Ավեստա. Իրանական հնագույն երգերը և տեքստերը՝ հայերեն թարգմանությամբ
Համաշխարհային մշակութային կոթողների թվում իր ուրույն տեղն է գրավում իրանական մշակույթի լավագույն դրսևորումներից մեկը՝ Ավեստան, որն ամփոփում է հնագույն զրադաշտական կրոնի առանձնահատկություններն ու արտասովոր մշակույթի դրսևորման ձևերը։ Ավեստայի ուսումնասիրությունը մշտապես եղել է առաջատար իրանագետների ուշադրության կենտրոնում, սակայն, ցավոք, Հայաստանում այս կոթողային աշխատությանը կարող էինք ծանոթանալ միայն պարսկերեն կամ անգլերեն թարգմանությամբ։ Բարեբախտաբար, օրեր առաջ թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը երկարամյա փնտրտուքներից և խորքային հետազոտություններից հետո ընթերցողի դատին հանձնեց Ավեստան՝ հայերեն թարգմանությամբ։
Լեգենդի համաձայն` կիսաառասպելական Զրադաշտ մարգարեի` Ահուրա-Մազդայի ունեցած տեսիլքից հետո վերջինս մարդկությանը թողեց 21 գիրք։ Այդ թիվը հնագույն իրանցիների մոտ սրբազան էր համարվում (նաև 3-ը և 7-ը)։ Ահա այդ գրքերը բաժանվում էին 3 մասի, յուրաքանչյուրում՝ 7-ը։ Առաջին յոթը ներառում են հոգևոր հարցեր, աստվածաբանական տեքստեր, այդ թվում «Գաթաները»՝ Զրադաշտի հիմները: Հաջորդ յոթը անդրադառնում են մի շարք գիտակարգերի, ինչպիսիք են պատմությունը, բժշկությունը, աստղագիտությունը: Վերջին յոթը վերաբերում են էթիկայի հարցերին և մարդկային գոյությանը։ Վիճարկելի է Ավեստայի գրության ժամանակագրական հիմնահարցը։ Հարկ է նշել, որ Ալեքսանդր Մակեդոնացու օրոք (մ.թ.ա. 336-323 թթ.) Պարսկաստան ներխուժման ժամանակ Ավեստան հավաքագրված էր և պահվում էր կաշվե թերթիկների վրա։ Սակայն Մակեդոնացու նվաճողական արշավանքների արդյունքում ավերվում են զրադաշտական մի շարք տաճարներ, սպանվում քրմեր։ Բացի այդ, հույն գրագիրներն արտագրում էին Ավեստայի բժշկության վերաբերյալ հատվածները։ Ավեստան հանդիսանում է ոչ միայն իրանական կրոնական և մշակութային խոշորագույն աղբյուր, այլ նաև իրավական և բարոյական նորմերի կարևորագույն ձեռնարկ, հնագույն խորհրդանիշների լավագույն մեկնություն։
Ավեստայի հայերեն թարգմանությունը ոչ միայն արտացոլում է իրանական հարուստ մշակութային ժառանգությունը, այլև հին պարսկերենի հարուստ մի բառարան է, իսկ շուրջ 1500 ծանոթագրություններն ուղղակի լավագույն նվեր են պարսկական մշակույթի, լեզվի, պատմության գիտակների և սիրահարների համար։ Իրանագետ, լրագրող Տիգրան Դավթյանը նշում է, որ Ավեստան Էդուարդ Հախվերդյանի ուշադրությունը դեռ 50 տարի առաջ է գրավել, երբ Հախվերդյանն ապրում էր Իրանում և պարսկերենով ուսումնասիրում էր աշխատությունը։
«Էդուարդը դեռ տարիներ առաջ մտածում էր այս մասին և թե ինչպես այս կոթողային գործն ամբողջապես ներկայացնել ընթերցողին։ Այս առումով օգտագործել է իրանական խոշոր աղբյուրներ և ֆրանսիացի արվեստագետ Ջ. Դարմստետերի աշխատանքները։ Նրանք, ովքեր Պարսկաստանում են ապրել, դեռ դպրոցական տարիներից ծանոթ են զրադաշտական եռամիասնական դրույթներին՝ բարի միտք, բարի խոսք, բարի արարք, և սա ընկած է ողջ գրքի հիմքում», -ասում է Տիգրան Դավթյանը։
Թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը կարևորում է հատկապես հայ-իրանական այն հսկայական կրոնական ու մշակութային առանձնահատկություններն ու նմանությունները, որոնք ընկած են հազարամյա պատմության հիմքում և մեկնակետ են դարձել ու ներկայացվել նաև այլ կրոններում և մշակույթներում։ Օրինակները բազմաթիվ են՝ դիցաբանական պատումներից մինչև տոնածիսական համակարգ և բնության երևույթներ։
«Աշխարհում չկա երկիր, ազգ, մշակույթ, լեզու, ինչպիսին պարսկականն է, որն անմիջապես և անմիջականորեն կապված է մեր մշակույթի հետ։ Արմատապես մենք այնքան ենք նույնը, որ մեր մշակույթները ևս նույնական են։ Այն ինչ մենք ունեինք նախաքրիստոնեական նախաիսլամական մշակույթներով, շատ ավելի ամուր էին, սակայն, ցավոք, մենք արհեստականորեն հեռացել ենք դրանից։ Բայց այսօր ես շատ ուրախ եմ, որ նորից վերադառնում ենք մեր արմատներին, այնտեղ, որտեղ մեր առնչություններն այդքան շատ են։ Ահա կարող ենք տեսնել, որ օրինակ Ավեստայում հանդիպում ենք Անահիտ աստվածուհու մասին 100 էջից ավելի հիշատակման, որն օիհնում է հաղթանակը, և նրան զոհեր են մատուցվում։ Կամ Նոյան տապանի մասին առնչություններ ևս կան, որտեղ Ահուրա Մազդան Ջամշիդին ասում է, որ մի քարայր կառուցի և այնտեղ հավաքի մարդկանց, կենդանական և բուսական աշխարհը։ Այսինքն` քրիստոնեությունից հազար տարի առաջ գրված Ավեստան այդ մասին էր խոսում», - ասում է թարգմանիչը։
Ավեստայի թարգմանությունը նաև հայ-իրանական մշակութային շփումների և համագործակցության լավագույն օրինակ է, ինչը ողջունելի է ԻԻՀ դեսպանատան կողմից։ Դեսպանատան մշակութային կցորդ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային կարևորում է այս աշխատության թարգմանությունը, շնորհավորում թարգմանչին ու անդրադառնում նաև նախորդող թարգմանություններին։
«Անչափ ուրախ եմ, որ ներկա եմ այսպիսի կարևոր աշխատության շնորհանդեսին, որը մեծ առնչություններ ունի մեր երկու երկրների մշակույթների հետ։ Թարգմանությունները մեծ դեր ունեն առհասարակ երկրների մշակույթները փոխանցելու գործում։ Այն, որ Հախվերդյանը թարգմանել է իսլամական սուրբ գիրքը՝ Ղուրանը և ժամանակակից իրանական գրականության մի շարք գործեր, իսկ հիմա նաև Ավեստան, ցույց է տալիս թարգմանչի հետաքրքրությունների և հետազոտական աշխատանքի լայն շրջանակը։ Այնպես որ, ես վստահ եմ, որ մի շարք նոր թարգմանություններ են սպասվում»,- ասաց Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային։
Թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը մինչ այս ընթերցողի դատին է հանձնել պարսկական գրականության և պոեզիայի մի շարք նմուշներ, հայերեն է թարգմանել նաև Ղուրանը։ Ավեստան հրատարակվել է Անտարես հրատարակչության կողմից։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 1251