«Օհան Դուրյանի երրորդ վերադարձը»․ Օպերային թատրոնի հարակից տարածքում բացվեց դիրիժորի արձանը

Նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակում` Ալեքսանդր Սպեդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի արձան–հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը։ Դիրիժորի կին՝ Ալիս Դուրյանը ինքը բացեց ամուսնու արձանը։

Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Օհան Դուրյանի որդին՝ Նարեկ Դուրյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և մշակութային շատ գործիչներ:

Բացման խոսքով նախ հանդես եկավ բժիշկ, հասարակական գործիչ և Օհան Դուրյանի մտերիմ ընկեր Վահան Վարդապետյանը, որը նաև արձանի գաղափարի հեղինակն է։ Իր խոսքում Վարդապետյանը հանդիսությունը վերնագրեց «Օհան Դուրյանի երրորդ վերադարձը»:

«Յուրաքանչյուր հուշակոթող արձան պետք է լինի խորհրդանշական և խորհրդանշական վայրում էլ պետք է տեղադրվի։ Աշխարհահռչակ դիրիժոր, մեծ քաղաքացի և մտավորական, իմ իսկ բնութագրմամբ՝ Հայաստանի ամենաազատ և ամենաանկախ քաղաքացի Օհան Դուրյանին ժողովրդի իշխանությունը հավերժ վերադարձրեց Ազատության հրապարակ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածք»,– ասաց նա։

Վարդապետյանի խոսքով՝  Դուրյանը մինչև կյանքի վերջին շունչը հանուն ժողովրդի ազատության, ինքնիշխանության և անկախության համար էր պայքարում և համաժողովրդական շարժման դիրիժոր էր: Ֆրանսիայի քաղաքացին, արվեստի և գրականության պատվո ասպետը Ֆրանսիայի հրապարակին այսքան մերձ է․ «Կատարողական արվեստի համաշխարհային մեծությունն օպերայի և ֆիլհարմոնիայի մոտ պետք է լիներ: Ամենակարևորը՝ փառավորվում է Օհան Դուրյանի հոգին, քանի որ այսքան մոտ է իր պաշտելի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմին»,-ասաց նա:

Դուրյանի կիսանդրու բացումը վերապահվել էր Ալիս Դուրյանին՝ դիրիժորի այրուն, որը նախ իր շնորհակալական խոսքը հղեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Վահան Վարդապետյանին և կիսանդրու հեղինակ Գետիկ Բաղդասարյանին: Նա խաղաղություն մաղթեց երկրին, իմաստություն՝ ժողովրդին ու նվաճումներ՝ մշակութային և այլ ասպարեզներում:

Արձան-հուշակոթողի գաղափարը պատկանում է Վահան Վարդապետյանին, արձանի քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը` Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակը` Արսեն Պետրոսյանը: Համակարգման աշխատանքներն իրականացրել է Սամվել Ղումաշյանը:

Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ, աշխարահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի արձանի հեղինակ Գետիկ Բաղդասարյանն էլ շեշտեց՝ արձանը սիմվոլիկ է, միտք է եղել, որ Դուրյանը իր ձեռքով օպերան է ցույց տալիս, մյուսով՝ Սպենդիարյանին։

«Մեր ազգի սյուներից է Դուրյանը։ Հենց այնպես չէ, որ նրան ասում ենք մաեստրո: Շատ քիչ մարդկանց է հնարավոր այդպես ասել: Ցանկացել եմ գլխի, ձեռքերի, ապակե սյուների միջոցով երաժշտություն, ռիթմ ցույց տալ, ներկայացնել Դուրյանի էությունը: Հենց այդպես եմ պատկերացնում Դուրյանին: Անհամեստ թող չհնչի, սակայն, կարծում եմ, ստացվել է: Կարևոր էր, որ Թումանյանի, Սպենդիարյանի կողքին Օհան Դուրյանը ո՛չ մեծ, ո՛չ փոքր երևա»,- նշեց քանդակի հեղինակն ու շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին:

Արձան–հուշակոթողը բրոնզից է պատրաստված, ներքևի հատվածը ապակի է։ Ըստ քանդակագործի՝ սառը ապակուն և բրոնզին շունչ են տվել։

Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով էլ՝  Դուրյանի կյանքը կապված էր Հայաստանի ոչ միայն մշակութային, այլև քաղաքական կյանքի հետ: Ըստ նրա՝ արձանը հայ ժողովրդին կդարձնի մի քիչ ավելի հանդուրժող․ «Այս հրապարակում օպերային թատրոնն է, որտեղ իր կյանքի մի զգալի մասն է անցկացրել Դուրյանն ու հիացրել է բոլորիս իր արվեստով: Արձանի մեջ շատ էքսպրեսիա կա, ինչը բնորոշ էր մեծ մաեստրոյին: Քաղաքակիրթ է դառնում այն հանրությունը, որը հասկանում է՝ մշակույթն իր կյանքի կարևորագույն մասն է, և ես հույս ունեմ, որ այս արձանն ու երաժշտությունը, որն այստեղ հնչում է, մեզ բոլորիս կդարձնեն ավելի կիրթ, ավելի հանդուրժող, մարդկային, իսկ մաեստրոն կապրի»,-ասաց Բաբայանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախ շեշտեց՝ երբ տեսել է քանդակի լուսանկարը, ցնցվել է: Տեղի ունեցողը շատը ուրախալի առիթ է։

«Պատիվ և ուրախություն եմ ունեցել, բայց երևի նաև ինչ-որ տեղ թերություն է մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերից ներս և այս պատերից դուրս: Ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր: Նա այսպիսին չէր երևում բեմում: Հիշում եմ Ստաս Նամինի՝ Օհան Դուրյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որում  Դուրյանը փորձի ժամանակ կարճաթև շապիկով է: Նրա բազուկների` այդ մկանուտ, տպավորիչ բազուկների աշխատանքից ու տեսքից ես ցնցվեցի, որովհետև ֆրակով Դուրյանը տեսանելի և ամբողջությամբ հասկանալի չէ: Այդ մերկացած, բազուկոտ ձեռքերի անհասկանալի, բայց միևնույն ժամանակ գրավող շարժումն է Օհան Դուրյանը: Եթե Օհան Դուրյանն այլ արձան ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէ»,– նշեց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ Դուրյանի կյանքը և ճանապարհը Երուսաղեմից ուխտագնացություն դեպի ինքնիշխան պետություն, ինքնիշխան հայրենիք է եղել:

«Այն, ինչ պիտի անենք, ես համարում եմ, որ այդ երազանքի շարունակությունն է: Երազանքն էլ կենդանի երևույթ է, և ես հիմա հասկանում եմ, որ մենք երազանքների մեջ չենք նկատել ամենակոնկրետ երազանքը՝ որ Հայաստանն ինքը պետք է լինի կոնկրետ, տեսանելի, չափելի, շոշափելի, և դա է Հայաստանի լինելիության երաշխիքը և գրավականը: Շատ հեշտ չէ, որովհետև նույնիսկ մենք մեր ամենասիրելիներին ընկալում ենք որպես իդեալական: Իդեալականը կոնկրետությունից դուրս է, որովհետև երբ մարդուն կոնկրետացնում ես, տեսնում ես նրա բոլոր առավելություններն ու թերությունները` իջեցնելով նրան պատվանդանից։ Ես այսօրվա սիմվոլը ընկալում եմ այսպես. Օհան Դուրյանը երկու՝ մշակութային և քաղաքական պատվանդաններից իջեցվել է և դրվել է, հենվել է Հայաստանի Հանրապետության հողին։ Սա է այսօրվա սիմվոլը, և շնորհավորում եմ բոլորիս այս սիմվոլի առիթով»,– ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար:

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 762

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: