջոցի, այնպես էլ նյութի մեջ»,- հավելեց արվեստաբանը:
Փրփրային գոյացությունների առանձնահատկությամբ՝ ծակոտկենությամբ ու ցանցայնությամբ էլ հենց բնութագրվում է Մուսախանյանի վերջին շրջանի գեղանկարչական աշխատանքների կերպարային ու կառուցվածքային համակարգը:
Ցուցահանդեսի այցելուների ուշադրությունն են գրավում հատկապես նկարչի հակասական ֆիգուրներ ունեցող պատկերները, որոնք երկարատև մտորումների առիթ են դառնում։ Ահա, օրինակ, Անի Կարապետյանը ցուցադրված պատկերներում իր խոսքով՝ իրականության նշույլներ է տեսնում։
"Ես կարծում եմ, որ առաջին հայացքից բավականին խառը կերպարներով նկարչի կերպարները շատ բարդ են և անշուշտ համադրողի ներկայացումից հետո շատ հարցեր պատասխաններ ստացան։ Եվ ընդհանրապես որպես շարքային արվեստասեր մարդ՝ ես կարծում եմ, որ այս շարքում իրականության ճիչեր կան։ Դա երևում է նաև ժամանակագրական ներկայացման մեջ։ 2018-2022թթ., մեզ համար վերջին ամենաբարդ շրջանը, որի կնիքն էլ հետաքրքիր ձևով հայտնվել է նկարների վրա»:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 3683