«Հիշողության մշակույթ. խորհրդային անցյալը և նրա արտացոլումը հայ գրականության մեջ»

Խորհրդային տարիներին հրատարակված գրական ստեղծագործությունների և դրանցում արծածված գաղափարական ու ազգային արժեքների մասին քննարկումները շարունակ եղել են գրականագետների և մշակութային քննադատների ուշադրության կենտրոնում և դարձել ամենավիճարկելի բանավեճերի առիթը։

Ինչպե՞ս էին տիրապետող գաղափարական նորմերը և արժեքները արտահայտվել գրական տեքստերում, ինչպիսի՞ հարաբերություններ են ունեցել խորհրդային գաղափարական և ինստիտուցիոնալ հարկադրանքը և մշակույթը։ Հիմնահարցեր, որոնք հետազոտողին հնարավորություն են տալիս բացահայտել գրական ստեղծագործություններում գաղափարական, քաղաքական ազդեցությունները, բազմակի առանձնահատկություններն ու նաև դրանցում տեղ գտած դիմադրական շղարշները։ «Հիշողության մշակույթ. խորհրդային անցյալը և նրա արտացոլումը հայ գրականության մեջ» խորագրով հետազոտական նախագիծը հենց այդպիսի մարտահրավերների մասին է, որի շրջանակում մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը և մեդիայի ու հաղորդակցության մասնագետ Մարիամ Կարապետյանը ներկայացնում են «Գրական դիմադրությունը և մտավորական ազատությունը 60-70-ականներին» հետազոտությունը։ Հետազոտողները ներկայացնում են ռուս խորհրդային գրականության հիմնական հոսանքներն ու ժանրերը, ինչպես նաև սոցիալիստական ռեալիզմի՝ որպես Խորհրդային Միությունում տիրապետող գեղարվեստական մեթոդի զարգացման և քայքայման պատմությունը, ռուս գրականության ազդեցությունը խորհրդահայ գրականության վրա և ռուս խորհրդային գրականության մեջ դիմադրության արտահայտման տարբերակը։

Քննարկման վարող՝ պատմաբան, թարգմանիչ, բանաստեղծ Սմբատ Հովհաննիսյանն ուշադրություն է դարձնում հատկապես հետազոտության համար հիմք հանդիսացող այն մշակութային տարածքի և լեզվի գոյությանը, որը թույլ կտար խոսել խորհրդային անցյալի մասին, քանզի թեման ամենաքննարկվածներից է և դրան առնչվում է նաև հիշողության և երևակայության հատման համատեքստում։ Դրանից բխում է նաև խորհրդային և հետխորհրդային խզման հիմնահարցը։

«Խորհրդահայ գրականությունը հատկապես կարևոր է գաղափարական առանձնահատկությունների երկակի բնույթով. մի կողմից  արտաքին գաղութացման, մյուս կողմից՝  ներքին գաղութացման դրսևորումներով։ Գրականության մեջ հենց այսպիսի փնտրտուքների է նվիրված կատարված հետազոտությունը, և հատկապես շատ կարևոր է, թե ինչպես են գրողները, արվեստագետները շրջանցել նման մոտեցումները և հակադրվել ու դիմադրել», - ասում է Ս. Հովհաննիսյանը։

Մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը նշում է, որ չնայած կենտրոնից եկող գաղափարներին՝ եղել են նաև հենց խորհրդահայ գրականությանը բնորոշ առանձնահատկություններ, որոնցից է օրինակ կորուսյալ հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի մասին թեման՝ Հրաչյա Քոչարի, Խաչիկ Դաշտենցի վեպերում։

«1960-70 ական թվականների Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքում տեղի է ունեցել մի կարևոր իրադարձություն՝ ձևավորվել է այն, ինչ ընդունված է անվանել խորհրդահայ կամ հայկական ինքնություն, բայց իրականում խորհրդային ինքնություն կամ գաղափարաբանությունն է եղել, և դա շատ հանդիսավոր մի գաղափար է,  որն, իրականում, զուրկ էր ինքնաքննադատությունից։  Կանոններ թելադրողը եղել է ռուս խորհրդային գրականությունը՝ գյուղական, քաղաքական, պատերազմական արձակի ժանրերով։ Օրինակ Հրանտ Մաթևոսյանը մտնում է խորհրդային գյուղական արձակի մեջ, բայց միաժամանակ Հայաստանում գյուղական արձակ գոյություն չուներ, քանզի գյուղն այլ մշակութային ընկալում ուներ այնտեղ», - ասում է Հ. Բայադյանը։

Հետազոտության մեջ որպես գրական դիմադրության վառ օրինակ` ներկայացվել են 1960-ական թվականների երկրորդ կեսին հրատարակված Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» և Հրանտ Մաթևոսյանի «Խումհար» ստեղծագործությունները։

Մահարու բազմաթիվ տեսակետեր քննադատության են ենթարկվել, գրողը հալածանքների է ենթարկվել խորհրդահայ ազգայնական գաղափարախոսության դիրքերից, ինչը նրան ստիպել է վերամշակել աշխատանքը։ Դոցենտ Մարիամ Կարապետյանի խոսքով ՝ հաշվի են առնվել Մահարու տեքստերի դիմադրական բազմաթիվ նկատելի և ենթատեքստային ակնարկները։ Գրողական դիմադրությունն ունի բազմաթիվ դրսևորումներ Մահարու տեքստերում, բայց դրանք ամբողջովին ընկալելու համար պետք են գաղափարական հղանցքներ, որոնք ժամանակի մեջ չեն մշակվել։

Նախագիծն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և «ԱՐԻ գրականության հիմնադրամ»-ի համագործակցությամբ։ Նախագծի շրջանակում իրականացվել են նաև «Գրականության դասագրքերը, որպես «Հոմո սովետիկուսի» կերտման գործիք․ Հայ գրականությունը խորհրդային դպրոցում» (հետազոտող խումբ` Վահրամ Դանիելյան, Արթուր Միրզոյան) և «Ուրբան հիշողություն․ վերնակուլյար Երևանը խորհրդային գրականության համատեքստում». Հայ գրականությունը խորհրդային դպրոցում» (հետազոտող խումբ՝ Տիգրան Ամիրյան, Սոնա Քալանթարյան) հետազոտական աշխատանքները։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 773

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: