Համարձակ և դիպուկ ասելիքով նկարիչը. Արամ Իսաբեկյան

Անկաշկանդ վրձին, խոսուն գույների սահուն խտացում, անսպառ երևակայություն՝ անսահման տարածության մեջ, մտքի ու ժամանակի զուգահեռ ընթացք, ընդվզում և կամք, հարատև շրջապտույտի մեջ հայտնված մի մեծ հետագիծ. մի ամբողջ կյանք՝ յոթ տասնամյակ։ Այս ամենը Հայաստանի ժողովրդական նկարիչ, Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի մասին է։ Նրան հենց այսպես է ներկայացնում արվեստաբան Օսյա Քարամյանը, որը նաև սեպտեմբերի 22-ին Հայաստանի նկարիչների միությունում բացված Արամ Իսաբեկյանի 70-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի համադրողն է։ 

Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր  տարիներին ռեալիստական, իմպրեսիոնիստական, սյուռեալիստական ու աբստրակտ ոճով արված կտավներ։ 

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ցուցահանդեսի բացմանն ասաց, որ  ներկայացված ստեղծագործությունները պատմում են Արամ Իսաբեկյանի անցած ուղին։ 

«Այս օրերին կարող է մի քիչ տարօրինակ թվալ, թե հնարավո՞ր է իրականացնել մշակութային միջոցառումներ։ Այո, շատ դժվար է, դժվար է խոսքեր, ուժ գտնել քո մեջ, բայց հատկապես այս օրերին շատ անհրաժեշտ են նման ցուցահանդեսները, միջոցառումները, քանի որ արվեստի միջոցով կարողանում ենք մի պահ արվեստասեր հասարակությանը կտրել իրականությունից, բերել մի դաշտ, որտեղ միայն սեր է, խաղաղություն է, մարդ կարողանում է ապրել։ Իսկ Իսաբեկյանի ստեղծագործություններն այդ ամենը տալիս են հանդիսատեսին»,- նշեց Սուրեն Սաֆարյանը։ 

Isabekyan 5

Օսյա Քարամյանն իր խոսքում նախ առաձնացրեց Իսաբեկյան-ուսուցիչ կերպարը, որն ավելի բարձր կոչում է. մարդ, որը տասնամյակներ կրթել է սերունդեր, թև ու թիկունք է եղել նրանց և նույն ոգևորությամբ, ավյունով շարունակում է։

Նա նշեց, որ շատ էր ուզում` այս ցուցահանդեսի խորագիրը լիներ յոթ տասնամյակ, քանի որ, կարելի է ասել, Արամ Իսաբեկյանը յոթ տասնամյակ ստեղծագործում է։

«Լինելով երկու հզոր նկարիչների՝ Արփենիկ Նալբանդյանի և Էդուարդ Իսաբեկյանի  զավակը` կարողացել է ստեղծել իր ձեռագիրը։ Սովորաբար ժառանգների համար միշտ ավելի դժվար է։ Նա շատ համարձակ է, ստեղծեց իր ասելիքը, իր դիպուկ ասելիքը, ամենակարևորը՝ երբևէ չի վախենում փոփոխություններից։ Կտավին է հանձնում միշտ այն, ինչ զգում է, իր կտավների միջոցով տեսնում ես, թե ինչպես է շունչ տալիս ամեն մի իրի, բնությանը, մարդուն, բնավորությանը։

Իսաբեկյանի կտավներում հրաշալի երևում է իր տրամադրության փոփոխությունները, տրամադրության ներդաշնակությունը։ 

Իմպրեսիոնիզմ, սյուռեալիզմ...  Իսաբեկյանն այսօր ստեղծագործում է աբստրակտ ոճում, որը շատ մեծ ռիսկ է։ Աբստրակտն իր ամբողջ ներաշխարհն է։

Հստակ եմ ասում՝ նա միշտ փնտրում է  չարի նկատմամբ բարու հաղթանակը, փնտրում է  գեղեցիկը։ Գտել է միշտ ու գտնելու է։ Գեղեցիկը, բարին հաղթում է Իսաբեկյանի արվեստում։

Արամ Իսաբեկյանը հայկական ստեղծագործ իրականության այն վարպետներից է, որը իր վառ հետագծով հարստացրել է հայ գեղանկարչությունն ուրույն մտածելակերպով, գեղանկարչական նոր թեմաներով՝ համարձակորեն փորձելով ներդնել նոր ժամանակի թելադրանքի մեջ իր դիպուկ ասելիքը»,- Իսաբեկյան-նկարչին այսպես նկարագրեց արվեստաբանը։

Isabekyan 2

Արամ Իսաբեկյանն իր կյանքն առանց նկարելու չի պատկերացնում, մշտապես աշխատում է գտնել նորություններ, անում է այն, ինչ իրեն այդ պահին հարմար է, դրանով ոգևորվում է։ 

Ցուցահանդեսին ներկա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի բնորոշմամբ` ի դեմս Արամ Իսաբեկյանի՝ մենք գործ ունենք շատ ինքնատիպ արվեստագետի, ինքնատիպ անհատի հետ. «Ձեր վաստակն անգնահատելի է նաև երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության, ճաշակի ձևավորման մեջ»։    

Ա. Խզմալյանն արվեստագետի 70-ամյակի առիթով նրան փոխանցեց ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալը։ 

Արամ Իսաբեկյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ։

  • Created on .
  • Hits: 3728

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: