• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվեց «Չգծված ափեր․ լուսանկարներ հետխորհրդային միջանկյալից» նախագիծը

Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվեց «Չգծված ափեր․ լուսանկարներ հետխորհրդային միջանկյալից» նախագիծը

Հասարակությունները տարբերվում են իրենց սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային հայեցակարգերով։ Սակայն բոլորին միավորում են հոգեբակական ու կենսական նույն պահանջները, որոնք աշխարհագրական տարբեր միջավայրերում տարբեր գույներով են ծածկվում։ Իսկ բազմաթիվ քննարկումների առիթ են դառնում հատկապես հասարակության բարեկեցությունն ու անվտանգությունը խաթարող ու ձևափոխող փոխակերպումները։ Դրանք դրսևորում են տարբեր քաղաքական ռեժիմների և բարդ սոցիալական պայմաններում։ Իսկ արվեստը նման դեպքերում հանդես է գալիս որպես երկխոսության միջնորդ՝ փորձելով եթե ոչ միանգամից կարգավորել հիմնահարցը, ապա թեկուզ բարձրաձայնել դրա մասին ու համագործակցության միջավայր ստեղծել։ Այս և այլ հիմնահարցերի ընդգրկմամբ բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի լուսանկարչության բաժնի ցուցահանդեսը, որի համադրողներն են  լուսանկարչության բաժնի ղեկավար, համադրող Վիգեն Գալստյանը և Վիկտորյա Մուսվիկը։

Chgcvac aper cucahandes 1

«Ցուցահանդեսը ժամանակից է, այն խոսում է մեր ժամանակների մասին և միաժամանակ մեր անցյալի մասին, որը ժառանգել ենք, և որը հետազոտման կարիք ունի։ Իսկ այս հարթակը շատ կարևոր է առաջին հերթին հայ լուսանկարիչների համար տեղում ինքնադրսևորվելու տեսանկյունից։ Այժմ քաղաքական մթնոլորտում, երբ սահմաններն այդքան խիստ են գծված, այս ցուցահանդեսը բացահայտում է մշակութային և սոցիալական «միջանկյալի» փոփոխականությունը, որը լուսանկարչությունը օգնում է դարձնել ավելի համակարգված և ըմբռնելի»,- ասում է Վիգեն Գալստյանը։

Chgcvac aper cucahandes 2

«Չգծված ափեր․ լուսանկարներ հետխորհրդային միջանկյալից» նախագիծն անդրադառնում է այն ընկալումներին, որոնք նպաստել են Հայաստանում, Ուկրաինայում և նախկին Խորհրդային Միության այլ երկրներում հակամարտությունների առաջացմանը։ Ցուցադրվեցին քսան աշխատանքներ, որոնց հեղինակները հայ և ռուս լուսանկարիչներ են, որոնք այդ կերպ արվեստը ծառայեցնում են որպես սոցիալ-քաղաքական ու մշակութային իրողությունների շուրջ խորհելու, դրանք կազմաքանդելու և վերադասավորելու միջոց։ Ստեղծվել է մի տարածություն, որը միավորել է պատկերացումները, ցուցադրել զուգահեռներն ու նմանությունները, որոնք առաջին հայացքից տարածաշրջանային և քաղաքական դրդապատճառների համայնապատկերում աննկատ են մնացել։

Chgcvac aper cucahandes 3

Հայաստանի Ազգային Պատկերասրահում Լուսանկարչության բաժինը բացվել է 2021 թվականին, որի նպատակն է պատկերասրահը վերածել հայաստանյան և օտարերկրյա լուսանկարչության ներկայացման տարածաշրջանային առանցքային հարթակի։ Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ոգևորված է բաժնի կազմակերպած ցուցահանդեսով, որը միջազգային համագործակցության է վերածվել։

«Ինչպես գիտենք, հետխորհրդային գործընթացները ոչ միայն չեն ավարտվել և շարունակվում են, այլև այսօր տրասնֆորմացվում և զարգանում են։ Այս ցուցահանդեսը միջազգային է, մասնակցում են լուսանկարիչներ հետխորհրդային երկրներից։ Այն միայն հայ-ռուսական հարաբերությունների մասին չէ, այլ միջազգային մշակութային համագործակցության մասին է։ Դրանով մեր լուսանկարիչները համագործակցելու և երկխոսելու միջավայր են ստեղծում, իսկ որ ամենակարևորն է, իրար հասկանալու և լսելու մասին է այն»,- ասում է Մարինա Հակոբյանը։

Chgcvac aper cucahandes 4

 «Չգծված ափեր» ցուցահանդեսում իրապես վերանում են գաղափարական սահմանները` փոխարենը կարևորելով գործառույթները, որոնք արտահայտվում են նորովի փիլիսոփայական նոր տարածության մեջ։ Այդպիսի մի օրինակ է «Արշալույս գյուղի Մշակույթի տունը» նախագիծը, որտեղ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը ցուցադրում է խորհրդային դարաշրջանում լքված հանրային վայրը՝ այն ներկայացնելով որպես գաղափարական և մշակութային անկման խորհրդանիշ։ Վերջին շրջանի ռազմաքաղաքական բարդ իրավիճակին և հետևանքներին էլ անդրադարձ է կատարել 4plus վավերագրական լուսանկարչության կենտրոնի անդամ, լուսանկարչուհի Փիրուզա Խալափյանը։

Chgcvac aper cucahandes 5

«Լուսանկարն Արցախյան 3-րդ պատերազմից հետո եմ արել, որը ծառայում է որպես հետխորհրդային կոլապսային սիմվոլ։ Հենց այս լուսանկարն է ընդգրկվել և այնտեղ ներկայացված է տևական ժամանակաշրջանում մեզ հետապնդող կոնֆլիկտը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո ծնունդ առավ։ Ցուցահանդեսում լուսանկարները տարբեր են, և դրանց ուղերձը տարբեր է, թվում է, թե աշխատանքները կապված չեն, բայց դրանով է հենց այն հետաքրքիր, որովհետև մենք մաս ենք կազմում այդ գործընթացներին և դա արտահայտվել է լուսանկարներում»,- ասում է Փ. Խալափյանը։

Chgcvac aper cucahandes 7

Նախագիծն իրականացրել է 4plus վավերագրական լուսանկարչության կենտրոնը: Համակազմակերպիչն է «Էքսպերիմենտ» առցանց պատկերասրահը։ Ցուցադրությանը զուգահեռ նախագծի շրջանակում ստեղծվել են ցուցադրված աշխատանքների սահմանափակ քանակությամբ պորտֆոլիոներ, որոնք կնվիրաբերվեն Հայաստանի ազգային պատկերասրահին և միջազգային չորս թանգարանների հավաքածուներին։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 588

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: