• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները՝ Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքում

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները՝ Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքում

Մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Երևանի պետական համալսարանի պատվավոր  դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր… Այս ամենը մեկ մարդու մասին է՝  ֆրանսահայ Կլոդ-Արմեն Մութաֆյան։ Ցեղասպանությունից մազապուրծ ծնողների ընտանիքում ծնված  Կլոդ-Արմեն Մութաֆյանը  (հայրը ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանն է) թեև չի ապրել Հայաստանում, սակայն նրա բոլոր աշխատությունները նվիրված են հայ  պատմությանը և մշակույթին։

Հերթական աշխատանքը նույնպես հայ  մշակույթի թեմայով է, նվիրված է հայկական Երուսաղեմին։

Հոկտեմբերի 29-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները՝ սկսած 5-րդ դարից։ Այստեղ ընթերցողը կգտնի Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարներ, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը։ Գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։ Այն ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։ Պատկերագիրքը հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող "Belle Lettre" հրատարակչատունը։

Գրքի շնորհանդեսին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ներկայացնելով Կլոդ-Արմեն Մութաֆյանին, ասաց, որ նա արդեն ձևավորված գիտնական էր, մաթեմատիկոս, բայց նա իր մեծ «սիրուն» ընդառաջ գնալով՝ ընտրեց պատմագիտությունն ու իր բազմաթիվ հրատարակություններով մեծապես հարստացրեց հայագիտության այն ուղղությունը, որը կարող են կոչել կիլիկիագիտություն։

Klod Armen Mutafyan 1

«Արմեն Մութաֆյանի հետաքրքրությունն ընդգրկում է մի շրջանակ, որը կարելի է անվանել Արևելյան Միջերկրական, Մեծ Ասորիք, կարելի է անվանել նաև Լևանտ։

Իր բազմաթիվ հետազոտությունները պտտվում են այդ նույն շրջանակի, տարածաշրջանի շուրջ, առաջին հերթին Կիլիկյան Հայաստան, Ասորիք, Երուսաղեմ, ընդհանուր Լևանտը։

Ինչո՞ւ Լևանտ։ Որովհետև Մեծ Հայքից դուրս թերևս հայ ժողովուրդը ոչ մի տեղ այդպիսի ծաղկուն, բարգավաճում չի ապրել, ինչպես Լևանտում։ Այստեղ է ծնվել, կերտվել Կիլիկյան Հայաստանը, որը թե ռազմաքաղաքական, թե մանավանդ մշակութային առումով, մեր ժողովրդի ստեղծած ամբողջ ժառանգության գագաթն է ներկայացնում, զուգահեռաբար, իհարկե, ունենալով Զաքարյան Հայաստանում ծաղկող մշակույթը»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը։ 

Նա նշեց, որ հայկական ձեռագրական ժառանգության թվով երկրորդ հարուստ ձեռագրատունը երևանյան Մատենադարանից հետո  գտնվում է  Երուսաղեմում։

Klod Armen Mutafyan 2

«Հայերը հսկայական ժառանգություն ունեն Երուսաղեմում։  Այդ ժառանգությունը արժևորելը, աշխարհին, նաև մեզ ներկայացնելը կարևոր և շնորհակալ մի աշխատանք է, որին լծվել է Մութաֆյանը»,- նշեց Մատենադարանի տնօրենը։

Վահան Տեր-Ղևոնդյանը կարևորեց նաև Մութաֆյանի դերը Հայաստան-Սփյուռք գիտնականների միջև կապերի ամրապնդման գործում՝ նշելով, որ նա միշտ ձեռք է մեկնել մեր գիտնականներին, աջակցել է անշահախնդիր կերպով։

Ներկաները շնորհավորեցին անվանի հայագետ, պատմաբան Կլոդ-Արմեն Մութաֆյանին ոչ միայն «Երուսաղեմը և հայերը» գրքի լույս ընծայման առիթով, այլ նաև նրան 80-ամյակի։

Գրքի շնորհանդեսին ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ  այսօր Մատենադարանում են հավաքվել մեծարելու և գնահատելու հարգարժան պրոֆեսոր Կլոդ-Արմեն Մութաֆյանին։

Նրա խոսքով՝ Արմեն Մութաֆյանը  մի շարք մասնագիտությունների է տիրապետում, առաջին մասնագիտությունը մաթեմատիկան է, նաև պատմաբան է, մշակութաբան, ցեղասպանագետ։

Klod Armen Mutafyan 3

«Բարձր ենք գնահատում ձեր ներդրումը բոլոր այդ ուղղություններով, հատկապես հայագիտության տարածման, կարևորվում է հատկապես Հայոց ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայում տարված ձեր գործունեությունը, ձեր ուրույն ներդրումն ունեք  Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։

Լինելով Ֆրանսիայում՝ դուք վարվում եք այնպես, ինչպես կվարվեիք Հայաստանում։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի ԳԱԱ պատվավո անդամ եք, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր»,- նշեց Վ.Դումանյանը։

Նա ասաց, որ ՀՀ կառավարությունը, իշխանությունը շատ բարձր են գնահատում ձեր անցած  ճանապարհը, ձեր կատարած աշխատանքը, ունեցած ներդրումները։ Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի հրամանագրով Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն-Մութաֆյանը պարգևատրվում է «Մովսես Խորենացի» մեդալով:

Klod Armen Mutafyan 5

Կլոդ-Արմեն Մութաֆյանը շնորհակալություն հայտնեց պարգևատրման համար։

Նա նշեց, որ Երուսաղեմը Հայաստանից դուրս հայ մշակութային ժառանգության ամենահարուստ վայրն է, բայց գրեթե չբացահայտված է մնում։

«Կորոնավիրուսի պատճառով երկուսուկես տարի չկարողացա գնալ Երուսաղեմ։ Իմ սենյակում շատ աշխատեցի, կուտակեցի հսկայական նյութեր։ Հասկացա, որ իմ նյութերը տասը անգամ ավելի շատ են, քան կարելի է ներկայացնել թանգարանում։ Որոշեցի գիրք պատրաստել։ Ուրեմն՝ այս գիրքը կովիդի արդյունքն է»,- ասաց հեղինակը։

Նրա ներկայացմամբ՝ գրքում շատ են նկարազարդումները։ Կլոդ-Արմեն Մութաֆյանի համոզմամբ՝ նկարազարդումները շատ կարևոր են, դրանք չպետք է ընկալել որպես զարդ, այլ մարդու ուշադրությունը գրավելու միջոց։

«Այս գրքում ոչ թե գրությունն է նկարներով, այլ նկարները՝ գրությունով»,- ասաց նա։

Klod Armen Mutafyan 6

Միջոցառման ընթացքում ներկայացվեց ևս մեկ գիրք. «Արևելյան աղբյուրագիտություն» շարքի 3-րդ հատորը ձոնվել է Կլոդ-Արմեն Մութաֆյանի 80-ամյակին։ Հատորում ընդգրկված են արժեքավոր հոդվածներ՝ նվիրված հայագիտության տարբեր խնդիրների։ Հոբելյարի վաղեմի ընկեր Ժերար Դեդեյանը՝ իր և Ագնես Ուզունյանի հեղինակած հոդվածում բացահայտել են Մութաֆյանի անխոնջ կերպարը։ Ժողովածույում հոդվածներ կան Գուգարաց աշխարհի, արաբ-հայկական միջնադարյան փոխհարաբերությունների, մահմեդական կրոնափիլիսոփայական աշխարհայացքի, հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունների, ասորերենից կատարված թարգմանական հիշատակարանների, Հեթում Ա-ի դրամների և այլ խնդիրների շուրջ։ Հոդվածների հեղինակները Հայաստանի և Եվրոպայի առաջատար գիտնականներ են։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 802

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: