Փարավոն Միրզոյան. Հոբելյանական ցուցահանդեսի բացում Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց հայ նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի հոբելյանական ցուցահանդեսը, որտեղ տեղ են գտել վերջին երկու տասնամյակներում արված բնանկարները, դիմանկարները, այս անգամ` նաև քանդակները։ Գեղանկարչի` Պատկերասրահը տնօրինելու տարիներին են բացվել մշտական ցուցասրահներ, շուրջ երկու հարյուր ցուցահանդեսներ, տպագրվել են բազմաթիվ ալբոմներ, պատկերագրքեր։ Նկարիչը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանի տարբեր քաղաքներում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովի Սադում։

Paravon Mirzoyan 2

Փարավոն Միրզոյանը մեծ ոգևորվածությամբ երախտագիտության խոսքեր հղեց ողջ թիմին, որը աջակցել է ցուցահանդեսի կազմակերպմանը։ Ցուցահանդեսը նաև յուրատեսակ նվեր է կանանց մեկամսյակի առթիվ։ Պատահական չէ, որ գեղանկարչի մտորումներում կարմիր թելի նման շարունակվում են կնոջը բնորոշող նուրբ ձևերն ու նրբերանգները, որոնք ցույց են տալիս պարզ ու բարդ հոգեբանական տարբեր երևույթներ։
«Շատ շնորհակալ եմ իմ սիրելի արվեստաբաններին` այս ցուցահանդեսը կյանքի կոչելու համար։ Իսկ թե որոնք են կտավները միավորող սիմվոլները, ապա դրանք կընկալվեն առաջին հայացքից Ընդհանրապես նկարիչը պետք է սիրահարված լինի, առանց դրա արվեստ չի ստեղծվում, հետևաբար` կինը մշտապես կարող է ոգեշնչման աղբյուր լինել, ոգեշնչել և ոգեշնչվել։ Քանի որ կանանց մեկամսյակն է ընթանում, կանանց մաղթում եմ երջանկություն. ես վստահ եմ, որ մեր հոգսերի 80%-ը կանանց ուսերին է, և մենք պետք է պատասխանատվություն վերցնենք մեզ վրա»,- նշեց նկարիչը։

Paravon Mirzoyan 3

Հոբելյանական ցուցահանդեսն ամփոփում է նաև պատկերագիրքը, որը տպագրվել է Ազգային Պատկերասրահի և ԿԳՄՍ նախարարության կողմից։
Հայաստանի Ազգային Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը շնորհավորում է գեղանկարչին և նշում, որ մեծ պատիվ է ներկայացնել ավագ գործընկերոջ հոբելյանական ցուցահանդեսը։

«Ինձ համար շատ անսովոր է այս կարգավիճակում ներկայացնել պարոն Միրզոյանին, քանի որ հենց պարոն Միրզոյանն է ինձ ընդունել Պատկերասրահ դեռ քսան տարի առաջ։ Այս ցուցահանդեսի վրա աշխատել է հսկայական աշխատանքային խումբ, ողջ Պատկերասրահն է համախմբվել նախապատրաստական աշխատանքներում։
Ցուցահանդեսը կոչվում է հոբելյանական` չնայած նրան, որ հոբելյանից երեք տարի է անցել, բայց մենք պահպանել ենք խորհրդանշական հոբելյանական անվանումը։ Բացի այդ, այս օրը նշանավորվում է նաև երկու հրաշալի պատկերագրքերի շնորհանդեսով, որոնցից մեկը հենց կոնկրետ այս ցուցահանդեսի շարքն է ամփոփում»,- ասում է Մարինա Հակոբյանը։

Paravon Mirzoyan 4

Իսկ գեղանկարի բաժնի աշխատակից Մարգարիտա Խաչատրյանն ասում է, որ բանականության շունչն է նստած նկարչի բոլոր ստեղծագործություններում։
«Փարավոն Միրզոյանի ստեղծագործական ժառանգությունը ժամանակակից հայ արվեստում իր հաստատուն տեղն ու դերն ունի։ Իր ստեղծագործական մտորումներն ամբողջովին նվիրված են կնոջը, հոգևոր և զգայական աշխարհին։ Առավելապես ես ուզում եմ շեշտել այն գործերը, որոնց շուրջ ես եմ աշխատել, դրանք գրաֆիկական աշխատանքներ են, որոնք ձևավորվել են գեղանկարչի արվեստանոցում դեռևս 1970-ական թվականներից։ Իհարկե գիտենք, որ այն արդեն տարածում ուներ համաշխարհային արվեստում և հայ կերպարվեստում, բայց Փարավոն Միրզոյանն առաջիններից մեկն էր, որ անդրադարձավ շատ նուրբ թեմաների՝ բաց տեսարանները, որոնք չեն հասնում գռեհկության սահմանը, այլ ամբողջովին շնչում են արվեստ»,- ասաց արվեստաբանը։

Paravon Mirzoyan 12

Ցուցահանդեսում ներկայացված են գեղանկարչի վերջին 20 տարիների աշխատանքները, առաջին անգամ ցուցադրվում են նաև քանդակագործական աշխատանքները, իսկ «անդեմ քանդակները» այցելուները ծանոթ ու անծանոթ կերպարների են նմանեցնում, ինչ-որ մեկն էլ, օրինակ, հենց իրեն է նմանեցնում։ Քանդակներում, սակայն, գուցե չկան դիմային արտահայտիչ գծեր, բայց մի բան հստակ է՝ կա բնավորություն, որը հնարովոր չէ ժխտել։ Քանդակի բաժնի ղեկավար Մարիամ Դավթյաննը ևս համամիտ է, որ նկարչի  արվեստը ձոն է կնոջ կերպարին, նրա համար կինը և բնությունը մեկտեղված են։ Երբ ծանոթանում ենք Փարավոն Միրզոյանի արվեստին, ապա տեսնում ենք, որ կինը նրա մուսան է, և կնոջ կերպարն անընդհատ կա նրա գործերում։ Դրան միանում է նաև բնությունը, հեղինակը բնությունը պատկերում է կնոջ միջոցով։

Paravon Mirzoyan 6

«Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանին բոլորը գիտեն իր դիմանկարներով և գրաֆիկական աշխատանքներով, սակայն այսօր հանրության համար ներկայացված են նաև դասական քանդակագործական աշխատանքները, որոնք թաքնված էին նրա գողտրիկ արվեստանոցում։ Փարավոն Միրզոյանը ստեղծագործել է քանդակագործական տարբեր ժանրերում, ներկայացված են մանր պլաստիկայով արված իր փորձարկումները, որտեղ արտացոլվում է գեղանկար-քանդակ սինթեզը։ Իսկ իր յուրիօրինակ մտածելակերպի արտացոլումը այսպես կոչված «անդեմ քանդակներն են», որոնք, իհարկե, ամբողջովին անդեմ չեն, այլ ներկայացված են հետաքրքիր խնդիրների համատեքստում և մոտ են այն անձին, որին որ պատկերել է անգամ առանց դիմագծերի։ Այստեղ արդեն երևում է գեղանկարչի վարպետությունը»,- պատմում է Մարիամ Դավթյանը։

Paravon Mirzoyan 9

Ցուցահանդեսի աշխատանքներն ամփոփող պատկերագիրքը երաշխավորվել է Արվեստի ինստիտուտի կողմից, որի հետ երկար տարիներ համագործակցել է գեղանկարիչը։ Փարավոն Միրզոյանը 2008 թվականից Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է։ Ինչպես ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն է ասում. «Ըստ էության, Փարավոն Միրզոյանը միակ նկարիչն է, որը պահպանում է կապը արվեստագետության և կենդանի պրոցեսների ու նկարիչների միջև։ Բացի այդ հայ նկարիչներից Փարավոն Միրզոյանը միակն է, որի ստեղծագործական մեկ ժանրին նվիրված կա ալբոմ»։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 860

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: