Հայաստանի պատմության թանգարանն ընթերցողի սեղանին դրեց նոր գրքեր

Գրքի տոնին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ 2022 թվականին թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես։ Միջոցառմանը ներկայացվեցին «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի 9-րդ և 10-րդ համարները, Լիլիա Ավանեսյանի և Աստղիկ Իսրայելյանի «Հայկական ավանդական տարազը», Արտակ Ասատրյանի և Հայկ Նազարյանի «Պատիվ և իրավունք․ Զենքերի ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից», Ռուբեն Վարդանյանի «Սիլլոգե հայկական դրամների Հայաստան․ Կիլիկիա․ Հատոր II.I․ Հեթում I» կատալոգները։ Այս գիրք-ալբոմները արվեստասերներին ծանոթացնում են հայկական տարազին, դրամին, զենքերին ու այլ առարկաներին, որոնց հավաքածուները պահվում են թանգարանում:

Patmutyan tangaran shnorhandes 2

Կարծես ավանդույթ է դարձել՝ամեն տարի գրքի տոնին ընդառաջ հանրության դատին ենք հանձնում նախորդ տարում թանգարանի կողմից հրատարակված աշխատանքները: Այս տարի ունենք ինչպես շարունակական հրատարակությունների նմուշներ, այնպես էլ նոր  կատալոգներ, որոնք պատրաստվել ու տպագրվել են հընթացս այն ցուցադրությունների, որոնք կազմակերպվել են թանգարանում»,- ասաց ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը:

«Հայաստանի պատմության թանգարանն ունի զենքի 18-20-րդ դարերին թվագրվող շատ հարուստ հավաքածու: Երբ ես սկսեցի ուսումնասիրել այն իմ գործընկեր Հայկ Նազարյանի հետ, զարմանքով նկատեցինք, որ ուսումնասիրելու, հետազոտելու մեծ նյութ կա, որովհետև այս հարցում կարծես շատ բան արված չէր նախկինում՝ բառացությամբ մի քանի հոդվածների»,- նկատեց «Պատիվ և իրավունք․ Զենքերի ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից» գիրք-ալբոմի համահեղինակ Արտակ Ասատրյանը:

Patmutyan tangaran shnorhandes 3

Ըստ վերոնշյալ գիրք-ալբոմի համահեղինակ Հայկ Նազարյանի՝ առաձնահատուկ ուշադրության են արժանի կատալոգում ներառված կովկասյան տիպի սրերն ու դաշույնները, որոնք սոսկ զենք լինելուց բացի հանդիսանում էին նաև ժամանակի գեղարվեստական մետաղամշակության բարձրարժեք նմուշներ:  Հատկանշանական է, որ այս կատալոգում ներառված են թանգարանի զենքի հավաքածուի լավագույն նմուշները՝ հրազենային նմուշներից մինչև զենքի պատյաններ, հեռադիտակներ, փամփշտակալներ, վահաններ, օղազրահներ…:

Նշենք, որ այս գիրք-ալբոմը պատրաստվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման հոբելյանական 30-ամյակի առիթով պատմության թանգարանում նախորդ տարվանից բացված «Զենք. պայքար և մշակույթ» ցուցադրության հիման վրա, որում տեղ գտած հավաքածուն էլ հիմնականում ներկայացված է հրատարակության մեջ:

Patmutyan tangaran shnorhandes 4

Հայկական գործվածքներին, դրանց զարդարվեստին, կանանց և  տղամարդկանց հագուստներին, գլխի հարդարանքին, ինչպես նաև լրացուցիչ զարդերին ծանոթանալու հնարավորություն է ընձեռում «Հայկական ավանդական տարազը» գիրք-ալբոմը: Այն ստեղծվել է թանգարանի գիտաշխատողներ Լիլիա Ավանեսյանի և Աստղիկ Իսրայելյանի կողմից:

Լիլիա Ավանեսյանի խոսքով՝ հագուստի թանկարժեք նմուշները թանգարան են հասել տարբեր եղանակներով գիտարշավների, նվիրատվությունների, մասնավոր գնումների միջոցով: Իսկ դրանց համակարգված գիտական հետազոտությունը կատարվել է 1948 թվականից ՀՊԹ-ի ազգագրության բաժնի գիտաշխատող Նազիկ Ավագյանի կողմից: Եվ իրենց «Հայկական ավանդական տարազը» կատալոգի հիմքում էլ ընկած է հենց վաստակաշատ ազգագրագետ, երջանկահիշատակ Նազիկ Ավագյանի նույնանուն աշխատությունը:

Նկատենք, որ ի տարբերություն Նազիկ Ավագյանի գրքի այս նոր կատալոգից դուրս են մնացել զգեստներ կարելու համար օգտագործված գործիքների և հագուստները հարդարող զարդապատկերների գծանկարները, փոխարենը գերակշռում են լուսանկարները և  համեմատաբար մեծ ծավալով ներկայացված են  տարազային հագուստին առնչվող առարկաներ՝ վերնազգեստներ, գոտիներ, զարդեր, գոգնոցներ: Եթե Նազիկ Ավագյանի գրքում պատկերված էր հագուստի 66 համալիր առարկա, այս նոր կատալոգում դրանց թիվը կրկնակի ավելացել է՝ հասնելով 145-ի:

Ռուբեն Վարդանյանի «Սիլլոգե հայկական դրամների Հայաստան․ Կիլիկիա․ Հատոր II.I․ Հեթում I» գիրք-ալբոմը նվիրված է Կիլիկիայի հայոց թագավորությունը գլխավորած մեծանուն թագավորներից մեկի՝ Հեթում Առաջինի արծաթե և արծաթ-պղնձե դրամներին: Հեղինակը նշում է, որ այս սիլլոգեները (դրամները) ներկայացված են երկու լեզվով ` հայերեն և անգլերեն, ինչը էականորեն տարբերվում է մյուս երկրների ունեցած միալեզու նմուշներից:

  

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 646

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: