Հոգնել չիմացող մարդը. Արշակ Չոպանյան

Բանաստեղծ, բանասեր Արտաշես Հարությունյանի բնութագրմամբ՝ «հմուտ, լայնամիտ ու խորաթափանց», արձակագիր, դրամատուրգ Շիրվանզադեի որակումով՝ «նրբազգաց», արձակագիր  Համաստեղի խոսքով՝ «տվեց ճաշակը քննադատության և բանասիրության արվեստին»։ Այս բոլոր բնորոշումները մեկ մարդու՝ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, գրաքննադատ, խմբագիր, բանասեր, մշակութային-հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի մասին են։

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր մեկնարկեց Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված հանրապետական գիտաժողով, որը վաղը կշարունակվի նաև Իջևանում:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը համաժողովի բացմանն ասաց, որ այս երկու օրերի ընթացքում զեկույցներով կներկայացվեն Արշակ Չոպանյանի անցած ճանապարհը, նրա գիտական վաստակը տարբեր տեսանկյուններից, թեև ինչքան էլ պատմեն, խոսեն Չոպանյանի մասին, էլի չեն կարողանա ամբողջությամբ ներկայացնել նրա վիթխարի ժառանգությունը, որը պահվում է հենց Գրականության և արվեստի թանգարանում։

«Բանաստեղծ էր, արձակագիր ու թարգմանիչ, գրականագետ ու արվեստաբան, մեծ հասարակական գործիչ, որ իր կյանքի ընթացքում խաչմերուկ դարձավ տարբեր ազգերի, ազգությունների, մշակույթների միջև և բոլոր տեղերում արժանապատվորեն ներկայացրեց հայ ժողովրդին, հայ ժողովրդի մշակույթը։ Բավական է հիշել, որ հայ միջնադարյան գրականությունը՝ Գրիգոր Նարեկացի, Ֆրիկ, Քուչակ, Մխիթարյաններ ու մյուսներ, կարողանում էր ոչ միայն հավաքել, ուսումնասիրել, այլ նաև թարգմանել ու ներկայացնել ֆրանսիացի ընթերցողին, ինչը նշանակում էր՝  համաշխարհային մշակույթի գործիչներին»,- նշեց Վ.Սարգսյանը։

Arshak Chopanyan 3

Նրա խոսքով՝ Չոպանյանին  խորթ չէր ոչ մի ժամանակաշրջանի, հայ ժողովրդի տարբեր հատվածների գրականությունն ու մշակույթը։ Լինելով պոլսահայ՝ անդրադարձել է և՛ Պոլսի գրական դպրոցի գործիչներին, և՛ արևելահայ գրողների կյանքին ու գործունեությանը, նաև նոր-նոր կազմավորվող սփյուռքի գրական հոսանքներին։

«Նրա գրականագիտական ծառայություններն անուրանալի են»,- ասաց  Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը։

Այս ամենից բացի` ըստ Վ.Սարգսյանի`  նրա լայնախոհությունը տարածվում և սփռվում էր նաև օտար գրողների, օտար մշակների գործունեության վրա, կարողանում էր ընկալել և մեր գրականությունը, կարծես թե, եվրոպական գրականության հետ համաքայլ տեսնել։

Արշակ Չոպանյանը միայն գրականությամբ չէր զբաղվում, նաև մշակութային գործիչներով. նրա ուսումնասիրության առանձնահատուկ թեման և ուղղությունը եղել է Կոմիտասը, Խրիմյան Հայրիկը և բոլոր նրանք, որոնք կերտում էին հայ ժողովրդի ինքնությունը։

Arshak Chopanyan 5

Վ.Սարգսյանը մեջբերում արեց Արշակ Չոպանյանից, որը Գրիգոր Նարեկացուն ներկայացնելիս ասել էր՝ կարողացել էր վեր կանգնել կյանքից, աշխարհից և աշխարհին նայել վերերկրյա հայացքով, տեսողականությամբ, ասել է թե՝ Նարեկացին տեսել էր Աստծուն։

«Ես ուզում եմ վերափոխել այս բառերն ու ասել՝ Արշակ Չոպանյանը տեսել էր հայի ինքնությունը։ Նրա նաև հասարակական գործունեությունն ուղղակի իմ ասածի ապացույցն է։ Նրա բոլոր առնչություններն, ըստ էության, ունեին միակ գաղափարական հենքը՝ մեծագույն արհավիրքներից հետո աշխարհին ներկայացնել հայ ժողովրդին, նրա նկարագիրն ու էությունը»,- ասաց Վահագն Սարգսյանը։

Arshak Chopanyan 4

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Վաչագան Ավագյանի՝ ավելի քան 30 տարի գիտական հետաքրքրությունների շրջանակում Արշակ Չոպանյանն է ու ամեն անգամ նրան անդրադառնալիս զարմանում է  նրա  անխոնջ աշխատանքի, իր ժողովրդին, հայրենիքին անմնացորդ նվիրվածության վրա։

Նա ասաց, որ թանգարան գալու ճանապարհին ակամայից մի զրույց է հիշել, որ «Ապագա» թերթում էր լույս տեսել. «1935 թվականին Փարիզում տոնում էին Հայաստանի խորհրդայնացման 15-ամյակը։ Երբ բեմ է բարձրանում Չոպանյանը, թերթի թղթակիցը, որ նստած էր սրահում,  հետևելով բանախոսին,  ակամայից հարց է տալիս՝ «բան մը կա՞, որ այս մարդը չգիտեր», կողքի նստածն ասում է՝ «կա»։ Հարցին՝ ի՞նչը, պատասխան է հնչում՝ հոգնելը։

Իսկապես, այս մարդը հոգնել չգիտեր»։

«60 և ավելի տարի է տևել նրա և ազգային հասարակական, և գիտական գործունեությունը։ Երբ փորձում ես նժարին դնել՝ որին առավել կարևորություն տալ, իսկապես դժվարանում ես։ Իհարկե, բոլորն էլ շատ լավ կռահում են, որ նրա առավել մեծ, նշանակալից դերը հայ գրաքննադատության, բանասիրության պատմության մեջ է, բայց երբ հետևում ես ազգային հասարակական գործունեությանը, ինչն իրականացրեց Եվրոպայում, հատկապես Հայ դատի հարցի բարձրացման կապակցությամբ, կրկին ապշած ես մնում»,- ասաց Վ. Ավագյանը։

Arshak Chopanyan 1

Նա ուշադրություն հրավիրեց մի փաստի վրա՝ Հայաստանում ոչ մի հաստատություն, փողոց չկա Չոպանյանի անունով, ողջ երկրում այդ մարդու մի հարթաքանդակ չկա։

«Ուզում եմ մեր միջոցառումը նաև նախաձեռնող լինի նրան, որ Չոպանյանի անունով այս երկրում մի հաստատություն, փողոց անվանակոչվի։ Հասկանալի է, որ նրա ճանաչումն ավելի գրական, գիտական միջավայրում է։ Ցավում եմ, որ այս մարդը ժողովրդականություն դեռ չի վայելում։ Անունը տալիս ես, հանկարծակիի են գալիս, թե ով է Արշակ Չոպանյանը, նրա դիմանկարը հաճախ շփոթում են Լևոն Շանթի նկարի հետ։ Դա էլ է զարմացնում ու նաև վիրավորական է։

Խնդրում եմ, գուցե համատեղ դիմենք քաղաքապետարան, կառավարություն,  պահանջ դնենք Չոպանյանի անունով, գուցե 150-ամյակի կապակցությամբ, որևէ դպրոց կամ փողոց անվանակոչվի»,- ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Վաչագան Ավագյանը։

Նրա առաջարկությունը ծափահարությունների արժանացավ և «ճիշտ է» արձագանքի։

Նշենք նաև, որ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Կոմիտասի թանգարան-ինստիտուտում  հոկտեմբերի 11-ին կբացվի «Դարից երկար» խորագրով ժամանակավոր ցուցադրություն։

Հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը ծնվել է 1872 թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում։ Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին։ 1895 թվականին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար։ Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` նույն թվականին տեղափոխվել է Փարիզ, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը։ Մահացել է 1954 թ. հունիսի 8-ին Փարիզում։

Arshak Chopanyan 2

1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը։ Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ։

Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական բանասիրական գործունեությունը։ Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» 1902 թվականին, «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» 1910 թվականին, «Հայ էջեր» 1912 թվականին, «Հայրեններու բուրաստանը» 1940 թվականին և այլ ուսուսմնասիրություններ։ Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ։ Առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել` որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին։ Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը։ Հոդվածներ է նվիրել նաև արևմտաեվրոպական և ռուս գրողներին։

Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ։ Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են «Վարդենիք Հայաստանի» (հ. 1-3, 1918-29) ժողովածուում։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 974

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: