Ապրիլի 29- ին նշվեց պարի միջազգային օրը

1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (CID) նախաձեռնությամբ ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր։ Ամսաթիվն առաջարկել է պարուսույց Պյոտր Գուսևը։ Իսկ օրը ևս պատահական չի ընտրվել. ապրիլի 29-ին է ծնվել ֆրանսիացի պարուսույց, բալետի տեսաբան, ռեֆորմատոր Ժան Ժորժ Նովերրը (1727-1810 թթ.), որը պատմության մեջ հայտնի է որպես «ժամանակակից բալետի հայր»։ Նովերն առաջինն էր, որը սկսեց ինքնուրույն պարային ներկայացումներ բեմադրել։

Պարի միջազգային օրվա առթիվ Հայաստանում մասշտաբային տոնական հանդիսություն էր կազմակերպվել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ տարբեր պարային խմբերի, պետական անսամբլների մասնակցությամբ։ Միջոցառման մեկնարկը տրվեց կարմիր գորգի արարողությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր նորաստեղծ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամի հետ համատեղ։ Ելույթներով հանդես եկան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն», Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի և Պարի պետական անսամբլները, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջը և Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ազգային բալետային խումբը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին տեսաշարեր՝ նվիրված պարարվեստի ոլորտի նվիրյալներին։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ հղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, այս օրը հրաշալի առիթ է` մեծարելու պարը՝ արվեստի այն ճյուղը, որը միավորում է մարդկանց հանուն խաղաղության և բարեկամության, որը հասկանալի է բոլորին՝ անկախ կրոնական և ազգային պատկանելությունից։ Պատահական չէ, որ Այսիդորա Դունկանը պարը նույնականացնում էր զգացումի հետ՝ «Պարելը զգացում է, զգացումը տառապանք, տառապանքը սեր: Դուք սիրում եք, տառապում և զգում եք: Դուք պարում եք», իսկ ամերիկյան ժամանակակից պարի հիմնադիր Մարթա Գրեմը պարը համարում էր «հոգու թաքնված լեզու»»,- ասում է նախարարը։

Նախարարի խոսքով՝ պարի միջազգային օրը առիթ է` մեկ անգամ ևս ամփոփելու և արժևորելու պարարվեստի ոլորտում կատարած աշխատանքը, հիշելու ոլորտի երախտավորներին և անդրադառնալու նրանց թողած ավանդին: Պարը մշտապես ուղեկցել է հայ մարդուն՝ արտացոլելով նրա ձգտումները, զգացումները, սերը ծննդավայրի և ազգային սովորույթների նկատմամբ: Մշակութային քաղաքականության համատեքստում պետությունը բազում ծրագրերով աջակցում է ազգագրական և ժողովրդական համույթների գործունեությանը, բալետային ներկայացումների, ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների իրականացմանը, ազգային պարարվեստը միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելուն, ինչպես նաև՝ երիտասարդ կատարողների և պարուսույցների խրախուսմանը:
«Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում ստեղծագործական բերկրանքի բազում պահեր, նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ։ Վստահ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի անունը, և այն ավելի ու ավելի հաճախ է հնչելու աշխարհի ամենատարբեր բեմահարթակներից»,- ասում է նախարարը։

 Տոնի առթիվ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները օպերայի և բալետի ազգային թատրոնում ներկայացան քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանի` «Վերադարձ արմատներին» նոր բեմադրությամբ։ Խորհրդանշական օրվա ընթացքում ԵԹԿՊԻ-ի ինստիտուտի մուտքի դիմաց տեղի ունեցավ մեծամասշտաբ պարային ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցում էին բուհի Խորեոգրաֆիայի ամբիոնի սաները։

Պատմական ակնարկ պարի մասին

Պարը մարդկությանը հայտնի հնագույն արվեստներից է, որը միավորում է մարմինն ու հոգին, արտահայտում վերջինիս նուրբ ընկալումները։ Վաղագույն շրջաններում պարը ծեսերի մաս էր կազմում, այն ուղեկցում էր բնության փոփոխություններն ու երևույթները բնութագրող բոլոր նշանակալից իրադարձությունները։
Մշակութային ու ազգային փոխակերպումներին զուգընթաց պարը ևս արտահայտում է յուրաքանչյուր ազգի ավանդույթներն ու պատկերացումները, պարային ավանդույթները։ Այսպիսով` նախնադարյան մարդիկ կարող էին շարժումներով միմյանց փոխանցել իրենց զգացմունքներն ու փորձառությունները: Բացի այդ, պարը կարող էր ներառել խաղային տարրեր, կամ որսորդներն իրենց պարի մեջ հյուսում էին կենդանիներին բնորոշ շարժումները։ Պարային շարժումների վկայությունն են մ.թ.ա. 6-8 րդ դարի ժայռապատկերներին արված պատկերները։ Այդ շրջանում պարի առանձնահատկությունը ծեսերի հետ ամուր կապն էր։ Ոչ մի ծես ամբողջական չէր առանց հատուկ տոտեմական պարի։ Պարերի մասին հիշատակումներ կարելի է գտնել Հին Կտակարանում: Իսկ հնագիտական ​​գտածոները վկայում են այս արվեստի առկայության մասին Հին Եգիպտոսում, որտեղ տարածված էին կանանց խմբային պարերը։ Հարուստ պարային ավանդույթներով հայտնի է նաև Հնդկաստանը, մինչ օրս գոյատևել են ՝ մաքուր պարը (Nritta)  և պատումային պարը ( Nritya ): Nritta-ն մարմնի շարժում է՝ զուգորդված ձեռքի շարժումներով: Նրիտան պար է, որը պատմում է որոշակի պատմություն: Այս պարի համար գրված են հատուկ բանաստեղծություններ։ Հին Հնդկաստանում տաճարներում կատարվող ծիսական պարերը նույնպես կարևոր դեր էին խաղում։ Պարային մշակույթը տարածված է եղել նաև Հեռավոր Արևելքում, օրինակ Չինաստանում մշակվել էր սյուժետային պար, որն անքակտելիորեն կապված էր թատրոնի հետ։ Իսկ անտիկ Հունաստանն, իհարկե, չէր կարող անմասն մնալ պարարվեստի իր առանձնահատկություններով, և հունարեն «Χορός» տերմինից է առաջացել «խորեոգրաֆիա» տերմինը։ Հին Հունաստանում պարը կարևոր դեր է խաղացել հասարակության կյանքում, այստեղ, հին հունական այլ աստվածների հետ միասին մեծ համբավ ուներ պարի մուսա Տերպսիհորան։ Հունաստանում կային պարի մի քանի տեսակներ՝ ծիսական, ռազմական, սյուժետային և ամուսնական։ Տղամարդիկ և կանայք պարում էին առանձին։ Երբ նայում ենք հին հունական ստելաներին, կարմիր կամ սև պատկերազարդ խեցեղենին, այդտեղ պատկերները հրճվում են, ճչում, ուրախանում, ինչն արտահայտվում է պլաստիկ շարժումներով։ Սակայն Միջնադարյան Եվրոպայում, քրիստոնեության գալուստով, պարը սկսեց համարվել հեթանոսական անցյալի վերապրուկ, ինչի արդյունքում ծիսական և ժողովրդական պարերը գրեթե ամբողջությամբ վերանում են։ Այնուամենայնիվ դա ժամանակավոր էր լինելու մինչև 14-րդ դարը, երբ ազնվականության շրջանում լայն տարածում են գտել սալոնային պարերը, որոնք պարում են տիկինն ու պարոնը զույգով։ Վերածննդի դարաշրջանում էլ զարգացել են ինչպես սալոնային, այնպես էլ բեմական պարերը։ Պատմական տարբեր փուլերի ընթացքում պարարվեստում մի շարք նոր ընկալումներ և ոճեր ձևավորվեցին՝ պաշտամունքային և ծիսական պարերին փոխարինեցին ժողովրդական ու սալոնային պարերը, իսկ ավելի ուշ առաջացավ դասական պարը։ Պարի պատմության մեջ նոր էջ էր բացվելու 17-րդ դարում՝ բալետի հայտնությամբ, բալետի առաջին դպրոցի բացմամբ։ Ժամանակի ընթացքում պարը հրապարակներից տեղափոխվեց պալատների սրահներ, այն դարձավ հասարակության իշխող խավի կենցաղի և բարքերի վառ վկայությունը։ 18-րդ դարում ծնվեց վալսը, դրան հաջորդեց պարարվեստի վարպետի՝ պարուսույցի մասնագիտության ի հայտ գալը։ Իսկ ժամանակակից պարի ծագումը կապվում է 1950 ական թվականների հետ, որն իրական հեղափոխություն էր հասարակության կյանքում։ Դրանով փոխվեցին մի շարք արժեքներ՝ ոճից մինչև վարվելակերպ։ Ժամանակակից պարային տեխնիկան կարող է ներառել ժամանակակից բալետը, ժամանակակից պարային տարբեր ոճեր։

            Հետաքրքիր փաստեր պարի մասին

  • Սիրտակի պարըհորինվել է 1964 թվականին «Հույն Զորբա» ֆիլմի համար: Այն երբեք չի պատկանել բուն հունական պարերի շարքին։Ֆիլմի թողարկումից հետո պարը լայն տարածում գտավ հանրության շրջանում և դարձավ Հունաստանի խորհրդանիշներից մեկը։
  • Կոնգոն աֆրո-կուբայական պար է, որտեղ պարողները պետք է հերթ կանգնեն: Համաշխարհային ռեկորդակիր ամենաերկար շարքը եղել է Մայամիում (1988 թ.): Դրա ստեղծմանը մասնակցել է 119986 մարդ։
  • Պարի թանգարան կարելի է այցելել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։Այն իր դռներն այցելուների առաջ բացեց 1953 թվականին։
  • Սանկտ Պետերբուրգում է գտնվում ողջ Եվրոպայում առանց սյուների ամենամեծ պարասրահը։
  • Արգենտինացիներն ու ուրուգվայցիները դեռ վիճում են, թե նրանցից ով է տվել աշխարհին տանգոն՝ աշխարհի ամենասիրված պարերից մեկը։
  • Բրեյքդանսը, որն առաջացել է ԱՄՆ-ում անցյալ դարի 70-ականներին, ճանաչվել է որպես սպորտ և ներառվել Օլիմպիական խաղերի ծրագրում։
  • Բալետը համարվում է պարարվեստի ամենավնասվածքային ձևը։
    Չինաստանում կա ավանդական «Հազար ձեռքերի պարը», որին մասնակցում են 21 պարողներ։ Պարի յուրահատկությունն այն է, որ շարժումների համաչափության պատճառով հանդիսատեսին թվում է, թե պարում է մեկ կին՝ բազմաթիվ ձեռքերով։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 563

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: