«ֆրանկոֆոն թատերական հանդիպումները» շարունակում են հաղթարշավը

Հոկտեմբերի 3-ից մեկնարկեց «ֆրանկոֆոն թատերական հանդիպումների» 4-րդ թատերաշրջանը: Թատերաշրջանն այս տարի նվիրված է բելգիական ֆրանկոֆոն թատրոնին։ Միջոցառումների շրջանակը բազմազան է. Հայաստանում են միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր հեղինակներ, որոնք հայ հանդիսատեսին և ընթերցողին ներկայացնում են իրենց սեղծագործությունները։

Ֆրանկոֆոն թատերական հանդիպումներն անցկացվում են Երևանում և Գյումրիում: Երևանում դրամատուրգների առաջին հանդիպումը կայացավ ԲՊՀ համալսարանում, որը նաև առիթ էր ուսանողների համար։ «Ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի շրջանակում Հայաստանում են բելգիացի ֆրանկոֆոն հեղինակներ՝ Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական Ակադեմիայի անդամ, բազմաթիվ  մրցանակների դափնեկիր Պոլ Էմոնը, գրող, բեմադրիչ, դերասանուհի, «Բեթ Նուար» ընկերության հիմնադիր, տարբեր մրցանակների դափնեկիր՝ Սելին Դելբեքը, դերասան, բեմադրիչ, թատերգու Լորան Վան Վեթերը, որի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Կարևորելով Ֆրանկոֆոնիայի տարածումն ու արժեքների պահպանումը համալսարանում` ռեկտոր Կ. Հարությունյանը ողջունեց գրական և մշակութային գործիչներին։

frankofon taterakan1

«Ֆրանկոֆոն թատերական հանդիպումներին» ընդառաջ Հայաստան է ժամանել  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, նախագծի գործընկեր  Էրիկ Պոպպը: Հավելեմ, որ այս տարի լրանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը մեր երկրի լիիրավ անդամակցության տասնամյակը: Պարոն Պոպպը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի  ֆրանկոֆոն ընտանիքի մեծ բարեկամն է: Անցյալ տարի մեր բուհում նա  հանդես եկավ «Ֆրանկոֆոնիան- ի՞նչ է այն» թեմայով դասախոսությամբ:   Պարոն Պոպպի շնորհիվ կյանքի են կոչվում նոր նախագծեր, ուսանողական շարժունությունն ապահովող ծրագրեր, որոնք  մեր բուհում ֆրանկոֆոնիայի տարածման շարունակականության գրավականն են։ Հայաստանի, հայ ժողովրդի համար այս ոչ դյուրին պահին նման նախագծերի իրականացումները մեկ անգամ ևս վկայում  են, որ հայ երիտասարդի ոգին անկոտրուն է, սերը ֆրանկոֆոն մշակույթի հանդեպ՝ դարերից եկող ժառանգություն»,- ասաց ռեկտորը։

Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի դոցենտ Անի Ջանիկյանը անդրադարձավ «Ժամանակակից բելգիական ֆրանսագիր դրամատուրգիա» շարքի շրջանակում տեղ գտած աշխատությունների թարգմանություններին։ Ինչպես նաև ներկայացրեց համալսարանական արտալսարանական աշխատանքները՝ հատկապես  «Ձայն մարդկային» թատերախմբի գործունեությունը, որոնք նպաստում են ուսանողների շփմանը, անձամբ ծանոթությանը ժամանակակից դրամատուրգների հետ:

frankofon taterakan3

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչ Էրիկ Պոպպն իր ելույթում նշեց, որ արդեն 4-րդ անգամ է Երևանում, ինչը ցույց է տալիս, թե Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը որքան է կարևորում Հայաստանը և ԲՊՀ-ն:  Իսկ դրամատուրգ Պոլ Էմոնն առաջին անգամ է Հայաստանում և այսպես կիսվեց իր տպավորություններով. «Սպասում ենք այն հանդիպմանը, որը տեղի կունենա մեր և հայ դրամատուրգների միջև: Կարծում եմ՝ երկուստեք շատ բան կունենանք իրարից սովորելու»: 

Հայաստան ժամանած թատերագիրներն ու դրամատուրգները հայ գործընկերների հետ կքննարկեն արդի հայ թատերարվեստին առնչվող հարցեր: Նրանք անհամբերությամբ սպասում են իրենց ստեղծագործությունների բեմականացումները տեսնելուն: Երկու երեկոների ընթացքում երիտասարդական թատերախմբերը բելգիացի թատերգուների յոթ ստեղծագործություն Գյումրու Մտորումների թաատրոնում կներկայացնեն հանդիսատեսի դատին։ Իսկ բուհի «Ձայն մարդկային» թատերախումբը Գյումրու Մտորումների թատրոնում հանդես է գալու Լ. Վան Վեթերի «Կանգառ» թատերգությամբ:

Մամուլի ասուլիսին հաջորդեց «Անկյունաքար» հրատարակչատան երկլեզու՝ ֆրանսերեն-հայերեն, քառահատոր գրքի շնորհանդեսը։ Թարգմանիչներն են՝ Գրիգոր Ջանիկյանը, Նաիրա Մանուկյանը, Թեոֆանա Վարդանյանը, Զարուհի Գրիգորյանը, Լուսինե Մուսախանյանը։ Հայ թատերասեր ընթերցողի դատին են հանձնվել բելգիացի թատերագիրների ութ երկերը: Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ հեղինակների ներկայությամբ,  որոնց ոգևորել է այցը Հայաստան և հատկապես երիտասարդ դերասանների մասնակցությամբ իրենց տեղծագործությունների թատերականացված ընթերցումները:

frankofon taterakan2

Լորան Վան Վեթերի «Կանգառը» և Սելին Դելբեքի «Խելագարվածը» ստեղծագործությունների թարգմանիչ Թեոֆանա Վարդանյանը նշում է, որ ընտրված գործերը նաև թատերական անդրադարձեր կունենան, իսկ ժանրային ընտրությունը շատ տարբեր է, նաև այնպիսի գործեր են ընտրվել, որոնք բեմ են բարձրանում և ժամանակի շունչն ու ոգին կստանան։

«Այսօր իրականություն դարձավ երկարատև այն աշխատանքը, որը շուրջ երկու տարի տևեց և այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Այն իսկապես ամբողջական համատեղ աշխատանքի պտուղ է։ Սկսած 2018 թվականից` մենք սկսել ենք  Ժամանակակից ֆրանսալեզու գրականության թարգմանական շարքը, քանի որ այն մեզ մոտ լայն տարածում չուներ։ Եթե առաջինը շվեցարական գրականության շարքն էր, ապա հաջորդեց աֆրիկյան հինգ հեղինակների թարգմանական շարքը, իսկ այս տարի ընտրվեց բելգիական ժամանակակից գրականությունը և քանի որ մենք ուզում էինք ներկայացնել գործը երկլեզու և մի քանի հեղինակներով, հենց այս ձևաչափն էլ ընտրվեց՝ չորս հեղինակներ, որոնց գործերը թարգմանվեցին», -ասում է թարգմանիչը։

Հայ-բելգիական թատերական երկխոսությունը» Գրողների միությունում շարունակվեց կլոր սեղան-քննարկմամբ, որի ընթացքում բելգիացի և ժամանակակից հայ թատերագիրները քննարկում են արդի թատերարվեստի հիմնախնդիրները։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 2002

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: