Լույս է տեսել «Հրեշտակներ և դևեր» գիրքը` հայերեն թարգմանությամբ

Գրքի տոնին ընդառաջ ընթերցողի սեղանին դրվեց ամերիկացի գրող, լրագրող, երաժիշտ Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր»  վեպի հայերեն թարգմանությամբ գիրքը:

2000 թվականին լույս տեսած «Հրեշտակներ և դևեր»-ը արկածային վեպ է՝ թրիլերի ու ինտելեկտուալ դետեկտիվի տարրերով: 2009-ին էկրանավորվել է նաև համանուն ֆիլմը:

Համաշխարհային բեսթսելերի թարգմանութունը նախաձեռնել է  «Զանգակ» հրատարակչությունը: Գիրքը հայերեն է թարգմանել Արամ Արսենյանը, խմբագրել՝ Նունիկ Ավետիսյանը: 

Նշենք, որ հեղինակի ստեղծագործությունները թարգմանվել են հինգ տասնյակից ավելի լեզուներով: Մինչ այս «Զանգակ» հրատարակչությունը հանրության դատին էր հանձնել հեղինակի մեկ այլ՝ «Ինֆեռնո» վեպի հայերեն թարգմանությամբ գիրքը:

«Այս վեպը հեղինակի մյուս «Ինֆեռնո» վեպի հետ շատ կապված է  և ընդհանրություններ ունի,  հատկապես քաղաքների ճանաչողության առումով, և ընտրության հիմքը հատկապես սա էր»,- նշում է «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանը:

 «Անցյալից հառնած գաղտնի եղբայրություն, վրեժ, պայքար գիտության և եկեղեցու միջև… Հռոմ,  Պապի  անժամանակ մահ, հետհաշվարկվող գործարկվող անկասելի ռումբ, վտանգված Վատիկան և ընդամենը 24 ժամ քաղաքը փրկելու համար, առեղծվածային առևանգումներ ու Հարվարդի համալսարանից շվեյցարական գվարդիային օգնելու կանչված կրոնական խորհրդանշանագետ Ռոբըրթ Լանգդըն»,- այս ամենի շուրջ է պտտվում վեպի սյուժեն:

Hreshtakner ev dever 2

Գրականագետ, թարգմանիչ Վահե Արսենի խոսքով՝ Դեն Բրաունը ընթերցողին միշտ ավելին տալիս է, քան ստանում: «Այսօր դժվար է գրել ինտելեկտուալ գրականություն, որովհետև, ցավոք սրտի, այսօրվա հասարակությունը կարճ վիդեոների տիրույթում է, և նրան համոզելը, գրավելը, որ մտածի, մտնի  հանգույցների, Հռոմի մեջ, ահռելի գլուխկոտրուկ է: Նրա վեպերը գլուխկոտրուկներ են, որոնք ընթերցողը պիտի հաղթահարի: Այստեղ, այո, չկա մոդեռնիստական գիտակցության հոսք, չկա պոստմոդեռնիստական համահավասարեցում և ներքին վակումային ամբսուրդ, որը հերոսին կարող է նետել ցանկացած տեղ և հետո ընդհանրապես մոռանալ նրա մասին: Այսօր ամենադժվարը մարդուն մտածել ստիպելն է, և հեղինակը հենց դա է անում»,-ասում է նա:  Ըստ գրականագետի՝ Դ.Բրաունը շատ սինեմատիկ է պատկերում ամբողջ գործողությունը, այսինքն՝ ընթերցողը ամեն ինչ շատ լավ տեսնում է մանրամասնություններով, նրբություններով ու դետալների մեջ: «Դեն Բրաունը դետալի գրող է»,-նկատում է Վահե Արսենը:

Ընթերցողի համար բացելով փակագծերը նշենք, որ Հռոմի պապի մահվանը հետևում են գիտության և կրոնի նշանավոր անձանց սպանություններ: Ռոբըրթ Լանգդընին՝ հանրահայտ խորհրդանշանագետ գիտնականին, խնդրում են օգնել վերծանելու առեղծվածային խարանակնիքի նշանակությունը, որի դաջվածքը հայտնաբերվել է սպանված գիտնականի մարմնին: Սակայն սա միայն սկիզբն է. հետևելու են մղձավանջային դեպքեր, որոնց կենտրոնը լինելու է Վատիկան քաղաքը:

«Հեղինակը չորս հարյուր տարվա վրեժը կարողանում է շատ գեղեցիկ ներկայացնել և պատահական չէ, որ գլխավոր հերոսը նշանագիտության մասնագետ է»,- ասում է լեզվաբան, գրականագետ Ամալյա Սողոմոնյանը: Նա, խոսելով կրոնի և գիտության անվերջանալի պայքարի մասին, որ դրսևորվում է այս վեպում, հետաքրքրական է համարում՝ ստեղծագործության երկու հերոսն էլ գիտության ու կրոնի կրող են:  Եվ ամբողջ վեպի ինտելեկտուալ մեխն այն է, որ հերոսները պիտի աշխարհը կամ վերացնեն կամ արարչագործություն անեն:

Ի վերջո, Ռոբըրթ Լանգդընը, իր բազմագիտակության ու ճկուն մտքի շնորհիվ լույս է սփռում ամենամութ ու խորհրդավոր գաղտնիքների վրա՝ համադրելով ներկայի ու անցյալի իրադարձությունների շղթան: Եվ ի վերջո լուծվում է պատմական հանելուկը, փրկվում է կաթոլիկ աշխարհի կենտրոն Վատիկանը…և ոչ միայն»:

Իսկ թե ովքեր են հրեշատկները, ովքեր՝ դևերը, թողնված է ընթերցողի դատին:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 891

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: