• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Կոմիտասի ժառանգությունը՝ երաժշտագետների ուսումնասիրության ծիրում. Ավարտվեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը։

Կոմիտասի ժառանգությունը՝ երաժշտագետների ուսումնասիրության ծիրում. Ավարտվեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը։

Կոմիտաս երաժշտի, անհատի անծանոթ ու առեղծվածային կողմերը, երաժշտական հարուստ ժառանգության վերաբերյալ նորովի մեկնաբանություններն այս տարի ևս ամփոփվեցին ակադեմիական միջավայրում։ «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը հնարավորություն է ընձեռում Հայաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ուկրաինայի ներկայացուցիչներին ներկայացնել հայ ժողովրդի երաժշտական ավանդույթների հիմնադրի հսկայական ներդրման արդյունքները, կոմիստասյան առանձնահատկությունների դրսևորումները հարակից ոլորտներում, նաև այլ ժողովուրդների երաժշտական մշակույթում։ Հեղինակավոր հաստատությունների գիտնականները զեկուցումներ են ներկայացնում՝ նվիրված Կոմիտասին և նրա գործունեությանը, հոգևոր, ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտությանը, կոմպոզիտորական արվեստին և մանկավարժությանը։
Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը տեղեկացնում է, որ Կոմիտասի հանդեպ հետաքրքրությունը երբեք չի նվազում, իսկ թանգարան-ինստիտուտի նախաձեռնած միջոցառումների շնորհիվ Կոմիտասի ճանաչելիությունը մեծանում է, նրա արվեստի վերաբերյալ քննարկումներն ընդլայնվում են: Գիտաժողովը «Կոմիտաս» փառատոնի անբաժանելի մասն է դարձել, որը մեկնարկում է կոմպոզիտորի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին: Գիտաժողովի զեկուցումները բազմազան են, սակայն հիմքում՝ սերը կոմիտասյան մեղեդիների նկատմամբ։ Նման օրինակներից մեկն, օրինակ, առնչվում է Կոմիտասի և նրա աշակերտ Բարսեղ Կանաչյանի թողած խմբերգերի և մեներգերի հավաքորդ բանահավաք, երաժշտագետ, խմբավար, հասարակական գործիչ Պետրոս Ալահայտոյեանի ազգապահպան և հայրենանվեր գործունեությանը։ Բեյրութում ծնված բանահավաքը եղել է Բարսեղ Կանաչյանի «Գուսան» երգչախմբի անդամը և որոշել ամբողջացնել երաժշտական հսկայական ժառանգությունը։ Բանահավաքը հանդես է եկել սփյուռքի հայոց գաղթօջախներում՝ Բելգիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում, Խորհրդային Հայաստանում, որտեղ անգնահատելի է համարում ծանոթությունը Հայրիկ Մուրադյանի հետ։ Ալահայտոյեանի կատարած աշխատանքն ամփոփվել է խմբերգերի և մեներգերի երկհատորյակում։

Komitas gitajoxov1 2

Երաժշտագետի հետ աննկարագրելի հանդիպման մասին հուշերով է կիսվում ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աշխատակից Անի Հակոբյանը, որն ամփոփել է խոշորագույն այս ժառանգությունը։

«Վերջապես Հայաստան հասավ խոշոր երաժշտագետի, հայրենասերի ժառանգությունը։ Ցավոք, օրեր առաջ լսեցինք ցավալի լուրը՝ մեծ բանահավաքը լքեց մեզ։ Նրա հետ հանդիպեցինք 2020 թվականի հունվարին՝ Լոս Անջելոսում և ամիսներ անց տեղեկացանք, որ բանահավաքը որոշել է իր ներդրումն ուղարկել Հայաստան։ Դրանից հետո որոշեցինք ֆինանսավորում գտնել և սկսեցինք հսկայական հավաքածուի թվայնացումը և անձնագրավորրումը։ Որպես վաղ շրջանի հրատարակության առաջնային նյութ առանձնացվել է 1972 թվականի Բեյրութում հանդիպած ծագումով մշեցի Մովսես Մելքոնյանից գրառված շուրջ 50 երգեր, պարերգեր, 1956 թվականին Սիրիայից Ֆրանսիա եկած տիգրանակերտցի Օվսաննա Չալոյանից ձայնագրված 8 նմուշ, ինչպես նաև ցեղասպանություն վերապրածներից թողած երգեր»,- ասում է հետազոտողը։

Զեկույցը ներկայացվել է նաև միջազգային գիտաժողովում։ Բարձր գնահատականի է արժանացել հատկապես 14-րդ դարի Կիլիկյան Հայաստանից՝  արքա Լևոն Լուսինյանին նվիրված երգերի բացահայտումը, որոնք երաժշտության հնագույն շերտն են կազմում։

Komitas gitajoxov1 1

«Հորովել. Տարրեր, զուգահեռներ, առանձնահատկություններ» զեկուցմամբ ներկայացավ Թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը։ Զեկուզողի նպատակն էր ներկայացնել մշակութային ժառանգության պահպանման լավագույն օրինակներից մեկի՝ գութաներգի զարգացման առանձնահատկությունները։ Պարզվում է, որ տարբեր է գութաներգի տարածման աշխարհագրական միջավայրը՝ Վայոց Ձոր, Լոռի, Արագածոտն, Ջավախք, Գեղարքունիք, Արցախ, ավելի քիչ տարածված է Կոտայքում, Սյունիքում, Տավուշում, նմուշներ կան նաև Ղազախից, Ալաշկերտից, Խլաթից։ Ժամանակի ընթացքում ընդլայնվել է նաև բանահավաքների թիվը՝ Կոմիտաս, Սպիրիդոն Մելիքյան, Զավեն Թագակչյան։

Komitas gitajoxov1 3

«Գիտենք, որ գութաներգերի մեջ ամենատարածվածը և շրջանառվածը Լոռու գութաներգն է, թեպետ Կոմիտաս վարդապետն ունի մեծ թվով գութաներգեր։ Այն շատ է շրջանառվել, քանի որ դրա վերաբերյալ Կոմիտասն ունի գիտական անդրադարձ՝ մի հսկա հոդված, որտեղ հանգամանորեն քննության է առնում ոչ միայն ժանրը, այլև ողջ մշակութային համատեքստը, թե ինչպես է գոյանում երգը։ Շատ կարևոր է նկատել նաև ընդհանրությունները՝ Կոմիտասի Լոռու գութաներգի և Արցախի գութաներգի միջև. այն, որ ժողովուրդը նույն մշակութահին միջավայրում պահպանել է երաժշտական այս ժանրի առանձնահատկությունները»,-ասում է Տաթևիկ Շախկուլյանը։

Գիտաժողովն ամփոփվեց Հառիճավանքում կազմակերպված համերգով, որտեղ հնչեց Կոմիտասի «Պատարագ»-ը: Գիտաժողովի զեկույցները գիտական հոդվածների տեսքով կհրապարկվեն առանձին ժողովածուում։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 2138

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: