Համո Բեկնազարյանը մեր ելքի վիզան է դեպի այլ երկրներ. լույս տեսավ նշանավոր կինոռեժիսորի պատկերագիրքը

Առաջին տասնամյակների հայկական կինոն, նրա արշալույսը, հետագա տարիներն ու Բեկնազարյանի անցած ճանապարհը՝ սկսած ծննդյան օրվանից մինչև մահ․ այս ամենը ներկայացված է նրա եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագրքում, որի շնորհանդեսը կայացավ փետրվարի 10-ին։

Նշանավոր կինոռեժիսորի պատկերագիրքը կազմել են Զավեն Բոյաջյանն ու Ռուզաննա Բագրատունյանը։ Այն լույս է ընծայել  «Անտարես» հրատարակչությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և «Աջակցություն հոբելյանական նախագծերին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Շնորհանդեսը կայացավ Հայաստանի կինոգործիչների միության բուխարու սրահում։

Hamo Beknazaryan 1

Պատկերագրքի հեղինակ Զավեն Բոյաջյանը խոսքով՝ գիրքը հանրագիտարանային բնույթ ունի:

«Ես միշտ մտածել եմ, որ մենք Համո Բեկնազարյանին մատուցելու մեծ տուրք ունենք. շատ քիչ գրականություն է ստեղծվել նրա մասին, մինչդեռ պետք է մի ամբողջ գրադարան լիներ: Մտածեցի՝ շատ պարզունակ կլինի, եթե գիրքը կազմված լինի միայն պատկերներից և այդ պատկերների պրիմիտիվ մեկնաբանություններից, ուստի փորձել եմ այդ մակագրությունները վերածել ինքնակա տեքստերի: Գիրքը շատ հագեցած է ոչ միայն պատկերային նյութով, այլև տեքստերով: Հիմնականում շեշտադրել եմ Բեկնազարյանի հուշերը, երբ ինքն է պատմում իր մասին, որպեսզի նրա անձը, ինքնությունը ներկա լինեն գրքում»,- ասում է նա։

Hamo Beknazaryan 2

Բոյաջյանը նշեց՝ Բեկնազարյանի հուշերից զատ, պատկերագրքում օգտագործել է նաև Կարեն Քալանթարի՝ Բեկնազարյանին նվիրված մենագրությունից դրվագներ, կինոգիտության կարևորագույն դեմքերի՝ Սաբիր Ռիզաևի, Գրիգոր Չախիրյանի, Սուրեն Հասմիկյանի դիտարկումները: Պատմում է՝ գրքում տեղ գտած լուսանկարչական նյութի զգալի մասը հրապարակվում է առաջին անգամ: Դրանց մեծ մասը տրամադրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:

Hamo Beknazaryan 4

Ռուզաննա Բագրատունյանն էլ նկատեց՝  կարևոր է, որ Բեկնազարյանի ամբողջ ստեղծագործությունը հասու լինի բոլորին․ «Պատկերագիրքը փոքր, բայց շատ կարևոր հատվածն է նրա մասին ամբողջ արխիվի, և ես հույս ունեմ, որ առաջիկայում այդ արխիվը լիարժեք կուսումնասիրվի գիտական տեսանկյունից, և գիտական գնահատական կտրվի, ինչը կարևոր է սերունդների համար»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը նույնպես ներկա էր պատկերագրքի շնորհանդեսին, նշեց՝ Համո Բեկնազարյանին նվիրված գիրք հրատարակելու գաղափարը հղացել է դեռ 2019 թվականից: Ասաց ՝ պատկերագրքի լույս տեսնելը անձնական ձեռքբերում է, որովհետև  Համո Բեկնազարյանն ու նման անունները  մեր ելքի վիզաներն են դեպի այլ երկրներ․ «Նրանց ստեղծած ժառանգությամբ, նրանց գործունեության շնորհիվ մենք մուտք ենք գործել համաշխարհային մեծ ընտանիք, կարողացել ենք հայտնվել համաշխարհային մեծ գործընթացներում: Հաճախ մեր անփույթ վերաբերմունքը մեծ արժեքների հանդեպ զարմացնում է: Մենք ունենք երևելի արժեքներ, որոնք իսկապես միջազգային նշանակություն ունեն կամ գոնե աշխարհին հետաքրքիր են որպես անհատներ, որոնք ապահովել են այս կամ այն երկրի մասնակցությունը համաշխարհային մեծ գործընթացներին: Համո Բեկնազարյանն այդ անուններից է»,- ասաց փոխնախարարը:

Hamo Beknazaryan 6

Ըստ փոխնախարարի՝  տպագիր գիրքը չի կարող փոխարինվել որևէ այլ բանով, սակայն նախատեսում են գրքի էլեկտրոնային տարբերակները տարածել ու դիրքավորել համաշխարհային տեղեկատվական հարթակներում: Ասաց՝ նման նախաձեռնությունները թույլ են տալիս աշխարհին ասել, որ Հայաստանը ունեցել է այնպիսի մարդկանց, որոնց միջոցով համաչափ քայլել ենք միջազգային գեղարվեստական հարթակներում։

Hamo Beknazaryan 9

Շնորհանդեսի ընթացքում արվեստասերները գնահատեցին գիրքը, ընթերցեցին և հնարավորություն ունեցան այն ստանալու հեղինակների մակագրությամբ։

Պատկերագրքի շնորհանդեսից հետ երեկոն եզրափակվեց Գարեգին Զաքոյանի «Համո Բեկնազարյան. մենախոսություն» ֆիլմի ցուցադրությամբ, ֆիլմ, որը Բեկնազարյան մեծ անհատի կյանքի ու գործի վավերագրությունն է:

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 597

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: